Քաղաքական իսլամը պարտվեց Ստամբուլում

qaxaqakan-islame-partvec-tourqiayoum

Թուրքիայի ամենախոշոր քաղաքը՝ Ստամբուլը, իր տարածքով ու բնակչության թվով համարվում է նաև Եվրոպայի ամենամեծ քաղաքը: Ստամբուլում իշխանությունը վերցնելու համար նախընտրական թեժ պայքար էր ընթանում իշխանական ու ընդդիմադիր ճամբարների միջև: Բանը հասավ այնտեղ, որ ընդդիմադիր թեկնածուի հաղթանակից հետո ընտրությունները չեղարկվեցին ու նշանակվեցին կրկնակի ընտրություններ: Երկրորդ անգամ նույնպես հաղթեց ընդդիմադիր թեկնածուն:

Ստացվեց այնպես, որ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» առաջադրված թեկնածու, քեմալական գործիչ Էքրեմ Իմամօղլուն 3 ամսում 2 անգամ ընտրվեց Ստամբուլի քաղաքապետ: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած կուսակցությունից առաջադրված թեկնածու Բինալի Յըլդըրըմն առաջին անգամ պարտվեց 13 հազարավոր ձայնի տարբերությամբ, իսկ երկրորդ անգամ  ավելի քան 800հազար:

Այս իրողությունը մատնացույց է անում այն փաստը, որ Ստամբուլի 17 միլիոնանոց բնակչությունը առավելապես հակված է պետական կառավարման աշխարհիկ համակարգին, որի գիծը տվյալ դեպքում վարում է քեմալական գործիչ Իմամօղլուն: Իսկ ահա Էրդողանի թիմի կրոնական երանգավորումը, քաղաքական իսլամի դրսևորումներն արագ տեմպերով կորցնում են դիրքերը ստամբուլյան հասարակության շրջանում:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ ընտրելու իրավունք ունեցող տասուկես միլիոն բնակիչներից ընտրություններին մասնակցել է շուրջ 9 միլիոնը: Եվ նրանց գերակշիռ մասը իր քվեն տվել է ընդդիմադիր թեկանուծին: Սա նշանակում է, որ Էրդողանի քաղաքական թիմը գրեթե չունի անորոշ կամ անտարբեր տրամադրված պոտենցիալ ընտրազանգված, որին կարելի լինի կողմոնորոշել դեպի իշխող ուժը: Ավելին, ինչպես իրավամբ նկատել տվեց արևմտյան մամուլը, Էրդողանը, կորցնելով Ստամբուլը, կրեց իր քաղաքական կարիերայի ամենամեծ պարտությունը: 

Ընդ որում այդ պարտությունը միայն քաղաքական չէր: Այստեղ կարևոր է դիտարկել հետընտրական իրողությունների հոգեբանական գործոնը: Պետք է նկատել, որ 3 ամսում իշխող ուժի 2 պարտությունը Թուրքիայում փաստացիորեն կոտրեց մի էական կարծրատիպ՝ էրդողանական իշխանության անպարտելիության կարծրատիպը: Սա վստահաբար լուրջ բեկում է առաջացնելու թուրքական հասարակության ենթագիտակցական շերտերում և հանրային վարքի դրսևորումներում: Իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության հեղինակությունը այլևս խարխլված է Թուրքիայի սրտում: Նրան անգամ չփրկեց ազգայնականների հետ դաշինք կազմելը, որը չկարողացավ հակակշիռ ապահովել քեմալականների ու քրդամետ ուժերի համագործակցությանը:

 

Էրդողանի ավտորիտար ռեժիմի գոյատևման հետհաշվարկը կարելի է արդեն սկսված համարել: Քեմալականների ու քրդամետ ուժերի քաղաքական համագործակցությունը գործող իշխանություններին  լուրջ մարտահրավեր դառնալու հնարավորություն ունի առաջիկա նախագահական ընտրություններում:

Իր ներկայիս բարձր հեղինակության ու այդ հեղինակության հետագա կապտիալիզացիայի դեպքում Իմամօղլուն բոլոր շանսերը կունենա 2023-ի  նախագահական ընտրություններում հաջողակ թեկնածու լինելու համար: Ստամբուլի ընտրություններից հետո խիստ կասկածելի են դառնում իշխող ուժի վերարտադրության ծրագրերը: Այսպիսով, չի բացառվում, որ 2023-ին Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակը Էրդողանը կդիմավորի առանց գահի կամ Թուրքիան առանց Էրդողանի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ