Ռուս-թուրքական նոր գամբի՞տ

rous-tourqakan-nor-gambit

Ադրբեջանական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ օրերս Թուրքիայի մոտ հարյուր զինվորականներ կայցելեն Բաքու՝ ծանոթանալու ադրբեջանական զինանոցում առկա S-300 PMU Favorit զենիթա-հրթիռային համակարգին: Ըստ տեղեկատվության, նպատակն այն է, որ թուրք զինվորականները նախապատրաստվեն Ռուսաստանից ձեռք բերվելիք S-400 համակարգի կառավարմանը:

Տեղեկացվում է, որ թուրք զինվորականներն Ադրբեջանում որոշակի փորձաշրջան անցնելուց հետո Բաքվից անմիջապես կուղեւորվեն Ռուսաստան, որտեղ կծանոթանան S-400 ԶՀՀ կառավարման նրբություններին եւ ձեռք կբերեն անհրաժեշտ հմտություններ:

Այս տեղեկատվությունը, թերեւս, ուշադրության արժանի չլիներ, եթե չուղեկցվեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության զորքերի նախկին հրամանատար գեներալ Խատիլեւի մեկնաբանությամբ, առ այն, որ S-400 համակարգի «որոշ տեսակի հրթիռներ կարող են գործարկվել նաեւ S-300 Favorit-ից»: Նման մակարդակի զինվորականի, թեկուզև՝ պաշտոնաթող, դիտարկումը դժվար է պատահականություն համարել: Եւ այստեղ ծագում է տրամաբանական հարց՝ թուրք զինվորականները չէին կարո՞ղ հենց Ռուսաստանում ծանոթանալ իրենց հետաքրքրող զենիթա-հրթիռային համակարգին եւ անմիջապես էլ անցնել վերապատրաստման:

Ինչո՞ւ են նրանք Մոսկվայի ճանապարհին տեւական կանգառ անում Բաքվում: Եւ ի՞նչ է նշանակում ռուս գեներալի ակնարկը, թե S-300 համակարգից կարելի է գործարկել S-400-ի որոշ տեսակի հրթիռներ:

Ինչպես հայտնի է, Թուրքիան արդեն եկող տարի ձեռք կբերի S- 400 համակարգ՝ չնայած ՆԱՏՕ-ի եւ առանձնապես Միացյալ Նահանգների կողմից խիստ դժգոհությանը: Թուրքիայի ինչի՞ն է պետք հակաօդային պաշտպանության ռուսական այդ համակարգը, եթե ՆԱՏՕ-ի անդամ է եւ գտնվում է, ինչպես ասում են, ռազմական այդ կառույցի հովանու ներքո: Արդյոք, այստեղ գործ չունե՞նք ռուս-թուրքական հերթական գամբիտի հետ, երբ նորագույն զենիթա-հրթիառային համակարգն Ռուսաստանից իրավաբանորեն ձեռք է բերում Թուրքիան, բայց այն հետագայում կարող է հայտնվել Ադրբեջանի զինանոցում: Թուրքիան եւ Ադրբեջանն, ինչպես հայտնի է, կապված են ռազմական ոլորտում փոխադարձ օգնության պայմանագրով: Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ եւ այլ զինատեսակներ:

Ադրբեջանական բանակի սպաները վերապատրաստում են անցնում Թուրքիայի ռազմական հաստատություններում: Պարբերաբար տեղի են ունենում թուրք-ադրբեջանական միացյալ զորավարժություններ: Քաղաքական իմաստով, Թուրքիան ստանձնել է Ադրբեջանի անվտանգության երաշխավորի առաքելություն: Այս համատեքստում ամենեւին էլ էկզոտիկ չէ այն ենթադրությունը, որ S- 400 համակարգն Ռուսաստանից ձեռք բերելու որոշում Թուրքիան կայացրել է Ադրբեջանի հետ սերտ խորհրդատվության պայմաններում: Ավելի վաղ թուրքական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ռուսական նորագույն ԶՀՀ համակարգերը Թուրքիան կտեղաբաշխի Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում:

Ռազմական փորձագետները վստահաբար պնդում են, որ S-300 ԶՀՀ առնվազն մեկ դիվիզիոն Ադրբեջանը տեղաբաշխել է Նախիջեւանում: Ավելի ու ավելի են աշխուժանում ենթադրությունները, որ Թուրքիան, հավանական է, մոտ ապագայում ռազմահենակայան կունենա Նախիջեւանում: Ամենեւին էլ բացառված չէ, որ Ռուսաստանից ձեռք բերվելիք S- 400 զենիթա-հրթիռային համակարգը կարող է հայտնվել նաեւ Նախիջեւանում: Ռազմական փորձագետները նշում են նաեւ, որ ռուս-թուրքական գործարքը չի սահմանափակվի միայն ԶՀՀ առքուվաճառքով: Պայմանավորվածությունը ներառնում է նաեւ տեխնոլոգիաների տրամադրում թուրքական կողմից: Իսկ դա նշանակում է, որ տեսանելի ապագայում Թուրքիան կարող է սկսել S- 400 համակարգի հրթիռների սեփական արտադրություն, որն, ամենայն հավանականությամբ, կսպասարկի նաեւ Ադրբեջանի պահանջները, եթե հնարավոր է, որ այդ հրթիռները գործարկվեն ադրբեջանական զինանոցում արդեն իսկ առկա S-300 համակարգից: Ավելի վաղ մամուլում թռուցիկ տեղեկություն էր հայտնվել, որ Ադրբեջանն իր ռազմական օդանավակայաններից մեկի ենթակառուցվածքները տրամադրել է թուրքական կողմին:

Մեծ է հավանականությունը, որ թուրք, ավելի քան, հարյուր մասնագետների այցը Բաքու կարող է դառնալ նրանց մշտական ներկայություն: Թուրքիան եւ Ադրբեջանը, բացառված չէ, գնում են հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու ճանապարհով: Երկու երկրներին, երեւում է, կապում են նույն աղբյուրից՝ Ռուսաստանից ձեռք բերված տեխնոլոգիաները:

Տարածաշրջանում ինտեգրացիայի նման օրինակ առկա է՝ հայ-ռուսական միացյալ ՀՕՊ համակարգը: Ռուսաստանը, կարելի է ենթադրել, նպաստում է, որպեսզի ստեղծվի նաեւ թուրք-ադրբեջանական միացյալ ՀՕՊ: Ի՞նչ ռազմա-քաղաքական զարգացումներ կարող են հետեւել դրան՝ մնում է միայն ենթադրել: Ըստ երեւույթին, հաշվարկն այնպիսին է, որ ուժային հավասարակշռությունը կայունության երաշխիք է: Բայց կարելի՞ է վստահել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը չի գնա իրավիճակի սրացման:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ