Քաշաթաղի հարավային թևում մի քանի միլիոն դոլարի  ներդրումային ծրագիր կիրականացվի

am
qasataxi-haravayin-teoummi-qani-milion-dolarinerdroumayin-cragir-kirakanacvi

Քաշաթաղի հարավային թևում մի քանի միլիոն դոլարի ներդրումային ծրագիր կիրականացվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, այս տարի Քաշաթաղի շրջանի հարավային թևի՝ վերջին տարիներին մեր ամենածաղկող համայնքներից մեկում՝ Իշխանաձորում, ծխախոտի մթերման համար չորանոցներ կկառուցվեն: Մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումային այս ծրագրի շուրջ համաձայնությունն օրեր առաջ ձեռք ենք բերել «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի հետ կայացած հանդիպման ընթացքում:

Կարծում եմ՝ Քաշաթաղի հարավային թևում, որտեղ առկա են մեծաքանակ բերրի հողատարածքներ, ոռոգման ջուր և բարենպաստ կլիմայական պայմաններ, ծխախոտագործությունը մեծ հեռանկարներ ունի: Իսկ տարեցտարի բնակչության բնական և մեխանիկական աճ գրանցող համայնքի համար բնական է, որ նոր աշխատատեղերի, լրացուցիչ եկամուտներ ապահովող հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը շատ մեծ է: Ի դեպ, արևադարձային տարբեր կուլտուրաների աճեցման հաջող փորձ ունեցող իշխանաձորցիների և տարածաշրջանի բնակչության համար մշակաբույսը նոր է, բայց, համոզված եմ, որ ճյուղն ավելի քան եկամտաբեր է լինելու:

Ծրագիրը կյանքի կոչելու և այդ կարևոր ներդրումն անելու համար իմ երախտագիտությունն եմ հայտնում Միքայել Վարդանյանին և Վարդանյան ընտանիքին: Շնորհիվ Վարդանյանների ունեցած պատրաստակամ վերաբերմունքի և, իհարկե, մեծ հայրենասիրության՝ այսօր Արցախում ունենք ներդրումային և բարեգործական բազմաթիվ իրականացված նախագծեր: Կարծում եմ՝ բավարար է նշել միայն ծխախոտագործությամբ զբաղվող մի քանի տասնյակ կայացած տնտեսությունների, ստեղծված հարյուրավոր աշխատատեղերի, ինչպես նաև Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի կառուցման գործում նրանց ունեցած մեծ ավանդի մասին»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ