Ո՞վ է խառնում մեկ գդալ ձյութը մեղրի տակառին…

ov-e-xarnoum-mek-gdal-cyoute-mexri-takarin

Սեպտեմբերի 7-ին Մոսկվայի տանը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի 872-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացումը: Բարձր մակարդակով կազմակերված բացման արարողությանը ներկա էին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Կազմակերպիչների խոսքերով, այս տարվա միջոցառումները լինելու են աննախադեպ հագեցած և հետաքրքիր՝ համերգներ, ցուցահանդեսներ, տոնավաճարներ և այլն:

Այս ամենն, իհարկե, շատ ողջունելի է, սակայն հիմա ցանկանում եմ անդրադառնալ մի հերթական տհաճ միջադեպի, որից ռուսաֆոբության գարշահոտ էր փչում և որն ակնհայտորեն պատվիրված բնույթ էր կրում: Հանրապետության հրապարակում մի քանի ոչ ադեկվատ վարքով աչքի ընկած քաղաքացիներ փորձում էին խանգարել Մոսկվայի սիմվոլիկայով փոքրիկ ակցիա իրականացնող երիտասարդներին: 

Թե հատկապես ո՞ւմ կողմից էր հրահրվել այս միջադեպը, թող որոշեն համապատասխան մարմինները: Նրանք, իմ կարծիքով, պարտավոր են վարույթ սկսել «մի խումբ անձանց կողմից քաղաքացիների օրինական իրավունքներն իրականացնելուն խոչընդոտելու» հատկանիշներով:

Բայց դա էլ այնքան կարևոր չէ: Վերջին ամիսներին արդեն մի քանի անգամ առիթ եմ ունեցել անդրադառնալ այս թեմային: Չցանկանալով կրկնվել և Ռուսաստանի հետ հարաբերությունների խաթարման վտանգավորության վերաբերյալ հերթական անգամ «լիկբեզ» անց կացնել մեր հասարակության տաք գլուխ կամ անպատասխանատու (օգտագործում եմ ամենամեղմ բնութագրումները) անդամների համար, այնուամենայնիվ, նշեմ մի քանի հանգամանք:

Նախ, ցանկանում եմ հասկանալ այս տհաճ միջադեպի իմաստը: Ցույց տալ, որ Հայաստանում կան հակառուսական տրամադրություննե՞ր: Չկա նման բան: Վառ օրինակ է հանդիսանում այն փաստը, որ վարչապետ Փաշինյանը և նրա թիմը, անկախ իրենց նախկին հայացքներից, ստանալով իշխանական լծակներ, անմիջապես մեր գլխավոր արտաքին դաշնակցի հետ հարաբերություններում  իրատեսական կուրս որդեգրեցին: Ավելին, հայ-ռուսական հարաբերություններն այսօր պաշտոնապես որակվում են աննախադեպ լավ:

Հաջորդը: 200 մլն բնակչություն ունեցող Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում՝ Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ, հայկական համայնքները, շատ դեպքերում տեղի իշխանությունների աջակցությամբ, պարբերաբար իրականացնում են տարբեր տեսակի միջոցառումներ և ակցիաներ և առնվազն տգեղ է այս կերպով պատասխանել դրան:

Եվ վերջին հանգամանքը: Մեր երկրում միշտ էլ տեղի են ունենում Եվրոպայի օրվան, Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի պետական տոներին նվիրված միջեցառումներ, բայց մենք երբեք նման դրսևորումների ականատես չենք լինում: Այդ պարագայում նորից հարց է առաջանում. ի՞նչն է պատճառը: Ո՞ւմ շահերն է սպասարկում մեր միջի այն նեղ խմբակը՝ իր հայտնի մի քանի անդամներով, որը պարբերաբար հրահրում կամ առնվազն խրախուսում է նման տհաճ միջադեպեր: Առաջարկում եմ խորհել այդ մասին:  

Լրահոս

Նմանատիպ նորություններ