Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերը կցուցադրվեն Երևանում (տեսանյութ)

parajanovi-nran-gouyne-filmi-himnakan-montajic-dours-mnacac-kadrere-kcoucadrven-ereanoum-tesanyout

Այսօրվանից «Կինոյի տաճար» ցուցահանդեսի շրջանակներում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերը: «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի շրջանակներում Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ֆիլմը կցուցադրվի «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի նախասրահում:

Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքով, ցուցադրությանը զուգահեռ կինոսրահում կներկայացվի նաև Ռուբեն Գևորգյանցի՝ Փարաջանովի կյանքի եզակի դրվագները պատկերող «Աշխարհումս» վավերագրական ֆիլմը:

 

Փարաջանովի մասին պատմող վերոնշյալ ֆիլմը Ռուբեն Գևորգյանցը նկարել է 1979 և 1989 թվականներին: Ֆիլմի ակունքներում կանգնած արվեսագետները բացատրում են, թե ինչու է արտադրության երկու թիվ նշվում՝ Փարաջանովին վերաբերող ամեն մի շարժ այն տարիներին վերահսկվում էր պետական մարմինների կողմից և արգելված էր ցանկացած նախաձեռնություն: Այդ պատճառով նկարահանումները կատարվել են գաղտնի և տևել են շատ երկար: Կինո-էսսեն պատմում է բանտից ազատվելուց հետո Փարաջանովի թբիլիսյան առաջին օրերի մասին:

Ֆիլմերի ռեստավրատոր Դանիել Բըրդը նշում է, որ այն կադրերը, որոնք հիմնական ֆիլմում չկան, բայց պահպանվել են, շատ կարևոր են. «Մենք ունենք Մատենադարան, որտեղ պահպանվում են մեր ձեռագրերը, որոնք շատ արժեքավոր են: Կարող եմ ասել, որ այս կադրերը նույնպես շատ կարևոր ու արժեքավոր են, ինչո՞ւ չներկայացնենք դրանք նույն հարգանքով ու հուզմունքով, ինչպես ներկայացնում ենք Մատենադարանի ձեռագրերը»:

Դանիել Բըրդը նաև ընդգծում է, որ այս տեսակ ֆիլմի ցուցադրության համար շատ կարևոր էր նաև տեղի ընտրությունը: Նա նշում է՝ ֆիլմը կոչվում է «Կինոյի տաճար» և ցուցադրության վայրն էլ պետք է եկեղեցու նման լիներ, իսկ «Ռոսիա» կինոթատրոնում կան վիտրաժներ, որոնք եկեղեցու տպավորություն են ստեղծում:

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ