Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Ռազմական ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունն ավելի ինտենսիվ է դառնում. Տարոն Հովհաննիսյան

razmakan-olortoum-adrbejani-e-tourqiayi-hamagorcakcoutyounn-aveli-intensiv-e-darnoum-taron-hovhannisyan

Օրերս հայտնի դարձավ, որ հունիսի 7-11-ը Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը Նախիջևանում անցկացնելու են «Անդրդվելի եղբայրություն 2019» զորավարժությունը: Սա թվով չորրորդ համատեղ զորավարժությունն է այս տարվա ընթացքում:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ զորավարժություններից երկուսը հենց Նախիջևանի տարածքում էին անցկացվել: «Եթե դիտարկում ենք վերջին 4-5 տարիների միտումները, Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը տարբեր ոլորտներում ավելի ինտենսիվ է դառնում: Մինչև 2010 թվականը նրանց համագործակցությունը շատ ցածր էր, ու չնայած քաղաքական հարաբերություններին, ռազմական ոլորտում Թուրքիան և Ադրբեջանը գրեթե համագործակցություն չունեին:

2010-ից հետո իրենք մի քանի ուղղություններով ակտիվացնմում են կապերը, և ուղղություններից մեկը հենց զենքի գնումներն են: Ադրբեջանը Թուրքիայից բավական զենք է գնում վերջին տարիներին: Դա կապված է նաև նրա հետ, որ Թուրքիան իր ռազմարդյունաբերությունը զարգացրել է հատկապես վերջին  10 տարվա ընթացքում: Այսինքն, հիմա նրանք ունեն զենքեր և վաճառում են, իսկ առաջ գերմանական զենքեր էին օգտագործում, իսկ Գերմանիան չէր թույլ տա, որ դրանք վերաարտահանվեն Ադրբեջան»,- ասաց նա:

Փորձագետը նշեց, որ թուրքական զենքերի զգալի մասը տեղակայվում է հենց Նախիջևանում, որտեղ էլ հաճախակի անցկացվում են համատեղ զորավարժություններ:

«2018 թվականին առնվազն 3 զորավարժության Նախիջևանն է  ներգրավված եղել, ընդ որում՝ մեկը Կարսում են անցկացրել: Հիմնական շեշտը դրել են հատուկ նշանակության ստորաբաժանումների, դիպուկահարների պատրաստության վրա: Իրենց զորավարժություներն ավելի շատ պատրաստություն են, քան խոշոր ինչ-որ սցենարով զորավարժություններ: Այսինքն, իրենք մեծ մասշտաբի մարտական գործողություններ չեն խաղարկոմ, ավելի շատ խաղարկում են համատեղ գործողություններ իրականացնելու սցենարներ, շեշտադրում Ադրբեջանի բանակի պատրաստության դասընթացները թուրքական զինված ուժերի զինծառայողների կողմից»,- նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Նախիջևանի ընտրությանը՝ համատեղ զորավարժությունների անցկացման տեսանկյունից, Տարոն Հովհաննիսյանը նկատեց, որ դա պայմանավարված է հիմնականում նրանով, որ Ադրբեջանը, բացի Նախիջևանից, ցամաքային այլ սահման չունի Թուրքիայի հետ.  «Բայց սա չի նշանակում, թե Թուրքիայի ու Ադրբեջանի նախիջևանյան առանձին համազորային բանակի զինծառայողները անպայման ռազմական գործողություն են սկսելու ՀՀ-ի դեմ, սա նշանակում է, որ եթե լինեն ինչ-որ ռազմական գործողություններ, ապա այնտեղ կլինեն Թուրքիայի հետ մարզված, պատրաստված զինծառայողներ և թուրքական տեխնիկա»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ