Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Պարոնայք իշխանավորներ, ոչ թե Արցախի ժողովուրդ, այլ՝  հայ ժողովուրդ

paronayq-isxanavorner--oc-te-arcaxi-joxovourd--ayl-hay-joxovourd

Արցախյան հիմնախնդիրը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է: Արդեն գրեթե 30 տարի: Ու շարունակում է մնալ այդպիսին: Սա նշանակում է, որ Ղարաբաղի հարցի շուրջ մեր երկիրը կենտրոնացնում է իր քաղաքական, դիվանագիտական ներուժը, իր տնտեսական ու ռազմական ռեսուրսները: Թե որքան նպատակային կծառայեն ու որքան արդյունավետ կլինեն այդ բոլոր ծախսվող ռեսուրսները և ջանքերը, կգա ժամանակ` ցույց կտան պատմության դասագրքերը կամ աշխարհագրության քարտեզները:

Բայց ներկա փուլում վերոթվարկյալներից բացի կա նաև մեկ այլ գործիք, մեթոդ, ռեսուրս կամ ինչպես ուզում եք անվանեք, որի վրա էլ ցանկանում ենք հրավիրել հատուկ ուշադրություն: Խոսքը հռետորաբանության մասին է՝ ուղղված, թե ներքին, թե արտաքին լսարանին: Հարկավոր է շեշտել, որ կիրառվող հռետորաբանության կոպիտ սխալները կարող են հանգեցնել այնպիսի անդառնալի հետևանքների ու ծանր կորուստների, որոնք կտապալեն դիվանագիտական ու քաղաքական ձեռքբերումները:

Հետևաբար, արձանագրենք, որ ՀՀ իշխանությունների կողմից Արցախի հարցում կիրառվող հռետորաբանությունը պիտի լինի հմուտ հեռատեսություն` ծայրաստիճան հղկված ու մշակված: Ամեն բառը, նույնիսկ տառն ու ստորակետը, պիտի ունենան իրենց կոնկրետ առաքելությունը: Մինչդեռ, վերջին ժամանակներում նկատվում է այդ հռետորաբանության սարսափելի անկում: Արդեն նշմարվում են այնպիսի վտանգներ ու վնասներ, որոնց դեմը, եթե շտապ չառնվի, ապա Հայաստանի ու Արցախի հայությունը մոտ ապագայում կբախվի լրջագույն աղետի: Այո, Հայաստանի ու Արցախի հայության տարանջատումը, երկու հանրությունների միջև ջրբաժան դնելը, մենք համարում ենք աղետալի հետևանքներով հղի անխոհեմություն:

Իսկ ինչո՞ւ և ինչպե՞ս է առաջացել այս մտավախությունը: Պատճառը ՀՀ քաղաքական վերնախավի տարբեր անդամների կողմից հաճախ հնչող ձևակերպումներն են, ըստ որոնց, գոյություն ունի Արցախի ժողովուրդ և Հայաստանի ժողովուրդ: Այս վտանգավոր թեզը համառաբար, թե հիմարաբար խորացնում են իրենց հռետորաբանության մեջ ու քաղցկեղի պես սաղմնավորում հանրային գիտակցության մեջ: Անհեթեթությունը հասել է նույնիսկ այնտեղ, որ որոշ իշխանավորներ Հայաստանի ու Արցախի հայությանը հռչակում են «եղբայր ժողովուրդներ»:

Պարոնա'յք, եղբայր ժողովուրդներ են թուրքերը և ադրբեջանցիները: Ինչո՞ւ եք փորձում այդ մոդելը քարոզել Հայաստանի ու Արցախի համապատկերում: Հասկանո՞ւմ եք գոնե, որ քաղաքական այդպիսի հռետորաբանությամբ վիճակը հասցնում եք ներհայկական աբսուրդի ու միջազգային խայտառակության: Վե'րջ տվեք:

Ղարաբաղի հարցի մասին խոսող օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչները նախ պարտավոր են ունենալ տարածական, մասշտաբային մտածողություն, որպեսզի նախքան խոսելը հասկանան իրենց ասածների հետևանքները թե' ժամանակի մեջ, թե' հարակից հարցերում: Իսկ եթե չունեն այդ որակը, ուրեմն, թող պահպանեն լռություն: Այլապես արցախայությանն ու Հայաստանի հայությանը քաղաքական հռետորաբանությամբ տարանջատելը այլ բան չի դիտվի, քան դիվանագիտական գրոհ՝ մեր իսկ ձեռքով, մեր ազգային շահի դեմ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ