Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Փող կա, սակայն երիտասարդ գիտնականներն աջակցություն չեն ստանում. ինչո՞ւ է դադարեցվել վստահություն վայելող ծրագիրը

pox-ka--sakayn-eritasard-gitnakannern-ajakcoutyoun-cen-stanoum-incou-e-dadarecvel-vstahoutyoun-vayelox-cragire

Հեղափոխությունից հետո դադարեցվել է «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ֆինանսավորումը. երիտասարդ գիտնականները դիմել են կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարին, սակայն մինչ օրս խնդրին լուծում չի տրվել: Երիտասարդ գիտնական Սուսաննա Գևորգյանը պատմեց, որ տարիներ շարունակ ծրագիրը հնարավորություն է տվել երիտասարդ գիտնականներին միջազգային գործուղումների մասնակցել, խրախուսել է  հոդվածների տպագրությունը, սարքեր և նյութեր ձեռք բերելու հնարավորությունը, բայց հեղափոխությունից հետո գիտնականները ֆինանսավորում չեն ստացել:

«Խնդրի առնչությամն մենք քննարկումներ անցկացրինք «Գիտական համայնք» խմբում ու որոշեցինք դիմել հենց նախարար Արայիկ Հարությունյանին: Կազմեցինք նամակ, որը խմբագրվեց տարբեր գիտնականների կողմից, միաժամանակ ստորագրահավաք անցկացրինք, որին մասնակցեցին 200 գիտնականներ: Նամակն ու ստորագրահավաքի արդյունքները անձամբ փոխանցեցի նախարար Հարությունյանին, հետո մեզ պաշտոնական նամակով պատասխանեցին, որ բարձրաձայնված հարցը գտնվում է քննարկման փուլում, բայց մինչ օրս, արդեն երկու ամիս է անցել, որևէ լուծում կամ լուծմանը միտված որևէ քայլ չենք նկատել»,- ասաց Գևորգյանը:

Երիտասարդ գիտնական Աստղիկ Զորյանն էլ հավելեց, որ նախարարությունից իրենց տեղեկացրել են, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ կապված խնդիրներ կան, և պետք է սպասել, բայց օրեր առաջ պարզ դարձավ, որ հիմնադրամը լուծարվում է. «Փաստորեն, մեկ տարի գիտնականները զրկված են ծրագրով տրվող ֆինանսավորումից, իսկ այս ծրագիրն, ըստ էության, պետության կողմից գիտությանն այլընտրանքային ֆինանսավորում տրամադրելու միջոց էր, քանի որ այսօր պետական դրամաշնորհները տրվում են միայն գիտպետկոմի կողմից, և դրա միակ այլընտրանքը ԵԳԱԾ-ն է: Այսօր գիտնականները զրկվել են այդ հնարավորությունից ևս»:

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանն էլ, շարունակելով գործընկերների առաջադրած խնդրի ներկայացումը, ասաց, որ «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագիրը ունիկալ երևույթ էր, քանի որ անաչառ կերպով ֆինանսական հնարավորություններ էր ստեղծում երիտասարդ գիտնականների համար. «Այն հնարավորություն էր տալիս բաց, թափանցիկ ֆինանսական խողովակ ստեղծել և արդյունավետ կերպով գումարները գիտության մեջ ներդնել: Այիսնքն, ֆեյսբուքյան էջերում դրվում էին հայտեր, գիտնակնները դիմում էին և ընտրված լավագույն ծրագրերը ֆինանսավորվում էին: Այս ծրագիրը շատ մեծ հեղինակություն էր վայելում երիտասարդության շրջանում, սակայն այս մեկ տարվա ընթացքում մեծ հարված հասցվեց երիտասարդ գիտնականներին. մի բան, ինչին իրենք վստահում էին, չգիտես ինչու սկսեց չաշխատել»:

Ազիզբեկյանի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում որևէ այլ հիմնադրամ կամ մեխանիզմ չի ձևավորվել, թեև նոստումներ էին տրվել հենց նախարարի կողմից: «Դա շատ մտահոգիչ է ու անթույլատրելի, այդ խողովակը պետք է շտապ գործարկել, քանի որ այն ունի մեծ առավելություններ: Այն վստահություն վայելող համակարգ էր, և դա պետք է արագ վերականգնել: Ներկայումս հիասթափության մեծ ալիք կա: Սա հակահեղափոխական հարված է հեղափոխությանը»,- ասաց նա:

Երիտասարդ գիտնականների հրավիրած հանդիպմանը մասնակցելու էր եկել «Երիտասարդ գիտնականների աջակցության» ծրագրի ղեկավար մարմնի անդամ Արթուր Մովսիսյան, ով որոշ պարզաբանումներ ներկայացրեց խնդրի վերաբերյալ:

Ըստ նրա՝  պետության ոկղմից ծրագրի ֆինանսավորումը չի դադարեցվել. Փող կա, պարզապես այն գիտնականներին հասցնելու մեխանիզմը չի աշխատում: «Ներկա պահին ծրագիրը չի կարողանում ֆինանսավորում հատկացնել իր շահառուներին, թեև պետբյուջեից հատկացու արվել է Գիտության պետական կոմիտեին: Այստեղ խնդիրը տեխնիկական է և կապված է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ: Նախորդ տարի, երբ հիմնադրամում չարաշահումներ բացահայտվեցին, գործ հարուցվեց, հիմնադրամը իր ֆունկցիոնալությունը կորցրեց: Ու թեև հիմնադրամն առնչություն չունի ծրագրի բովանդակային մասի հետ, այլ միայն որպես ֆինանսական խողովակ է ծառայում, այնուամենայնիվ դրա աշխատանքի խաթարման հետևանքով հնարավոր չեղավ գումարներ տրամադրել գիտնականներիին»,- ասաց նա:

Ինչպես արդեն հայտնի է, Երիտասարդական հիմնադրամը լուծարվելու է: Ինչպես է կազմակերչպվելո՞ւ ծրագրով գիտնականների ֆինանսավորումը՝ հարց ուղղեցինք Մովսիսյանին: Նա նշեց, որ իրենք մի քանի առաջարկ են ներկայացրել կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությանը, սակայն դեռևս հստակ որոշում չկա, ինչպիսին կլինի լուծումը:

«Դեռևս նախորդ տարվա մայիսից հանդիպումներ ենք ունեցել նախարարի մակարդակով: Ոչ մեկ ոչ մի անգամ ծրագրի կասեցման ակնարկ չի արել: Նախարարության խնդիրը հիմնադրամի առողջացումն էր, սակայն, ինչպես հայտնի դարձավ, հիմնադրամը լուծարվելու է: Նախորդ տարվա մայիսից, երբ դադարեցվեց ծրագրի ֆինանսավորումը, շուրջ 60 մլն դրամ գումար կա հիմնադրամում, իսկ այս տարվա համար հատկացված 100 մլն-ը փոխանցվել է Գիտության պետական կոմիտեին, սակայն դեռևս չի ծախսվել»,- ասաց նա:

Թե ինչ ճակատագիր կունենա երիտասարդ գիտնականների կողմից այդքան գնահատված ծրագիրը, դեռ հայտնի չէ: Իսկ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունից որևէ պարզաբանում այս հարցով չի եղել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ