Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Քաղաքականությունը բանաստեղծություն չէ...

am
qaxaqakanoutyoune-banastexcoutyoun-ce

1968-ին էր, ես Ամերիկայից նոր էի վերադարձել: Մի խումբ ուսուցիչներ եկան ինձ մոտ, բոլորը համալսարանավարտ, երեսուն-հիսուն տարեկան մարդիկ էին, շուրջ քառասուն հոգի: Երկար խոսեցինք: Վերջում խոսքը հասավ Հայկական դատին, մեր հողերի հարցին:

«Վեհափառ, արտասահմանի հայերը ի՞նչ են անում, ի՞նչ են մտածում»,- հարցնում էին:

Ես մի քիչ նեղ դրության մեջ էի ընկնում: Չէի ուզում նրանց հուսախաբ անել, մյուս կողմից էլ չէի թույլ տալիս ինձ, որ շատ հուսադրեմ: Հանկարծ տնօրեններից մեկը վեր կացավ, թե՝ «Վեհափառ ջան, եթե Դուք, իբրև Ամենայն Հայոց Կաթողիկոս, վեր կենաք, ուժեղ մի գրությամբ ներկայանաք Միացյալ Ազգերի Կազմակերպության, Հայկական դատը չի՞ լուծվի»:

Ես պատասխանեցի՝ «Սիրելիս, չի լուծվիր»:

«Բա ո՞նց թե չի լուծվիր, հապա արդար չէ՞ մեր դատը»:

Ահա մի օրինակ: Երկրորդ՝ երկրաշարժից առաջ էր, դարաբաղյան այդ փոթորկումի ժամանակ մի հեռագիր ստացա Երևանից: Հեղինակը լեզվաբան, համալսարանի դասախոս է: Հեռագրի մեջ մի տեսակ նկատողության ձևով դիմում էր ինձ Ղարաբաղի հարցով, թե՝ Դուք Ձեր «հզոր ձայնով» եթե հանդես գաք, Ղարաբաղի հարցը կլուծեք: Ուրեմն, ստացվում է, որ Կաթողիկոսը իր «հզոր ձայնը» չի ասում, Ղարաբաղի հարցը չի լուծվում: Նրան հրավիրեցի: Համակրելի մարդ էր, հիսուն տարեկանի մոտ, բարեկամացանք, անշուշտ:

Գիտեք, այսքան միամտություն վտանգավոր է մի ժողովրդի համար: 
Մաղթելի է, որ մեր ժողովուրդը, այստեղ թե արտասահմանում, հասկանա, որ այս անիրավ աշխարհում քաղաքականություն ասվածը ոչ բանաստեղծություն է, ոչ փիլիսոփայություն, ոչ էլ բարոյախոսություն:

Վազգեն Ա
Կաթողիկոս Ամենայն Հայոց
30 ապրիլի, 1989թ.

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ