Քիմիան ստեղծագործություն է. ամեն օր կարող ես նոր բան ստեղծել

qimian-stexcagorcoutyoun-e-amen-or-karox-es-nor-ban-stexcel

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը շարունակում է «Գիտական Հայաստան» հոդվածաշարը, որտեղ ներկայացնում է Հայաստանում ապրող ու աշխատող գիտնականներին, որոնք, հաճախ, անտեսված են հասարակության և պետության կողմից: Աշխատելով բարդ պայմաններում, նրանք փորձում են համահունչ քայլել աշխարհին և իրենց ներդրումն ունենալ գիտության բնագավառում:

Այսօր մեր զրուցակիցն է Քիմիական գիտությունների թեկնածու  Անի Հասրաթյանը, ով նաև Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մասնագիտական խորհրդի գիտքարտուղարն է:

Քիմիան ստեղծագործելու անսահման հնարավորություններ է տալիս

Ես ընտրել եմ քիմիկոսի մասնագիտությունը, որովհետև դա անչափ հետաքրքիր մասնագիտություն է: Ես գիտեի, որ բարդ է, դպրոցում ո՞վ է մտածում, որ ամենահեշտ առարկան քիմիան է: Իհարկե հեշտ չէ այս աշխատանքը, բայց երբ սկսում ես խորանալ քիմիայի մեջ, հասկանում ես, որ այն ոչ մի սահման չունի և դու կարող ես ցանկացած ուղղություն քեզ համար ընտրես, կարող ես փոխել այդ ուղղությունները, մի քանի ուղղություններ իրար միացնել և ստանալ բոլորովին նոր միացություն, նոր համակարգ, ինչը շատ հետաքրքիր է:

Բացի այդ, քիմիական նյութերի հետ աշխատանքը չկրկնվող է. դու ամեն օր կարող ես նոր բան անել, ազատորեն ստեղծագործել, ինչը շատ մասնագիտություններում անհնար է:

Չեմ ձգտում հեռանալ Հայաստանից, չնայած դրսում հնավորություններն ավելի մեծ են

Քիմիան մրցակցային դաշտ է, որովհետև այն ստեղծագործություն է: Օրինակ, իմանալով ազերը, դու կարող ես ստեղծագործել ու նոր նյութրե սինթեզել, կարող ես օժանդակել դողորայքի պատրաստմանը: Դեղագործական քիմիան սկսվում է հենց օրգանական քիմիայից,  և եթե չգիտես օրգանական քիմիա, չես կարող շարունակել աշխատել այս ոլորտում: Դա է պատճառը, որ օրգանական քիմիան այսօր ակտուալ մասնագիտություն է:  

Ես կուզեի Հայաստանում գիտությունը զարգանար նույն տեմպերով, ինչ աշխարհում: Ճիշտ է, մենք փորձում ենք համաքայլ ընթանալ աշխարհին, մասնակցում ենք կոնֆերանսների, միջազգային ամսագրերում ենք հրապարակվում, այնուամենայիվ ավելի մեծ քայլելով առաջ ընթանալու խնդիր ունենք: Ինքս էլ, օրինակ, չեմ ձգտում հեռանալ Հայաստանից, չնայած դրսում հնավորությունները շատ ավելի մեծ են: Կարծում եմ՝ ավելի լավ է, որ գիտնականները մնան Հայաստանում և այստեղ բարելավեն գիտությունը:

Աշխատում ենք տարբեր ուղղություններով

Բացի քիմիայի բնագավառում իրականացվող աշխատանքից այժմ նաև աշխատում եմ նրանց հետ, ովքեր պետք է պաշպանեն իրենց գիտական աշխատանքները: Օգնում եմ նյութեր հավաքել, ամբողջությամբ ձևակերպել աշխատանքը:  Նաև համագործակցում ենք մի շարք ինստիտուտների հետ, դասավանդում քիմիային վերաբերող տարբեր առարկաներ՝  օրգանական ու բիոօրգանական քիմիա, ընդհանուր քիմիա և այլն, ու այդ ամենը՝ անգլերենով:  

Ներկայումս լաբորատորիայում իրականացնում ենք նուրբ օրգանական սինթեզ, ինչն իր մեջ ներառում է թորումներ, օրգանական սինթեզներ, նաև՝ բյուրեղացում: Այս ամենը, ինչ կարող եք տեսնել լաբորատորիայում, մեր աշխատանքի փոքր մասն է ներկայացնում: Մենք գուցե տեխնիկապես մի քիչ հետ ենք աշխարհից, բայց մեր ունեցած բազայով, չեմ կարծում, որ շատ հետ ենք:

Հետաքրքրությունը մեծ է մեր աշխատանքի նկատմամբ

Երբ մասնակցում ենք միջազգային կոնգֆերանսներին և ելույթ ունենում, այլ գիտնականները շատ հետաքրքրված են մեր աշխատանքներով: Մենք , օրինակ, աշխատում ենք կանաչ քիմիայի ոլորտում, որն էլ հենց ապահովում է մաքրությունը, ոչ վտանգավոր նյութերի օգտագործումը շատ ավելի օպտիմալ պայմաններում: Դա մի կողմից շրջակա միջավայրին վնաս չի տալիս, մյուս կողմից էլ չի խոչընդոտում նոր բացահայտումներին:

Այն, որ մենք փորձում ենք աշխատել առանց վնասակար միացությունների կարևոր է նրանց համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ