Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Սա՞ է արդար, ուժեղ Հայաստան կերտելու ճանապարհը

am
sa-e-ardar--oujex-hayastan-kertelou-janaparhe

Քաղաքական իրողությունների պատմական, օբյեկտիվ գնահատականը տալիս է ոչ թե օրվա սերունդը, այլ հաջորդները: Դա այդպես է, քանի որ տվյալ ժամանակի գնահատականներում հաճախ գերիշխող են դառնում անձնական սևեռումները, օբյեկտիվությունը հետին պլան է մղվում, արդյունքում քաղաքական նույն իրողությունը ստանում է խիստ տարբեր գնահատական: Ի դեպ, թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում հակասական գնահատականների առատություն է:

Երկրի նախկին բարձրագույն իշխանություններին, մասնավորաբար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության կանչելը շատ դժվար էր պատկերացնել շաբաթներ առաջ: Բայց դա եղավ: Եվ հիմա երկրորդ նախագահը «Մարտի 1-ի» գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, ու եթե օրեր առաջ նա վկայի կարգավիճակում էր, ապա այժմ՝ մեղադրյալի:

Հնչող գնահատականներն էլ, ինչպես միշտ, խիստ հակասական են. քաղաքական հաշվեհարդարից մինչև իրավական վակխանալիա, քաղաքական տեռոր, արդար վճիռից մինչև "ավգյան ախոռների" մաքրում:

Տասնամյակներ շարունակ վերևներում եղել է այն մտայնությունը, թե իրենց դեմ <<խաղ>> չկա, ինչ կուզեն՝ կանեն: Վերին օղակների անպատասխանատվությունն է պատճառը, որ անցած 25 տարիներին ականատես եղանք իրավական ու բարոյական մերժելի երևույթների: Ու հիմա լավ է, որ դրվում է պետական բարձր պատոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցը: Սա նաև դաս է ներկա ու ապագա պաշտոնյաների համար. թող իմանան, որ մի օր հաշիվ են տալու:

Բայց սա հարցի մի կողմն է, մինչդեռ կան նաև այլ կարևոր հանգամանքներ:

Նախ, պետությունները մեկ օրում չեն կայանում, ոչ էլ երկու ամսում հնարավոր է երկիրն ազատել տասնամյակներով արմատացած բացասական երևույթներից՝ կոռուպցիա, մենաշնորհներ, առավել ևս անհնար է միաժամանակ բացահայտել նախկին աղմկահարույց գործերը, միաժամանակ բոլոր ուղղություններով երկրում դատական գործընթաց ծավալել: Նման արագացված տեմպերը մտահոգիչ են, քանզի դրանք երկիրը կարող են տանել լրջագույն ցնցումների:

Ինչո՞ւ հիմա, և ինչո՞ւ այսչափ արագ, այսչափ հապշտապ տեմպերով մեկը մյուսին հաջորդում են ցնցող բացահայտումները: Նորմալ երկրներում դրանք արվում են բնական հունով, դանդաղ, որպեսզի պետությունը զերծ մնա ներքին ցնցումներից, հասարակությանն էլ՝ շոկերից: Մեզ մոտ ճիշտ հակառակն է, թվում է, թե ամեն ինչ արվում է հասարակությանը հնարավորինս հաճախ ցնցելու ու շոկային պահեր «պարգևելու» համար: Իշխանության նման քայլերը թույլ են տալիս ենթադրել, որ սա սպասվող նախընտրական քարոզարշավի մի մաս է: Գուցե իշխանությունը՝ ժողովրդին մինչ արտահերթ ընտրություններ էֆորիայի մեջ պահելու նպատակադրո՞ւմ ունի:

Ասածիս, թերևս կլինեն հակադարձողներ: Այդ դեպքում, հարցը դիտարկենք մյուս կողմից, եթե քարոզարշավի մաս չէ, ուրեմն, ինչո՞ւ նախկիններին պատժելու այս բարդ, բազմաշերտ գործընթացը, դատավարությունների այս շղթան, ներկա իշխանությունը չմեկնարկեց ընտրություններից հետո, երբ պետական ինստիտուտն ու նրա բոլոր օղակները որոշակիացած կլինեին:

Եվ, արդյո՞ք, այս ամենը ռիսկային չէ հենց նոր կառավարության համար:

Երկրորդ. երկիրը «աղբից»՝ հին ու նոր, պիտի ազատվի, բայց դա պետք է կատարվի բացառապես արդար մեթոդներով, այդ գործընթացում ամենափոքր իսկ կասկածը կարող է իրավա-քաղաքական, բարոյական հարթության մեջ խնդիրներ առաջացնել: Եվ այսօր արդեն իսկ տեսանելի են իրավական անհարթությունները, քիչ չեն նաև հարցականները:

Հայաստանի ցանկացած նախագահի նկատմամբ մինչ որևէ մեղադրանք առաջադրելը, անկախ նրա հանդեպ հասարակության համակրանքին ու հակակրանքին, այն պետք է լիովին հիմնավորված լինի, հակառակ դեպքում կատարվողը կդիտվի որպես քաղաքական հետապնդում: Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ սահմանադրական կարգի տապալում, շատ իրավաբաններ արդեն իսկ անհեթեթություն են որակվում:

Ոչ պակաս անհասկանալի է ՀՔԾ-ի քայլը՝ նախկին նախագահին վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրելն ու մեղադրանք առաջադրել։ Դրանով խախտվեց Սահմանադրության 140 հոդվածը, երբ առանց եզրակացություն ունենալու՝ Քոչարյանի գործողությունները նախագահի լիազորությունների շրջանակո՞ւմ են, թե՞ դրանցից դուրս, քրեական հետապնդում է սկսվել Սահմանադրությամբ անձեռնմխելիություն ունեցող անձի դեմ։

Երրորդ. նախկին իշխանավորներից հաշիվ պահանջելու ճանապարհին երբեք չպետք է տարբերակում լինի՝ «հին յուրայինների» ու «հին ոչ յուրայինների» միջև: Եթե բացվել է «պանդորայի արկղը» ու եկել է «ավգյան ախոռները» մաքրելու ժամանակը, ուրեմն՝ այդ գործընթացը պետք է տարածվի թե՛ մեկի, թե՛ մյուսի վրա, պետք է լինի բացարձակապես օրենքի դաշտում, ոչ թե անձնական վերաբերմունքների կան վրեժխնդրության: Անձնական հավակնությունները պե՛տք է ստորադասվեն պետական շահին:

Եվ ուրեմն, եթե՝ «ախոռների մաքրում», ապա այդ ցանկից դուրս չպետք է մնան 1996-ի հայտնի դեպքերը, որոնցով մեզանում հիմք դրվեց ընտրական գործընթացների բարոյազրկման, կասկած սերմանվեց ընտրությունների օրինականության նկատմամբ, իսկ անօրինականությունները կոծկվեցին՝ որևէ մեկը պատասխանատվություն չկրեց կատարվածի համար:

Ու եթե ազնիվ են ներկաների նպատակները, ուրեմն, այն հիմքով, որով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել՝ 2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած ու ողբերգական հետեւանքներ ունեցած դեպքերի հետ կապված, նույն հիմքով մեղադրանքը պետք է ներկայացվի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ 1996թ. սեպտեմբերի 25-26-ի դեպքերի հետ կապված, երբ բանակը, տանկերով ու զրահամեքենաներով գրավեց Երեւանը:

Ինչ վերաբերում է 2008-ի մարտի 1-ի արյունալի զարգացումներին, դրա պատասխանատվության մեջ իր բաժինն ունի նաև առաջին նախագահը: Հետևաբար, չպետք է ուշանա ՀՔԾ-ի համարժեք քայլերը նաև Տեր Պետրոսյանի հարցում:

Սա է պահանջում ողջամտությունն ու արդարությունը:

Հիմա տեսնենք, թե ի՞նչ է կատարվում Հայաստանի քաղաքական դաշտում. շոուների սիրահաները շփում են ձեռքերը՝ իրական «կինոն» սկսվեց, կեղտոտ «սպիտակեղենի», կոմպրոմատների, արտաքին միջամտության պակաս չի զգացվի։ Ոմանք համոզված են, որ Ռ. Քոչարյանն ամեն ինչ բացահայտելու է, անուններ է հնչեցնելու: Վերջինիս մամլո խոսնակ Վիկտոր Սողոմանյանն արդեն ակնարկել է. «Ամեն ինչ կբացահայտվի, հասարակությունը դեռ շատ հետաքրքիր բաներ կիմանա, որովհետեւ տարիներ շարունակ զոմբիացված է եղել կեղծ քարոզչությամբ: Վստահեցնում եմ՝ «Բերիային» գտնելու ենք, նա պատժվելու է: Իրավական «բեսպրեդել» չի լինելու: Պաշտոնաթող նախագահին անձնական-քաղաքական հաշվեհարդարի ենթարկելը չի անցնելու, նրան ապօրինի հետապնդողները պատժվելու են»:

Քաղաքական դաշտի մի հատվածն էլ հրճվանքի մեջ է՝ քաղաքական հակառակորդին մեղադրյալի կարգավիճակում տեսնելու համար: Նրանք հիմանականում տեր-պետրոսյանականներն են, որոնք անթաքույց ոգեւորված են կատարվածով: Կան անգամ ներքին Նյուրենբերգ ունենալու մասին երազողներ, կան անձնական վրեժխնդրությամբ տառապողներ:

Քաղաքական դաշտի մյուս հատվածում ուժեր են, որոնք ավանդաբար եղել են Քոչարյանի քաղաքական հենարանը, խոսքը ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի մասին է, ու հիմա կատարվածը որակում են որպես քաղաքական հաշվեհարդար: Նրանք համոզված են, որ ներկայիս իշխանությունը իրականացնում է Տեր-Պետրոսյանի ստվերային հրահանգները և զբաղված է պատմության վերաշարադրմամբ, փորձում է արդարացնել այն, ինչ այդ օրերին արվել է ընդդիմության կողմից:

Սա նշանակում է՝ մեկնարկել է Քոչարյան-Տեր Պետրոսյան բացահայտ, հրապարակային առճակատումը, որն այս անգամ կլինի անզիջում ու դաժան:

Անկեղծ ասած, ներհայաստանյան ներկայիս իրողություններն ազգային, պետական շահերի տեսանկյունից բավականին մտահոգիչ են: Ամենևին ողջունելի չէ, երբ ի լուր աշխարհի հայտարարվում է, թե Հայաստանում բոլոր նախագահները, բանակի բարձրաստիճան ղեկավարները, գեներալները կոռուպցիոներներ են և նրանց պետք է դատի տալ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնող Յուրի Խաչատուրովին նույն գործով ու նույն բովանդակությամբ մեղադրանք ներկայացնելն էլ մեկ այլ վտանգավոր խաղ է, արտաքին-քաղաքական կոպիտ սխալ:

Ու այս ամենի ֆոնին, հարց է առաջանում, սա է՞ աշխարհին որպես ժողովրդավար երկիր ներկայանալու տարբերակը, սա՞ է արդար, ուժեղ Հայաստան կերտելու ճանապարհը:

Հեղինակ՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Լրահոս

Նմանատիպ նորություններ