Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան

Փաշինյան-Ալիև հանդիպմանը սպասելիս

pasinyan-alie-handipmane-spaselis

Ինչպես արդեն հայտնի է երկու օրից Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում տեղի կունենա Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Սա երկու երկրների նախագահների առաջին հանդիպումն է, որը կազմակերպվում է ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների կողմից։

Հիշեցնենք, որ մինչ այդ կայացած հանդիպումները տեղի էին ունենում «պատահականության» սկզբունքով, ինչը «վերելակային բանակցություններ» անվանումն էր ստացել։ Այսինքն, կարելի է ասել, որ սա առաջին «պաշտոնական» հանդիպումն է, որի քննարկման հիմնական թեման, ինչպես հայտնի է, լինելու է բանակցություններին Արցախի մասնակցության հարցը։

Այս առումով, թերևս հիմնական հարցն այն է, թե ինչպե՞ս են կողմերը պատրաստվել սպասվող հանդիպմանը, ի՞նչ առավելություններ, ի՞նչ թերություններ են ի հայտ գալիս։ «Հայ ձայն» լրատվականն արդեն անդրադարձել է այդ զարգացումներին, որոնք տեղի են ունենում Արցախի շուրջ։

Մասնավորապես, հայտնի է, որ բանակցություններում կարևոր է ոչ միայն կողմերի դիրքորոշումները, այլև այն էմոցիոնիալ ֆոնը, որը ստեղծվում է այդ պետություններում՝ նման հանդիպումներից առաջ։ Մասնավորապես, ինչպես հայտնի է Ադրբեջանը մի քանի օր առաջ Արցախի մոտակայքում մեծամասշտաբ զորավարժություններ էր իրականացնում, ինչը շատերը գնահատում էին, որպես բանակցային գործընթացի «նախապատրաստում»։

Այսինքն, այս «նախապատրաստությունը» իր մեջ հստակ սպառնալիք է պարունակում, ինչը ուղեկցվում է նաև շփման գծում Ադրբեջանի կողմից դիրքերի առաջ մղման փորձերով։ Գաղտնիք չէ, որ առաջ մղման այդ գործընթացը հանդիպում էր հայկական կողմի դիմադրությանը, սակայն, Ադրբեջանը այս գործընթացում նախաձեռնող կողմ է, իսկ Հայաստանը պաշտպանվող։

Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքը, ցավոք սրտի, այդպես էլ չարժանացավ Հայաստանի քաղաքական իշխանության գնահատականին, ինչը թուլացնում է հայկական կողմի դիրքերը բանակցություններից առաջ։ Իսկ հզոր բանակի առկայությունը ուժեղացնում է բանակցող կողմի դիրքերը՝ ցանկացած հանդիպումից առաջ։

Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ հնչել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Արցախյան խնդրի վերաբերյալ, որը դժվար է գնահատել նույնիսկ չեզոք, և որը նույնպես չարժանացավ քաղաքական իշխանության գնհատականին։ Հիշեցնենք, որ 1996թ․ Լիսաբոնյան հայտնի գագաթաժաղովից հետո սա առաջին հայտարարություն էր, որը արժանանում է պաշտոնական Բաքվի դրական արձագանքին։

Այսպիսով, Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ տեղի են ունեցել զարգացումներ, որոնք որոշակի նախաձեռնողական ակտիվություն է տվել պաշտոնական Բաքվին, իսկ Երևանը ավելի պաշտպանողական և պասիվ դիրքերում է։ Այս պայմաններում շատ կարևոր է Փաշինյանի և նրա շրջապատի ու ՀՀ դիվանագիտական կորպուսի ճիշտ ու գրագետ աշխատանքը՝ հանդիպումը պատշաճ մակարդակով անցկացնելու և Արցախյան հարցում հայկական կողմի դիրքորոշումը ամրապնդելու համար։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ