Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Պատվով ներկայացանք ֆրանկոֆոն պետություններին, մեր հյուրերն ուղղակի հիացած էին, հոգիս լցվեց հպարտությամբ. Մարգարիտ Եսայան

patvov-nerkayacanq-frankofon-petoutyounnerin--mer-hyourern-ouxxaki-hiacac-ein-margarit-esayan

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացման էստաֆետը, որ նախորդ իշխանությունները հանձնել էին նոր կառավարությանը, վերջիս վերցրեց և պատվով իրականացնում է այս օրերին։ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նման կարծիք հայտեց Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը՝ խոսելով Ֆրանկոֆոնիայի երևանյան գաղաթաժողովի մասին։

«Այս օրերին նախանշված բոլոր ծրագրերն իրականացվեցին որակով և պատվով, ու որևէ շեղում չկար նախապես ծրագրված ուղղություններից։ Այն, ինչ մատուցվեց նոր կառավարությանը՝ որպես շարունակականություն, այս կառավարությունն իրականացրեց պատվով։ Գլոբալ առումով՝ ես որևէ թերի բան չեմ տեսնում, թեև որոշ կազմակերպչական, մանր-մունր վրիպակներ կային, բայց ես դրանց ըմբռնումով եմ մոտենում, որովհետև հսկայածավալ միջոցառում էր, և կարող ենք փաստել՝ այն որակով իրականացվեց։

Նշեմ, որ դեռ նախորդ կառավարությունն էր այս տարվա պետբյուջեից գումարներ հատկացրել միջոցառումների անցկացման համար։ Խոսքը՝ ահռելի գումարների մասին, և ես այդ թիվը չեմ հնչեցնի։ Բառացիորեն երեկ՝ համաժողովի ժամանակ, ես հանդիպեցի մեր ֆինանսների նախարարին, և երկուսս էլ հավասարաչափ ուրախ էինք, որ շատ որակով ու մակարդակով է անցնում միջոցառումը։ Պարոն Ջանջուղազյանն ասաց՝ այսքան գումար էինք ներդրել, բնականաբար պետք է լավ լիներ: Բայց նաև նշեմ, որ կարելի էր մեծ գումար ներդնել ու չհասնել ուզած արդյունքին, սակայն մեզ հաջողվեց մեծ աշխատանք տանել և պատվով ներկայացնել մեր պետությունը։

Երեկ ես առիթ ունեցա նաև զրուցելու տարբեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և իրենց տպավորությունը, պարզապես, գերազանց էր՝ օդանավակայանից մինչև դիմավորում, տեղավորում և բուն միջոցառում, մեր հյուրերը ուղղակի հիացած էին կազմակերպված աշխատանքից։ Դա իմ հոգին լցրեց մեծ հպարտությամբ, և ուրախ եմ, որ ես էլ լումա ունեմ այս գործընթացում»,- իր տպավորություններով կիսվեց տիկին Եսայանը։

Ինչ վերաբերում է այս օրերին կայացած միջոցառումների կազմակերպչական հարցերին, Մարգարիտ Եսայանը նշեց, որ դրանք ծրագրվել և իրականացվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ համատեղ։ «Այնպես չէ, որ Հայաստանի Հանրապետությունն է միանձնյա որոշել և կազմակերպել այս միջոցառումները։ Անցած երկու տարիների ընթացքում Ֆրանկոֆոնիայի միջագային կազմակերպության ղեկավարները և այն անձինք, ովքեր պատասխանատու են միջոցառումների կազմակերպման համար, մշտապես եկել են Երևան, հանդիպել են հայկական կողմի պատասխանատուների հետ, և ծրագիրը մշակվել է ոչ թե Հայաստանի կառավարության միանձնյա որոշմամբ, այլ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից, իսկ ՀՀ կառավարության հետ դետալներն են մշակվել ու հստակեցվել։ Օրինակ, դեռ երկու տարի առաջ որոշված էր, որ նիստը լինելու է Երևանում, որ անցկացվելու է տնտեսական ֆորում, որ նիստի ընթացքում պետք է Ֆրանկոֆոնիայի ավան ստեղծվի, որտեղ մասնակից երկրները կներկայացնեն իրենց պետությունն ու իրենց ժողովրդին:

Ի սկզբանե որոշված էր, որ պետք է լինի թվային տնտեսական ֆորում, որն անցկացվեց սեպտեմբերին Թումո կենտրոնում, նախապես որոշված էր, որ երիտասարդ ֆրանկոֆոնների հանդիպումներ պետք է լինի, որը նույնպես կայացավ սեպտեմբերին։ Այսինքն, այս ծրագրերը նախապես մշակված են եղել, և դա ոչ նախկին, ոչ էլ ներկա իշխանությունների մշակումը չէ, այլ Ֆրանկոֆոնիայի կազմակեպության ու ՀՀ կառավարության համատեղ ծրագիրը»,- բացտրեց մեր զրուցակիցը։

Խոսելով Հայաստանի և ֆրանկոֆոն պետությունների համագործակցության կարևորության մասին՝ Մարգարիտ Եսայանն ընդգծեց՝ այլ կերպ չէր կարող լինել. «Հայաստանը մշտապես է եղել ֆրանկոֆոն, դեռ Լևոն 4-րդի ժամանակներում մենք ֆրանսասեր և ինչու ոչ՝ ֆրանսախոս ազգ ենք եղել։ Հետևաբար, ֆրանկոֆոնների հետ մեկ կապերը դարերից են գալիս։ Դուք երեկ լսեցիք Ֆրանսիայի նախագահի ելույթը, որն ուղղակի շշեմցնող անկեղծ էր և ցույց էր տալիս, որ Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: Դա հիմքեր է ստեղծում նաև տնտեսական լուրջ համագործակցության համար։

Մենք՝ հայերս, մեր տեսակով Ֆրակոֆիլ ենք, այսինքն, Ֆրանսիայի հանդեպ ունենք ընդգծված ջերմ վերաբերմունք, և շատ կարևոր է, որ տարիների աշխատանքի արդյունքում մեր պետությունը հաղթահարեց բոլոր փուլերն ու դարձավ կազմակերպության լիիրավ անդամ։ Այսօր արդեն մենք ստանձնեցինք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունն առաջիկա երկու տարիների համար»։

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավարը հիշեցրեց, որ կազմակերպությանն անդամակցում են 84 պետություններ Եվրոպայից, Ասիայից ու Աֆրիկայից, և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ի սկզբանե ստեղծվել է որպես լեզվամշկութային խնդիրներ լուծող կազմակերպություն, բայց տարիների ընթացքում դարձել քաղաքական և տնտեսական հարցերով զբաղվող միջազգային հարթակ։

«Այս օրերին Երևանում ընթացող գագաթաժողովի արդյունքները շատ կարևոր են մեզ համար։ Առաջին արդյունքն այն է, որ Հայաստանն առաջիկա երկու տարում դառնալու է Ֆրակոֆոնիայի միջազգային կազմակեպության նախագահող երկիր։ Արդյունք երկրորդ՝ այս օրերին Թումո կենտրոնում տեղի ունեցավ տնտեսական համագործակցության ֆորումը Ֆրանկոֆոն երկրների մասնակցությամբ, և Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը ընդգծված մեծ էր։

Ես ուղղակի հպարտ եմ և ուրախ, որ այս տնտեսական ֆորումն իր արդյունքները տալու է, և գրեթե վստահ եմ, որ միջոցառումների ավարտից հետո բիզնես ծրագրեր են իրականացվելու, ներդրումներ են լինելու։ Ֆրանկոֆոն աշխարհի տարբեր երկրներից, որքան ես հետևում եմ լրահոսին, արդեն իսկ որոշակի ազդակներ են նկատվում, և դա միայն ոգևորող է։ Հայաստանի տնտեսությունը կարող է լիարժեք շնչել և ոտքի կանգել միմիայն արդյունավետ ներդրումների շնորհիվ, իսկ դրա ազդակները մենք նկատում ենք։ Հաջորդ արդյունքն էլ այն է, որ ակնկալում ենք ֆրանսերեն լեզվի տարածում Հայաստանում, ինչպես նաև, ֆրանսերենի նկատմամբ սեր ու ջերմ վերաբերմունք մեր հասարակության կողմից»,- ասաց Մարգարիտ Եսայանը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ