Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Պարտքս եմ համարում շարունակել հորս կիսատ թողած գործը. «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու

partqs-em-hamaroum-sarounakel-hors-kisat-toxac-gorce-im-qayle-dasinqi-patgamavori-teknacou

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է Էջմիածնի փոխքաղաքապետ, անկուսակցական Արգիշտի Մեխակյանը, որն Արմավիրի մարզի «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ընտրակարգով առաջադրված 14 թեկնածուներից մեկն է:

-Աշխատել եք պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիների համակարգում, այժմ Էջմիածնի փոխքաղաքապետն եք: Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել, որպես պատգամավորի թեկնածու:

-Ճիշտ եք, մոտ 6 տարի աշխատել եմ պետական համակարգում: Սկզբում Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի օգնականի, այնուհետև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի օգնականի պաշտոնն էի զբաղեցնում: Մարսնագիտությամբ տնտեսագետ եմ և իմ փորձն ու գիտելիքները պատրասվում եմ ներդնել հանուն իմ երկրի զարգացմանն ու ժողովրդի բարեկեցությանը: Այս նպատակադրմամբ էլ առաջադրվել եմ որպես պատգամավորի թեկնածու:

-Առաջադրվել եք Արմավիրի մարզում, ու որպես տեղի բնակիչ շատ լավ գիտեք, ծանոթ եք համայնքի խնդիրներին, որոնք հուզում են մարզի բնակիչներին: Ըստ Ձեզ, որո՞նք են դրանցից առաջնային ու հրատապ լուծում պահանջողները:

-Մեր մարզը համարվում է ավելի շատ գյուղատնտեսական մարզ, և խնդիրներն հիմնականում այդ ոլորտներում են, բայց կան խնդիրներ, որոնք բացահայտում ենք քարոզարշավի ընթացքում, համայնքներում շրջելիս, և որոնք էլ՝ իսկապես կարևոր ու առաջնային են: Կան համայնքներ, որտեղ, օրինակ՝ զարգացած է ջերմոցային տնտեսությունը, բայց մարդիկ նույնիսկ բնական գազ չունեն՝ Արաքս, Մեծամոր և Հայկաշեն համայնքների մասին է խոսքը: Արմավիր քաղաքում, հարակից գյուղական համայնքերում կա խմելու, ոռոգման ջրի խնդիր: Մարդիկ գյուղմթերքը իրացնելու հետ են խնդիր ունենում: Պետք է օրենսդրական նպաստավոր պայմաններ ստեղծվեն, որպեսզի գյուղմթերիքի վերամշակումը զարգանա, ավելի պլանավորված լինի գյուղմթերքի արտադրությունը և գյուղացին ավելի ապահովված լինի:

Շատ կարևոր է հակակարկտային համակարգի խնդիրը, որը ներառված է նաև մեր ծրագրում: Առաջնային խնդիրներից է նաև միջհամայնքային, ներհամայնքային վատ ճանապարհների հարցը, համայնքներում մանկապարտեզների, դպրոցների անմխիթար վիճակը:

- Ինչպես Երևանի ավագանու ընտրություններում, այնպես էլ հիմա ՝ քաղաքական ուժերը չեն անդրադառնում ծրագրային դրույթներին, նորից օգտագործվում է մեկմեկու վրա ցեխ շպրտելու, մինչև վերջ սևացնելու տեխնոլոգիաները: Արմավիրում ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը:
- Կոնկրետ մեր մարզում, երբ համայնքերում հանդիպումներ ենք ունենում բնակիչների հետ, մարդիկ ավելի շատ բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին, քանի որ, եթե մարդը չունի բնական գազ, չունի խմելու ջուր, չի կարողանում իր բերքը իրացնել՝ իրեն այդքան էլ չի հետաքրքրում քաղաքական այս կամ այն ուժի ծրագրային դրույթները: Իրենց հետաքրքրում է, թե ինչպե՞ս, ինչքա՞ն ժամանակում կարող ենք այս խնդիրները լուծել: Ինչ վերաբերում է մրցակցությանը՝ այն բավականին թեժ է, բայց ուզում եմ մի կարևոր հանգամանք ընդգծել, որ ընտրապայքարն անցնում է քաղաքակիրթ պայմաններում:

-Ո՞ր թեկնածուներին եք համարում Ձեր հիմնական քաղաքական հակառակորդը:

- Կոնկրետ անուններ տալ չեմ կարող, բայց ռեյտինգային համակարգը որոշակի դժվարություններ է առաջ բերում: Նախկինում կային որոշակի կլաններ և հեղինակություններ, որոնց շուրջ էլ ծավալվում էին ընտրությունները: Այժմ, երբ արդար և թափանցիկ ընտրություններ են անցկացվելու՝ թեժ մրցապայքար է ո՛չ միայն այլ կուսակցությունների ներկայացուցիչների միջև, այլև ամեն մի կուսակցության ներսում, քանի որ մեկ քաղաքական ուժից առաջադրված են մի քանի թեկնածուներ: Ռեյտինգային համակարգի արդյունքում նաև ներկուսակցական պայքար է ընթանում, դա լավ է, բայց բնակիչներին երբեմն ձանձրացնում է: Այստեղ բախվում ենք ռեյտինգային համակարգի վատ կողմերին:

Մեր մարզում 14 հոգի առաջադրված է «Իմ քայլը» դաշինքից: Երբեմն գնում ես բնակչի հետ հանդիպման, մի կողմից ուզում է քեզ հետ զրուցել, մյուս կողմից, ասում է՝ գիտեք, «Իմ քայլից» արդեն 7 հոգի եկել է: Այս հանգամանքը ձանձրացնում է բնակիչներին, որովհետև մեկ թիմից ներկայացած թեկնածուների գաղափարները, ծրագրերը նույնն են:

Իսկ «Իմ դաշինքի» նախընտրական ծրագիրը շատ լավն է, ամբողջությամբ համահունչ է իմ մտածելակերպին և պատկերացումներին:

-Դուք՝ ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների ասպետ Մեխակ Մեխակյանի որդին եք, Ձեր հայրը եղել է այն 60 նվիրյալներից մեկը, որոնք իրենց կյանքի գնով ազատագրեցին Մատաղիսն ու Թալիշի ռազմավարական բարձունքները: Այս առումով, Ձեր պատասխանատվությունը մեծ չէ՞:
-Իմ հայրն իր կյանքն է տվել հանուն մեր պետության ստեղծման, և ես իմ պարտքն եմ համարում նրա կիսատ թողած գործը շարունակել: Դա մեծ պարտավորություն է և ես շատ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում այս ամենին:

Նախկին իշխանության տարիներին, ինչպես տնտեսության բոլոր ոլորտներում, այնպես էլ քաղաքական դաշտում, գաղջ մթնոլորտ էր տիրում, շատերը, այդ թվում նաև ես՝ իմ գաղափարներն իրացնելու խնդիր ենք ունեցել։ Նման իրավիճակում, երբեք ցանկություն չեմ ունեցել ներգրավվել քաղաքականության մեջ: Բայց թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո, որոշեցի իմ ամբողջ գիտելիքները ներդնել ի շահ մեր ժողովրդի:

- Ձեզ չի մտահոգո՞ւմ, որ Արցախի թեման այսքան շահարկվում է քարոզարշավի ընթացքում, մասնավորապես հասարակության շրջանում մեծ վրդովմունք առաջացրեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի հայտարարությունը, որում վերջինս ասում էր՝ հեղափոխությունը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը: Որպես ազատամարտիկի որդի ի՞նչ գնահատական կտաք այդ հայտարարությանը:

-Այս հարցին կփորձեմ չպատասխանել, քանի որ խոսքերի ենթատեքստը չեմ հասկացել: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Սասուն Միքայելյանն անձամբ տա այդ հայտարարության մեկնաբանությունը:

- Արգիշտի, ինչո՞ւ պետք է ընտրողն իր ձայնը տա Ձեզ:

-Արմավիրում շատ շատերն իմ ընտանիքին լավ են ճանաչում, գիտեն ես ինչպիսի դաստիարակություն և կրթություն եմ ստացել, ինչով եմ զբաղվել այս տարիների ընթացքում։ Կարծում եմ, որ պետք է ընտրեն ինձ, քանի որ ազնվորեն ամբողջ գիտելիքներս ու ներուժս պատրաստվում եմ ներդնել ի շահ մեր երկրի և մեր ժողովրդի բարօրության:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ