Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակում նոր ու գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել

am es
rak-siraki-marzayin-grasenyakoum-nor-ou-gexecik-avandouyt-e-ceavorvel

Հունիսի 25-ին Ռամկավար Ազատական կուսակցության Շիրակի մարզային կառույցի գրասենյակում սկիզբ դրվեց մի գեղեցիկ ավանդույթի, որի առաքելությունը ՌԱԿ անդամ և համակիր դպրոցական և համալսարանական շրջանավարտներին շնորհավորելն ու խրախուսելն է:

Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզի Գյումրու և մյուս համայնքների բանիմաց ու շնորհաշատ երիտասարդները, ովքեր ընդգրկված են «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբում, ՌԱԿ անդամներ են և ՌԱԿ համակիրներ: Այս տարի շրջանավարտները երեսունինն են, որոնցից վեցն ավարտել են դպրոցը, մեկը՝ մագիստրատուրան, իսկ երեսուներկուսը՝ ԵՊՀ-ի և ՇՊՀ-ի տարբեր ֆակուլտետների բակալավրիատը:

Միջոցառման մեկնարկը ողջույնի ու շնորհավորանքի ոգևորիչ խոսքով ազդարարեց ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Հովիկ Կարապետյանը: Հակիրճ ներկայացրեց միջոցառման նպատակը, ընթացքը և նշեց, որ այն պիտի դառնա բարի ու հաճելի ավանդույթ: Հաջորդիվ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հոգևոր հովիվ, արժանապատիվ  Տեր Հակոբ քահանա Գրիգորյանը շնորհավորական ուղերձով հանդես եկավ, որը պսակվեց «Հայր մեր» աղոթքի օրհնանքով և Ներսես Շնորհալուց մեջբերված մի հատվածով՝ գիտության ու դպրության կարևորության մասին: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի ատենապետ Շուշանիկ Զառաֆյանը:

 

Շնորհավորանքի խոսքերն իրեղենացան հաճելի անակնկալներով. յուրաքանչյուր շրջանավարտ ծափողջյունների ներքո ստացավ իր ընտրած գիրք-նվերը և մեկական ծաղիկ, որից հետո յուրաքանչյուրը զարդարեց միջոցառումը իր բնատուր կամ ձեռքբերովի տաղանդով: Ասմունքեցին ՇՊՀ-ի Հայոց լեզու և գրականություն բաժնի բակալավրիատը գերազանցությամբ ավարտած  Անահիտ Սարգսյանը /Համո Սահյան «Ինչ արած, մարդ եմ»/, ՌԱԿ անդամ Նաիրա Հովսեփյանը /Պարույր Սևակ «Ուզում եմ»/, 12-րդ դասարանի շրջանավարտ Աստղիկ Խաչատրյանը: Վերջինս  ասմունքեց իր իսկ հեղինակած  ստեղծագործություններից:

 

Շնորհակալություն հայտնեցին ՇՊՀ-ի Հայոց լեզու և գրականություն բաժնի բակալավրիատը գերազանցությամբ ավարտած  Ռիտա Մխիթարյանը, ավագ դպրոցն ավարտած խոհեմ Անահիտ Հովսեփյանը և մյուսները: Բոլորն էլ ոգևորված էին նման լավ վերաբերմունքից:

 

 

Իր գեղեցիկ հայկական պարը՝ «Ուզունդարան», շրջանավարտ ընկերներին, միջոցառման կազմակերպիչներին ու հյուրերին ներկայացրեց ավագ դպրոցի շրջանավարտ Լարիսա Գալոյանը, իսկ ՇՊՀ-ի կիրառական արվեստի բակալավրիատի շրջանավարտները՝  Անահիտ Մխիթարյանը, Մանյա Աճեմյանը, Գոհար Խաչատրյանը, Լիլիթ Հարտենյանը և Մկրտիչ Մինասյանը, ցուցահանդեսի տեսքով ներկայացրին իրենց հետաքրքրիր ու յուրօրինակ ձեռքի աշխատանքները՝ նկարներ կավի ու խեցեղենի վրա, բնանկարներ, խճանկարներ, քանդակներ և այլն:

 

Միանգամից աչքի էին ընկնում տաղանդաշատ երիտասարդի՝ ավագ դպրոցի շրջանավարտ Հովհաննես Հովհաննիսյանի պատկերած դիմանկարները՝ Ազնավուր, Մհեր Մկրտչյան, Մկրտիչ Արզումանյան:

 

Միջոցառումը իրենց կատարումներով ավելի գեղեցկացրին ՌԱԿ անդամներ, թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Միքայել Պետրոսյանը, հոգեբան Անահիտ Պետրոսյանը իր «Ես լսեցի մի անուշ ձայն» երգով և 6-րդ երաժշտական դպրոցի սան, ֆլեյտահար Համբարձում Հարությունյանը՝ կատարելով Կոմիտասի երգացանկից «Քելե-քելե» և «Ալ այլուղս» մեղեդիները:

 

Ջերմ մթնոլորտը ամփոփվեց ընդհանուր լուսանկարում, որ արվեց Ռամկավար Ազատական կուսակցության մարզային գրասենյակի մուտքի դիմաց՝ որպես օրվա գեղեցիկ հուշ:

 

Նաիրա Հովսեփյան

ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի անդամ

 

 

 

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ