Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Պետությունը լուծել է ֆինանսական հարցերը. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կկայանա

petoutyoune-loucel-e-finansakan-harcere-aram-xacatryani-anvan-mijazgayin-mrcouyte-kkayana

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականն արդեն հայտնել էր, որ այս տարի մշակույթի նախարարությունը կտրուկ կրճատել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ հատկացվող պետական ֆինանսավորումը, և վերջին պահին մրցույթի կազմակերպիչները հայտնվել են անելանելի վիճակում: Այսօր պարզ դարձավ, որ ֆինանսական խնդիրները լուծվել են և մրցույթն, այնուամենայնիվ, կկայանա: 

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթը՝ դաշնամուր մասնագիտությամբ, պետության կողմից ֆինանսավորվել է ամբողջ ծավալով։

«Որևէ փոփոխություն մրցույթի ձևաչափում չի կատարվել։ Խաչատրյանի մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Անցկացվում է հաստատված ձևաչափով, փուլերով, հաստատված ծրագրով, և կազմակերպիչները այդ ձևաչափերից շեղվելու հնարավորություն առանձնապես չունեն»,- տեղեկացրին հիմնադրամից: 

Մրցույթի ժյուրին այս տարի գլխավորելու է մեծ ճանաչում վայելող դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանը։ Ժյուրիի կազմում ընդգրկված են անվանի երաժիշտներ՝ դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Վոսկրեսենսկին, Բելառուսի ժողովրդական արտիստ, դաշնակահար Իգոր Օլովնիկովը, Իսրայելի հայտնի դաշնակահար Թոմեր Լևը, Չինաստանի դաշնակահարների միության նախագահ Վեյ Ճանը, մեծահամբավ դիրիժոր Իլյա Ստուպելը, մեծ ճանաչում վայելող դաշնակահար, պրոֆեսոր Սերգեյ Էդելմանը։

Հիմնադրամից նաև հատնեցին, որ մրցույթում լավագույնի կոչման համար կպայքարեն 12 երկրի 30 երիտասարդ դաշնակահարներ, ովքեր ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Չինաստանը, Հարավային Կորեան, Թաիլանդը, ՌԴ-ն, Ղազախստանը, Ուկրաինան։ Մրցույթի աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է, ինչը խոսում է այն մասին, որ այն մեծ հաղինակություն ու վստահություն է վայելում երաժշտական աշխարհում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ