Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Պետությունից անտեսված հայ գիտնականները, որ պայքարում են Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդության դեմ

petoutyounic-antesvac-hay-gitnakannere--or-payqaroum-en-alcheymeri-e-parkinsoni-hivandoutyan-dem

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը մեկնարկում է «Գիտական Հայաստան» հոդվածաշարը, որտեղ ներկայացնելու է Հայաստանում ապրող ու աշխատող գիտնականներին, որոնք, ցավոք, անտեսված են հասարակության և պետության կողմից: Աշխատելով բարդ և հաճախ ոչ պրոֆեսիոնալ պայմաններում, նրանք փորձում են համահունչ քայլել աշխարհին  և իրենց ներդրումն ունենալ գիտության բնագավառում:

Այս շաբաթ մեր զրուցակիցը քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՎԻԳԵՆ ԹՈՓՈՒԶՅԱՆՆ է, ով երկար տարիներ ղեկավարել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը:

Պետությունը՝ գիտության պատվիրատու

Այսօր երկու խնդրի առաջ ենք կանգնած. մի կողմից իշխանությունների անտարբերությունը գիտության նկատմամբ, մյուս կողմից այն, որ գիտությունն ինքնուրույն չի կարող գտնել այն կետը, որտեղ կարող է օգտակար լինել պետությանը: Այդտեղ էլ կա իշխանությունների մեղքը, որովհետև պետության կողմից գիտությանն իջեցված պատվեր չի եղել, գիտության առջև խնդիր չի դրվել: Մենք ընդունակ ենք շատ ու շատ խնդիրներ լուծելու, բայց քիմիկոսներին վերջին տարիներին շատ են նեղացնում: Օրինակ հենց ԵՊՀ-ի քիմիական ֆակուլտետ, որ փակման եզրին է գտնվում, կամ մեր կետրոնի նկատմամբ վերաբերմունքը: Եթե սա դիտավորություն է, ուրեմն շատ վատ է, որովհետև քիմիան չափազանց կարևոր ուղղության է մեր պետության համար:

Օրգանական քիմիայի ինստիտուտը իր ստեղծման օրից 15 տարբեր դեղեր է տվել տնտեսությանը, և հիմա դրանցից 4-ը արտադրվում են և մեր դեղատներում վաճառվում: Խոսքը վերաբերում է Դիթիլին (պերիֆերիկ մկանային ռելաքսանտ), Կապրոֆեր (արյունը մակարդող միջոց), Թիյոդին (բարձր էֆեկտիվություն ունեցող հակառեվմատիկ դեղամիջոց), Գանգլերոն  (պաշտպանություն ցավերից, սպազմերից և նեվրոզներից) դեղամիջոցներին: Դրանք այսօր արտադրվում են ինքնաֆինանսավորման սկզբունքով, և այստեղ պետությունը ոչ մի դեր չի խաղում: Ընդ որում, դա արվում է ինստիտուտի ջանքերով, հույս չունենալով պետության վրա: Մենք մեր դեղերով ապահովում ենք Հայաստանի պահանջարկը, կարող ենք մեծացնել անգամ արտադրությունը՝ արտահանման հաշվին, սակայն այդ ամենն առանց պետական աջակցության անհնար է իրագործել:

Քայլելով աշխարհին համահունչ

Մեր լաբորատորիան ներկայումս զբաղվում է հիմնականում Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների բուժմանն ուղղված խնդիրների լուծմամբ, այսինքն, ստեղծվում ու սինթեզվում են նոր միացություններ, փորձարկվում են այդ միացությունները, ընտրվում համամատաբար լավերը:

Մասնավորապես, նախակլինիկական և կլինիկական հետազոտություններ պետք է ապահովես, որպեսզի դեղի թեկնածուն դառնա դեղ: Մենք արդեն ունենք ստեղծած մի քանի թեկնածուներ և նախակլինիկայի որոշ հատվածն արված է: Դա արվում է բյուջեի միջոցներով, բայց, ցավոք սրտի գումարներն այնքան մեծ չեն, որ ամբողջ նախակլինիկան ապահովենք, և առավել ևս՝ կլինիկական փորձաքննությունը: Կլինիկան առանձին խնդիր է, և ավելի մեծ գումարներ են անհրաժեշտ: Եթե պետությունն իր ձեռքում չպահի այդ գործընթացը և մասնավորին հանձնի, նախադեղը նրան տալով կկորցնենք դրա վրա իրավունքը:  Ես սա ասում եմ, որ հետո մեզ չմեղադրեն, թե ինչ-որ միացություն, որ համարվում է նախադեղ, Հայաստանը կորցրեց: Մենք մեր գործն անում ենք, մենք ստեղծում ենք նախադեղեր, և ամեն ինչ արվում է, որ այդ նախադեղը դառնա դեղ, սակայն այդ ճանապարի որոշ հատվածներում առանց պետության մենք չենք կարող առաջ գնալ:

Նշված երկու հիվանդություններն էլ շատ մտահոգիչ են. աշխարհում շատերն են տառապում այդ հիվանդություններով, և եթե  այդ բնագավառում Հայաստանն ունենա գեթ մեկ դեղամիջոց, կարծում եմ, որ դա պակաս ճանաչելի չի դարձնի Հայաստանը, քան մեր հայտնի երաժիշտներն ու մարզիկները:

Հնարավորություն՝ պայքարելու Երևանյան հիվանդության դեմ

Ալցհեյմերի հիվանդության ախտանիշներից մի քանիսը ինչ-որ չափով համընկնում են Երևանյան հիվանդության ախտանիշներին, և երբ մենք պայքարում ենք Ալցհեյմերի ախտանիշների տվյալ խմբի դեմ, գուցե և կարողանանք նույն դեղը օգտագործել նաև Երևանյան հիվանդության բուժման կամ գոնե դրա զարգացումը մեղմելու և  կասեցնելու ուղղությամբ: Այդ ամբողջ ինֆորմացիան մենք ունենք և այն օրը, երբ մենք վերջնական կհամոզվենք, որ կարողանում եքն Ալցհեյմերի իմ նշած աշխտանիշների առաջն առնել, անպայման պետք է փորձենք նաև Երևանյան հիվանդության նույն ախտանիշները ճնշելու փորձ կատարել:

Ինչ վերաբերումէ  մեր տարածաշրջանին կամ ազգին բնորոշ հիվանդությունները, դրանք մեր ուշադրության կենտրոնում են, սակայն այստեղ բժիշկները ևս պետք է մեզ՝ որպես դեղ ստողծողի հուշեն, որ այստեղ օրինակ այս ինչ խնդիրը կա, այնտեղ՝ այն ինչ: Օրինակ տեսնելով Ալցհեյմերի ու Պարկինսոնիզմի տարածվածությունն աշխարհում, մենք այդ խնդրի հետ աշխատում ենք: Եթե մեր բժշկությունը մատնացույց անի որևէ հիվանդություն, որ դարձել են հայ ազգի համար բնորոշ, բնականաբար, մենք մեր ուժերը նաև այդ ուղղությամբ կներդնենք:

Չենք ցանկանում վաճառել գիտելիքը

Մենք փոքր ենք, բայց անճար չենք: Մենք ունենք լավ մասնագետներ,  ունենք մեծ գիտելիք կուտակած այդ բնագավառում, բայց ցավոք չունենք այն ուշադրությունը, որը համաշխարհային գիգանտներն ունեն:

Այո՛, կա ճանապարհ ինչ-որ մի պետության կամ կազմակերպության օգնությանը դիմելու, և այդ դեպքում մենք ստեղծված նյութը պետք է վաճառենք բրանց՝ նյութի հետ կապված ողջ գիտելիքի հետ միասին: Դա էլ է ճանապարհ, բայց մենք ուզում ենք, որ մեր պետությունը հնարավորություն գտնի այդ գործընթացում մեր մեջքին կանգնելու, որպեսզի ստեղծվող դեղը լինի մերը, պետությանը: Այդ դեպքում միջազգային շուկա դուրս գալու դեպքում՝ ամբողջ օգուտը գալիս է Հայաստանին: Երբ մենք դեղը որոշակի գումարով վաճառում ենք ինչ-որ պետության կամ կազմակերպության, նա ինքնուրույն կմտնի միջազգային շուկա և ամբողջ օգուտները կգնան այդ պետությանը:

Հիմա չի բացառվում, որ անգամ մեր պետությունը համաձայն լինի, որ սկզբնական շրջանում, քանի դեռ ինքը չի տարապետում մեծ միջոցբների, օգնի որ որևէ կազմակրեպության որևէ դեղամիջոց վաճառենք, որպեսզի այդ գումարը դրվի այստեղ, պայմանները բարելավվեն: Սակայն, ես վստահ եմ, որ եթե պետությունը ցանկանա, կարող է ինքնուրույն կազմակերպել այդ ամենը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ