Փարաջանովն առանձնապես չէր սիրում իր ծնունդը նշել այս օրը. Զավեն Սարգսյան

parajanovn-arancnapes-cer-siroum-ir-cnounde-nsel-ays-ore-zaven-sargsyan

Նա իր վերջին ծնունդի օրն արդեն հիվանդ էր, դա ավելի շատ տխուր օր էր: Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է և նրա մասին հիշողություններով ՀԱՅ ՁԱՅԱՆ-ի հետ կիսվեց Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

Զավեն Սարգսյանը հիշում է. «Ես իր վերջին ծննդյան օրը եղել եմ իր հետ, այդ ժամանակ նա արդեն հիվանդ էր, դա ավելի շատ տխուր օր էր, և նա առանձնապես չէր սիրում իր ծնունդը նշել այս օրը: Նշում էր տղայի ծննդյան օրը՝ նոյեմբերի 10-ին, բայց կարծում եմ, որ այսօր շատ ուրախ կլիներ, որ իմանար՝ ամենից սիրված, ամբողջ աշխարհում ամենահայտնի թանգարաններից մեկում՝ Ստամբուլի «Պերա» թանգարանում իր ցուցադրությունն է կայանում: Հատկապես, ուրախ կլիներ նրա համար, որ այն Ստամբուլում է կազմակերպվում, որտեղ նա եղել է 89 թվականին և կինոփառատոնի ժամանակ մրցանակ է ստացել ու 30 տարի անց այնտեղ իր ցուցադրությունն է բացվել»:

Մեր զրուցակիցը նաև պատմում է, որ այդ օրը եկել էին Փարաջանովի ընկերները, նրա կինը, իսկ ծննդյան օրվա գլխավոր ուտեստը հայկական տոլման է եղել. «Այդ օրը բավականին ընկերներ եկան, իր կինը եկավ Կիևից, Երևանից ահագին մարդիկ կային, Միշա Վարդանովի կինն էլ երկու կաթսա տոլմա էր եփել՝ մեկը թփով, մյուսը՝ կաղամբով»:

Զավեն Սարգսյանը նկատում է, որ Փարաջանովի շուրջը միշտ տոն էր, իսկ նրա հետ հանդիպումը՝ իսկական իրադարձություն. «Եթե մեկը նրան մեկ անգամ տեսել է, ամբողջ կյանքի ընթացքում միշտ կհիշի, որովհետև նա հենց այնպես բաներ չէր անում, նրա ամեն մի խոսքը, քայլը, ամեն մի շարժուձևը ներկայացում էր»:

Նշենք, որ այս օրերին Ստամբուլի «Պերա» գեղարվեստական թանգարանում Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես է գործում, որը բացվել էր դեկտեմբերի 12-ին: Սա վերջին՝ մոտ 30 տարվա ընթացքում Փարաջանովի ամենամեծ ցուցադրությունն է: Այն տևելու է մինչև 2019 թվականի մարտի 17-ը: Իսկ Հայաստանում Փարաջանովի թանգարանը ինչպես առաջին տարիներին, այսօր ևս մնում է ամենաշատ այցելություններ ունեցող թանգարաններից մեկը: Ինչպես նշում է Զավեն Սարգսյանը՝ այցելուների թվում հիմնականում զբոսաշրջիկներ են:

Հ. Գ.

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։ Իոսիֆը մինչհեղափոխական շրջանի Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից մեկն էր համարվում․ բացի հնավաճառական խանութից, ուներ նաև մի քանի այլ հաստատություններ՝ այդ թվում՝ «Ընտանեկան անկյուն» անվամբ հասարակաց տուն։ Ամուսնու եկամտաբեր բիզնեսին մասնակցում էր նաև կինը՝ Սիրանը, ով անձամբ էր աղջիկներ ընտրում հասարակական տան համար։ 1942 թվականին Սերգեյ Փարաջանովը ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ստանում է ավարտական վկայական և ընդունվում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց Փարաջանովը հասկացավ, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռացավ ինստիտուտից և ընդունվեց միանգամից 2 բուհ՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժինը և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը։

1945 թվականին տեղափոխվեց Մոսկվայի կոնսերվատորիա՝ Նինա Դորլիակի դասարան։ Կոնսերվատորիայում սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թվականին ընդունվեց նաև Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։ Սկզբնական շրջանում սովորում էր Իգոր Սավչենկոյի, իսկ վերջինիս մահից հետո՝ Ալեքսանդր Դովժենկոյիարվեստանոցում։ Այս արվեստանոցում են սովորել նաև շատ այլ հայտնի ռեժիսորներ՝ Ալեքսանդր Ալով, Վլադիմիր Նումով, Յուրի Օզերով, Մարլեն Խուցիև, Ֆելիքս Միրոներ, Հենրիխ Գաբայ, Նիկոլայ Ֆիգուրովսկի, Լատիֆ Ֆայզիև և Գրիգոր Մելիք-Ավագյան: Ուսանողները ակտիվորեն մասնակցում էին իրենց ուսուցչի՝ Ի․ Սավչենկոյի ֆիլմերի նկարահանումներին՝ 1948 թվականին՝ «Երրորդ հարվածը» և 1951թվականին՝ «Տարաս Շևչենկո» ֆիլմերին։ 1949 թվականին սկսեց աշխատել Կիևի Դովժենկոյի անվան ստուդիայում որպես ռեժիսորի օգնական, որտեղ աշխատեց մինչև 1960 թվականը:

Փարաջանովը ՎԳԻԿ-ն ավարտեց 1951 թվականին։ Նրա դիպլոմային աշխատանքը կարճամետրաժ «Անդրիեշ» ժապավենն էր։ Չորս տարի անց նա ռեժիսոր Յակով Բազելյանի հետ Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանեց նույն սյուժեով, նույն անվամբ ֆիլմի լիամետրաժ տարբերակը։ Դիպլոմային աշխատանքի ժամանակ Փարաջանովի՝ մոլդովական ֆոլկլորին անդրադառնալը պատահական չէր։ ՎԳԻԿ-ում ուսանելու տարիներին Սերգեյը սիրահարվեց Նիգյարին՝ թաթար մի աղջկա, ով ծնունդով Մոլդովայից էր։ Նրանք պատահական ծանոթացել էին հանրախանութում։ Մի քանի ամիս տևած սիրավեպն ավարտվեց ամուսնությամբ, սակայն նրանց երջանկությունը երկար չտևեց։ Նիգյարը նահապետական հայացքներ ունեցող ընտանիքից էր, որտեղ չափազանց խիստ նորմեր էին իշխում։ Երբ աղջկա եղբայրները Մոսկվա եկան և իմացան, որ նա առանց հարազատներին տեղյակ պահելու ամուսնացել է, Փարաջանովից խոշոր գումար պահանջեցին։

Ուսանող Փարաջանովն այդքան գումար չուներ, սակայն խոստացավ վճարել՝ հույսը դնելով հոր օգնության վրա։ Նույն օրը Սերգեյը հորը նամակ ուղարկեց, որտեղ աղաչում էր հորը իրեն տալ պահանջվող գումարը՝ պարտավորվելով ժամանակի ընթացքում անպայման վերադարձնել։ Սակայն Իոսիֆը շատ էր վիրավորվել որդուց նրա համար, որ վերջինս արհամարհել էր ընտանեկան ավանդույթը, չէր գնացել հոր մասնագիտական ուղով և մերժեց։ Աղջկա հարազատները պահանջեցին նրանից հեռանալ ամուսնուց և վերադառնալ հայրենիք։ Նիգյարը հրաժարվեց և հարազատները, համաձայն իրենց նահապետական բարքերի, նետեցին վերջինիս գնացքի տակ։ Մոլդովական թեմային անդրադառնալը հիշատակի տուրք էր սիրելի կնոջը, ում Փարաջանովը չմոռացավ մինչև կյանքի վերջ, թեև արտաքուստ նրա անձնական կյանքն այդ ողբերգությունից հետո բավականին լավ էր դասավորվում։

1950-ական թվականների կեսերին լինելով Կիևում, ամուսնացավ Սվետլանա Շչերբատյուկի հետ, ով 2 տարի ապրել էր Կանադայում: Ծնվեց նրանց որդին՝ Սուրենը, ով մոր պես շիկահեր էր և Փարաջանովին շատ քիչ էր նման։ Սերգեյին շատ դժվար էր ապրել ընտանիքում։ Նա անկանխատեսելի, տարօրինակ մարդ էր։ Երբ սկսվում էին Փարաջանովի խենթությունները, Թբիլիսիիհարևաններն ասում էին․ «Խենթն ազատության մեջ է»:

Նա ստիպում էր կնոջը ևս մասնակցել իր խենթություններին․ պահանջում էր, որ վերջինս խնձորները մաքրի յուրահատուկ ձևով, կոտլետներն ափսեի մեջ դնի յուրահատուկ ձևով, բաժակը սեղանին դնի յուրահատուկ ձևով։ Սվետլանա Շչերբատյուկն այդպես էլ չկարողացավ հարմարվել ամուսնու խենթություններին և 1961 թվականին վերցնելով որդուն՝ հեռացավ տնից:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ