Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Փաշինյանը դարձել է սահմանադրական անկարգությունների սադրիչ, իսկ 1000-ավոր քաղաքացիների դարձրել հանցագործ. Պարույր Հայրիկյան

pasinyane-darcel-e-sahmanadrakan-ankargoutyounneri-sadric--isk-1000-avor-qaxaqacineri-darcrel-hancagorc-parouyr-hayrikyan

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է քաղաքական գործիչ, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

-Երեկ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց, որպեսզի վաղ առավոտից փակվեն բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այսօր էլ հայտարարեց, թե դատական իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, լեգիտիմ չէ, հետևաբար՝ այդ համակարգում «վիրահատական միջամտության» կարիք կա: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

-Քաղաքական գործիչը, հատկապես,  վարչապետի պաշտոնը ստանձնած գործիչը, չպետք է հիստերիկ դրսևորումներ իրեն թույլ տա: Ես Նիկոլ Փաշինյանի պահվածքն այլ կերպ բնութագրել չեմ կարող: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը, հատկապես՝ իրեն ժողովրդի ընտրյալ համարող մարդը, ժողովրդին ներկայանում է նախընտրական ծրագրով և իր բոլոր նախընտրական քայլերը նախանշված են լինում այդ ծրագրում: Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ եթե դա բխում է իր տրամաբանության թելադրանքից և ժողովրդին ծառայելու շահերից, պետք է ամրագրված լիներ իր նախընտրական ծրագրում և կառավարության ծրագրում:

Բայց մենք տեսնում ենք, որ նա այսօր ինքն իր հետ խնդիրներ ունի: Ճիշտ է՝ հանրության մեջ էլ բազմաթիվ խնդիրներ կան և կարող են ծագել, բայց այսօր մենք տեսնում ենք, որ մեր հանրային խնդիրն է դարձել Նիկոլ Փաշինյանի՝ ինքն իր հետ ունեցած խնդիրները, այն է՝ հայտարարել մի բան, անել մեկ այլ բան: Ես որքան էլ փորձեմ զուսպ արտահայտվել, բացասական եմ վերաբերվում հիստերիկ որևէ դրսևորման:

Փաշինյանը՝ որպես վարչապետ, պետք է հասկանար, որ այս գործընթացը կարելի էր սկսել մեկ հայտարարությամբ՝ մենք չենք ընդունում նախորդ Սահմանադրությունը և այդ Սահմանադրության հիման վրա ձևավորված ապօրինի իշխանությունները՝ իր երեք ճյուղերով, և սահմանադրական փոփոխությունների միջոցով բարեփոխելու ենք մեր պետական համակարգը: Սա իրեն առաջարկված է եղել, և նա մերժել է, և այդ իսկ պատճառով ստիպված է այսօր հիստերիկ քայլեր ձեռնարկել:

-Իրավակա՞ն են Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած քայլերը, կառավարության ղեկավարն իրավունք ունի՞ դատական համակարգում հեղաշրջում կազմակերպել:

-Իհարկե, իրավունք չունի: Եթե նույնիսկ նա ստանար ժողովրդի 100 տոկոս ձայները, չպետք է գնար իշխանության ճյուղերի տարանջատման և հավասարակշռման սկզբունքի դեմ: Գործադիր և օրենսդիր իշխանություններն իրավունք չունեն իշխանության մեկ այլ ճյուղի դեմ հաշվեհարդար նախաձեռնելու: Դա կարելի է անել միայն բոլոր ճյուղերի համար նախաձեռնված փոփոխություններով, այսինքն՝ սահմանադրական փոփոխություններով: Ինչպես արդեն ասացի, այդ ճանապարհն իրեն առաջարկվել է, և նա մերժել է, չնայած վաղը ծնկաչոք գալու է նույն գաղափարին: Ժամանակին էլ իր հոգևոր հայրը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում, թե մեզ սահմանադրություն պետք չէ, բայց հետո համոզվեց Սահմանադրության ընդունման կարևորության մեջ, ճիշտ է՝ պղծելով սահմանադրականության գաղափարը:

-Հիմա Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհո՞վ է գնում, մերժո՞ւմ է Սահմանադրությունը:

-Այո՛: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ 90-ականներին ԱԻՄ-ի դեմ կռիվ էր տալիս, ԱԻՄ-ը փակելու որոշում էր կայացնում՝ Սահմանադրության դեմ  պայքարելով: Հետո, 1995-ին ընդունեց Սահմանադրությունը, բայց իր վատությունն  արեց, այսինքն, մեզ ստիպեց ունենալ անկատար՝ միայն իր համար գրված Սահմանադրություն: Եվ այդ ավանդույթն արմատավորեց մեզանում:

-Շատերն ասում են, որ Փաշինյանի հայտարարությունը և կազմակերպած ակցիան Սահմանադրության կամ սահմանադրական կարգի տապալում է, այսինքն այն՝ ինչում մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը:

-Շատ ճիշտ են ասում: Դա սահմանադրականության դեմ ուղղված քայլ է: Ոչ թե այսօրվա սահմանադրության, այլ ընդհանրապես սահմանադրականության, իրավունքի իշխանության, իշխանությունների տարանջատման գաղափարի ոտնահարում է:

Նա մեկ անգամ ուզուրպացրեց իշխանությունը, չընտրվեց, հրաժարական տվեց, բայց շարունակեց մնալ վարչապետի պաշտոնակատար, դա էլ էր Սահմանադրության խախտում: Իր մոտ արդեն Սահմանադրության խախտումը դարձել է իր էության մի մասը:

Ես հանդիպել եմ արդեն արտասահմանյան դիվանագետների հետ, և լսել եմ իրենց վերաբերմունքը երևույթի նկատմամբ: Ամենամեղմ արձագանքը զարմանքն էր: Ասում են, մենք ուզում ենք օգնել Նիկոլ Փաշինյանին, բայց չգիտենք՝ ինչ է նա ուզում:

-Այսինքն, երբ Փաշինյանը հույս է հայտնում,  որ միջազգային գործընկերները կկանգնեն իր կողքին այս գործընթացում, սխալվո՞ւմ է:

-Ինչո՞ւ չէ, կկանգնեն: Նազարբաևը կարող է թոշակի անցնելուց հետո ողջույնի հեռագիր հղի, Լուկաշենկոն կարող է ողջունել և ծափահարել, Պուտինը կարող է ողջունել: Ինչու չէ՞: Նրանք էլ են միջազգային գործընկերներ:

Բայց իրավիճակն այսպիսին է. մարդու իրավունքների պաշտպանը անթույլատրելի է համարում այս գործողությունները, փաստաբանները միաձայն որոշում են ընդունում այդ խայտառակ կոչի դեմ: Հասկանո՞ւմ եք, վարչապետ ընտրված մարդը սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների ցուցակ ունի, բայց այսօր նա դարձել է սահմանադրական անկարգությունների սադրիչ: Փաշինյանն այսօր 1000-ավոր քաղաքացիների դարձրեց հանցագործ: Դա Մաո Ցզե Դունի խունվեյբինյան քաղաքականությունն է: Այդ ո՞ր քաղաքակիրթ աշխարհը պետք է դրան աջակցի:

Պատկերացնո՞ւմ եք՝ դատավորը գնում է աշխատանքի, նա պարտավորությունների ունի, սակայն չի կարողանում դրանք կատարել: Որևէ քաղաքացի իրավունք չունի նրա ճանապարհը փակել:

-Ըստ Ձեզ՝ այս անսպասելի գործողությունները պայմանավորված էին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու որոշմա՞մբ:

-Երևի, դրա հետ էլ է կապված:  Երբ սրանից 8 ամիս առաջ ինձ հարց տվեցին՝ դու ես «անկախություն՝ հանրաքվեի ճանապարհով» նախաձեռնության հեղինակը, և այդ տոնը նշելիս քեզ չեն հրավիրում, դա ստորություն չե՞ս համարում: Ասացի՝ չէ՛, դա ստորություն չէ, ավելի շուտ ցնդածություն է:

Ցավոք սրտի, մտածում եմ, որ այդպիսի իրողության հետ գործ ունենք: Սա անառողջ մտածելակերպի դրսևորում է: Մարդ, ով կարող է իրեն հայամետ համարել և օգտագործել «դուխով» բառը, նա լուրջ առողջական խնդիրներ ունի:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ