Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Վովա Վարդանովը բանակում նոր նշանակումների, ազգ-բանակ հայեցակարգի ու ռազմարդյունաբերության զարգացման մասին (տեսանյութ)

pastapnoutyan-banakoum-gamprner-en-nsanakvel--bayc-nae-gamprner-en-hanvel-vova-vardanov-tesanyout

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԸ:

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Հարցազրույցի առաջին մասը՝ այստեղ

Խաղաղության կոչերի և ՊԲ-ում նոր նշանակումների մասին

Ոչ մի քաղաքական ուժ չի կարող ժողովրդի կամքին, մենթալիտետին հակառակ գաղափարներ միանգամից առաջ տանել. նա պետք է պատրաստի ժողովրդին, իսկ դա երկար գործընթաց է։ Այսօր քաղաքական վերնախավերն ընդամենը կրկնում են ժողովրդի ուզածը, իսկ մեր ժողովուրդն այն անհեռատես լավատեսն է, որ խաղաղության տեսակետից շուտ է խաբվում։ Այս առիթով մի առակ հիշեցի. «Ոչխարները գայլերին ասում են՝ եկեք խաղաղասեր լինենք։ Գայլերն էլ ասում են՝ ոչ մի խնդիր, միայն թե գելխեղներին «ռադ արեք», որովետև իրենք անընդհատ սեպ են խրում մեր մեջ։ Ոչխարներն էլ, որ շատ «խելացի» էին, ազատվում են գելխեղդերից, ու մի օր գայլերն իրենց ուտում են»։ Հիմա մենք այդ ոչխարի հոտն ենք, մենք շուտ ազատվում ենք գամփռներից ու չենք մտածում, թե ինչ հետևանքներ դա կունենա։ Մենք շատ հաճախ մեզանից վանում ենք այն մարդկանց, ովքեր Դանկոյի նման պատրաստ են իրենց սիրտը հանել ու այրել հանուն ժողովրդի։

Այսօրվա ֆիդայիններին գիտե՞ք ոնց էին վանում` հարբեցող դարձնելով. ասում էին՝ արի, նստի թանգարանում, քո գործն արել ես, քեզ ոչ մի բան չի հասնում, դու թանգարանում նստի: Կամ էլ նրանց հիշում էին բաժակաճառերով։ Արդյունքում, վարկաբեկվում էր այդ գաղափարը, ու այն մարդիկ, որ ֆիդայության էին գնացել 1989-90 թվականներին, վարկաբերկվում էին գաղափարի հետ միասին։ Դա լինում էր հենց այն պատճառով, որ մենք չենք սիրում այդ <<գամփռներին>>։ Այնինչ <<գամփռներին>> պետք է պահել ու փայփայել, ճիշտ է, չպետք է թողնես, որ գայլի պես իրենց ավարը տանեն, բայց զուտ նրա համար, որ նրանից մեկն իրեն ստոր է պահել, չպետք է մնացած գամփռներին էլ հեռացնել։ Այլապես, ստացվում է, մենք մեր անցյալից հետևություններ չենք անում։

Օրեր առաջ նոր նշանակումները եղան պաշտապանության բանակում. հենց «գամփռներ» են նշանակվել, բայց նաև «գամփռներ» են հանվել։ Իսկ եղած «գամփռներ» քանակը բավարա՞ր է, որ գայլերից ազատվենք։ Ո՞նց կարելի է պրոֆեսինալին, որը երկար ճանապարհ է անցել, ռազմական լավագույն կրթությունն է ստացել, պատերազմի փորձ ունի, ուղղակի ասել՝ դու այսինչ արտահայտությունն ես արել։ Բա, չներգրավեի՛ք իրենց քաղաքականության մեջ։ Առաջին անգամ ո՞վ է զինված ուժերը ներգրավել քաղաքականության մեջ` Սերժից ու Քոչարյանից առաջ, Լևոնը չի՞ արել։ Երկու փոխնախարարի հայտարարությունները հիշեք։ Հենց դուք եք պրովոկացիայով ստիպել, որ այդպիսի արտահայտություն անեն։ Իմ մարտական ընկերը՝ Սասուն Միքայելյանը մի հայտարարություն արեց, որ ինձ էլ դուր չեկավ, բայց ես հասկացա, որ ինքը գյուղացի, պինդ տղամարդ է, սխալվել է ու ուզում է ապացուցի, որ այդքան էլ սխալ չի։ Ու ես ասել եմ, Սասո՛ւն ջան, քաղաքականության մեջ ես մտել, մի՛ վրիպի, թող քեզ էլ չքարկոծեն։

Ազգ-բանակ հայեցակարգի մասին

Հեղափոխությունից հետո փորձ եղավ ժխտել ազգ-բանակ կոնցեպցիան, սակայն իրականում դրանից չեն հրաժարվել, ուղղակի չեն ձգտում, որ այդ ամենն ավելի լավ կատարեն, քան ՀՀԿ-ն էր անում։ Արդյունքում, ազգ-բանակ հայեցակարգում եղած որոշ դրվագներ օգտագործվում են, որոշ մասը՝ ոչ։ Չեն ասում, թե վատն է, քանի որ այդտեղ վատ բան չկա, բայց շատ բաներ չեն անում կամ պասիվ են դրանց կատարման հարցում։

Ես ազգ-բանակով ապրում եմ 1989 թվականից մինչ այսօր։ Իմ երեխաները՝ մեկը մաթեմատիկոս, մյուսը միջուկային ֆիզիկոս, երկուսն էլ տասը տարեկանից ռազմական գործ են սովորում, և ես համոզված եմ, եթե նրանք պատերազմական իրավիճակում հայտնվեն, մի քիչ ավելի շանս կունենան առողջ ու անվտանգ տուն վերադառնալու, քան այն երեխաները, որ ազգ-բանակով չեն ապրում։ Ով դեմ է ազգ-բանակին, նա դեմ է իր երիտասարդության անփորձանք տուն վերադառնալուն։

Հիմա մեր շուրջը նայենք. 90 միլիոնանոց Թուրքիա, 9 միլիոնանոց Ադրբեջան, 20-ից ավելի միլիոնանոց թուրքալեզու էթնոս Իրանում, մոտ 700 հազարանոց թուրքալեզու էթնոս Վրաստանում։ Մենք մի փոքր, նեղ միջանց ունենք, իսկ մնացածը մեզ շրջապատում են կա՛մ թուրքական էթնոսը, կա՛մ թուրքական պետությունները։ Այս իրավիճակում ո՞նց կարելի է ազգ- բանակին դեմ լինել։ Եթե դա ռեսուրսներ է տանում այն մարդկանց գրպանից, որոնք ստիպված են լինելու ռեստորաններում երկու անգամ քիչ խմել զինվորի կենացը, ես դա <<հասկանում եմ>>, ո~նց կարելի այդ հաճույքից զրկվել։

Ռազմարդյունաբերության զարգացման մասին

Այսօրվա զենքերի զգալի մասը թանկ են, որովհետև գնագոյացման մեջ մեծ բաժին ունեն ինովացիոն, ճշգրիտ տեխնոլոգիաները, հաշվարկային սարքերը։ Ինովացիաները երկնշանակության են՝ և՛ պատերազմի մեջ կարող են կիրառվել, և՛ խաղաղ պայմաններում։ Կարճ ասած, մենք նման զենքերի արտադրություն կարող ենք չունենալ, բայց նման ժամանակակից տեխնոլոգիաներով հին զենքերի արդիականացում կարող ենք և պետք է ունենանք։ Դա շատ մեծ ջանքեր է պահանջում, բայց նաև հսկա գումարներ կտնտեսի ու կարող է մեծ գումարներ բերել, որովհետև կարող ենք այնքան արտադրել, որ նաև արտահանենք։

Շատ զենքեր կան, որ արտադրվել են տասնյակ տարիների զարգացման հեռանկարներով, ու հիմա միանգամայն հնարավոր է դրա արդիականացումը։

Հիմա որ թուրքը Т-90 է գնում դա, ըստ էության, Т-90 չէ, այլ T-72-ի արդիականացված տարբերակն է: Դու կարող ես գնել այդ ամեն ինչը Ուկրաինայի կամ Ռուսաստանի սառեցված պահեստներից, և արդիականացնելով ունենաս ժամանակակից զենքի տեսակ։ Այլ բան է, որ մենք չենք տեսել այդ հնարավորությունը մեր աչքով։ Ճիշտ է, որոշ գործեր արվում են, ինչը գաղտնի է պահվում։ Այսօրվա իշխանությունները, ոնց որ թե, դրան ոչ բավարար ուշադրություն են դարձնում, բայց դարձնում են։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ