Փաշինյանը չի ասում, թե ինքը Պապ թագավորն է. քաղտեխնոլոգը՝ ՀՀ վարչապետի պատմական մեջբերման մասին

pasinyane-ci-asoum--te-inqe-pap-tagavorn-e-qaxtexnologe-hh-varcapeti-patmakan-mejberman-masin

Օրերս Իրան կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում զուգահեռներ տարավ Պապ թագավորի ժամանակաշրջանի և ներկայի միջև, իսկ վերջում ավելացրեց՝ «թույլ չտանք Պապ թագավորի սպանությունը՝ ամենամեծ դավադրությունը մեր ժողորդի նկատմամբ»:

Վարչապետի այս հայտարարությունը մի քանի օր է՝ հայաստանյան մեդիադաշտում քննարկման առարկա է դարձել: Կարծիքներ են հնչում, թե Նիկոլ Փաշինյանը իրեն համեմատում է Պապ թագավորի հետ և վտանգներ տեսնում իր անձի նկատմամբ:

Հարցի առնչությամբ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը զրուցել է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի հետ:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղերձ էր պարունակում վարչապետի ելույթի այս հատվածը և ու՞մ էր այն ուղղված:

-Այս շրջանում ընթանում է լուրջ PR արշավ իշխանությունների դեմ, որը մի քանի ուղղություններ ունի: Նախ, սկզբնական թիրախ ընտրվեց և շրջանառության մեջ դրվեց այն գաղափարը, թե վարչապետ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի, այսպես ասած, կրեատուրան ( դրածո) է, կամ այլ կերպ ասած՝ նույն Տեր-Պետրոսյանն է, պարզապես այլ դեմքով է հանդես գալիս: Այսինքն, արշավ էր տարվում՝ նույնականացնելու համար առաջին նախագահին և գործող վարչապետին, ինչը առաջին նախագահի կողմից կանխվեց: Առաջին նախագահը ցույց տվեց, որ ինքը և Փաշինյանը ունեին որոշակի հարաբերություններ նախկինում, բայց հիմա տարբեր քաղաքական ուղղվածության ներկայացուցիչներ են:

PR արշավի երկրորդ ուղղությունը միտում ուներ Փաշինյանի թիմակիցներին բաժանելու հեղափոխականների և սորոսականների: Հիմա դուք տեսնում եք, որ տարբեր լրատվամիջոցներ այն մոտեցումն են առաջ տանում, թե իբր պառակտում կա իշխանական թիմում, և ամեն մի թևը փորձում է իշխանությունից հեռացնել մյուսին: Այստեղ պատճառ են բերում վարչապետին կից Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի և ԱԱԾ-ի միջև տեղի ուենցող ինչ-որ հարցեր:

Կարելի է նաև այլ PR արշավներ նկատել, որոնք այս պահի դրությամբ իրականացվում են նախկին իշխանության կողմից, բայց նախկին իշխանություն ասելիս չպետք է նկատի ունենանք միայն հանրապետականներին, այլ ընդհանրապես՝ իշխանության տարբեր սեգմենտների:

Ավելին՝ մենք կարող ենք տեսնել, որ այդ PR արշավը ոչ միայն Հայաստանում է տարվում, այլ առաջին անգամ բացահայտ արշավ իրականացրեցին ռուսական հեռուստաընկերությունները: Նոյեմբերին Հայաստանում տեղի ունեցած սեմինարը, որին մասնակցել էին ռուս երիտասարդները, ռուսական հեռուստաընկերությունները ներկայացրեցին այնպես, իբր Հայաստանը հեղափոխականներ է պատրաստում Ռուսաստանի համար: Հայաստանի նախկին իշխանություններն էլ արագ որսացին դա և դրեցին շրջանառության մեջ:

Ըստ իս՝ վարչապետի ելույթը հենց այս իրավիճակին էր վերաբերում: Նա ցանկանում էր ցույց տալ, որ ընդդիմության գործառույթը չպետք է վերածվի այն իրավիճակին, որը եղավ Պապ թագավորի ժամանակ, չմոռանանք, որ Պապ թագավորը զոհ գնաց Բյուզանդիայի կողմից կազմակերպված դավադրությանը: Այսինքն, Փաշինյանը ցույց տվեց, որ ընդդիմությունն անհրաժեշտ է, սակայն չպետք է վերածվի այլ երկրների համար, այսպես ասած, հինգերորդ շարասյունի: Կարծում եմ՝ այս կոնտեքստում էր վարչապետի ելույթը:

-Դուք նշեցիք մի շարք փաստեր, որոնք օգտագործվել են վարչապետի դեմ իրականացվող PR արշավում, սակայն PR-ի օրենքների համաձայն՝ արշավը չի կարող հիմնված լինել կեղծ փաստերի վրա:

-Կարող է: PR արշավի կարևոր տարրերից մեկը կոմպրոմատը շրջանառության մեջ դնելն է, իսկ կոմպրոմատը լավ մշակված տեխոնոլոգիա է, որը տարբեր ձևերով է օգտագործվում: Կոմպրոմատ կարող է համարվել գոյություն ունեցող ինչ-որ փաստ, ասենք, մի ինֆորմացիա, որը անձը թաքցրել է, և դուք դնում եք շրջանառության մեջ, բայց կարող է լինել նաև կոմպորմատ՝ հիմնված ստի վրա, որը ևս դրվում է շրջանառության մեջ և օգտագործվում PR արշավում: Օրինակ, երբ ասում են, որ հեղափոխականների ու սորոսականների միջև պայքար է առաջացել, դա նպատակ ունի կիսել վարչապետի քաղաքական հենարանը, և ոչ միայն կիսել, այլև իրար դեմ դուրս բերել նրանց:

-Երբ Փաշինյանը հայտարարում է, որ չպետք է թույլ տանք Պապ թագավորի սպանությունը, և իրավիճակների համեմատություն է իրականացնում, արդյո՞ք, կարելի է եզրակացնել, որ նա վտանգ է տեսնում իր անձի հետ կապված:

-Չեմ կարող ասել՝ նա վտանգներ տեսնում է, թե ոչ, բայց հաշվի առնելով, որ նա ժամանակին լրատվական թերթի ղեկավար է եղել, հասկանում է լրատվության դերը ներքաղաքական կյանքում, որոշակի եզրահանգման է եկել: Բնականաբար նա հասկանում է, որ եթե ժամանակին ինքը մեկ թերթով կարողանում էր պրոբլեմներ ստեղծել իշխանության համար, ապա հիմա, երբ բոլոր հեռուստաընկերությունները ընդդիմադիր են կամ անկախ են իշխանություններից, երբ նախկին իշխանական շահերը ներկայացնող քաղաքական ուժերը բազմաթիվ մեդիառեսուրսներ ունեն, դրանք աշխատում են հենց իր դեմ:

Բայց ոչ ոք չի ասել, թե իրեն ֆիզիկական վտանգ է սպառնում: Փաշինյանը չի ասում, թե ինքը Պապ թագավորն է: Նա պատմական դիսկուրս է անցկացնում, ինչը բոլորովին այլ է: Բայց ոչ ոք չի էլ կարող երաշխիքներ տալ, որ իրեն ֆիզիկական վտանգ չի սպառնում, որովհետև նա հակակառուպցիոն խոշոր արշավ է իրականացնում և շատերի իրավունքները ոտնահարում է, և բնականաբար, ում շահերը ոտնահարվում են, կարող են դիմել ամեն ինչի: Չմոռանանք հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը:

Վարչապետի դեմ ուղղված այս ամբողջ PR արշավը ինչ-որ չափով հաջողություն է ունենում, և դրա պատճառը ոչ այնքան Փաշինյանի արարքներն են: Ամենախոշոր բացթողումը, որը հող է ստեղծում PR արշավի համար, այն է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում չկա զարգացման դրական օրակարգ: Եթե զարգացման դրական օրակարգ լիներ, դա կկանխեր այդ արշավը:

-Շատերը վարչապետի այս ելույթից հետո զուգահեռներ տարան նաև հոկտեմբերի 27-ի հետ՝ չբացառելով նմանատիպ սցենարի կրկնությունը: Դուք տեսնո՞ւմ եք իրավիճակային նմանություններ:

-Դա ոչ ոք չի կարող ասել՝ տեսնում է, թե չի տեսնում: Կարող ենք պարզապես ասել՝ կան որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծել: Մենք այսօր տեսնում ենք մի երևույթ, որը նույնական է հոկտեմբերի 27-ի հետ. ամբողջ պետությունը կախված է մեկ մարդուց: Այն ժամանակ այդ անձը Վազգեն Սարգսյանն էր, հիմա՝Նիկոլ Փաշինյանը: Այսինքն, ինստիտուտներ՝ որպես այդպիսին, կայացած չեն, և, բնականաբար, հարց է առաջանում, որ եթե այդ մադը չլինի, ինչպես կզարգանա պետությունը: Մենք տեսանք, չէ՞, որ հոկտեմբերի 27-ին, երբ սպանվեց Վազգեն Սարգսյանը, պետության զարգացումը 20 տարի բոլորովին այլ ճանապարհով ընթացավ: Խնդիրը հենց դա է՝ ինստիտուտները կայացած չեն, և ամեն ինչ կենտրոնացած է սուպերվարչապետի վրա:

Լրահոս

Նմանատիպ նորություններ