Սահմանադրությամբ ամրագրվեց հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը

am es
sahmanadroutyamb-amragrvec-haykakan-erkrord-hanrapetoutyan-kayacman-iravakan-paste

2006 թվականի դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով, արցախցիներն ընդունեցին պետության հիմնական օրենքը` Արցախի Հանրապետության Սահմանադրությունը: Դրանով ամրագրվեց Արցախի նաև իրավական հաղթանակը:

Հիշեցնենք, որ 27 տարի առաջ նույն օրը՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ մեկ այլ՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեն, որով արցախահայությունն իր «այո»-ն ասաց իր երազած անկախությանը:

2006-ին կայացած սահմանադրական հանրաքվեն ևս աննախադեպ էր՝ թե՛ իր կազմակերպման բարձր մակարդակով, թե՛ քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ: Հանրաքվեին մասնակցեց գրանցված քաղաքացիների 87%-ը, Սահմանադրությանը կողմ քվեարկեց` 99.58%-ը:

Այս անգամ էլ արցախահայությունն իր ազատ ու անկաշկանդ քվեարկությամբ «այո» ասաց երկրի հիմնական օրենքին, ու դրանով մեկ անգամ ևս վերահաստատեց անկախ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու իր կամքն ու վճռականությունը։

Սահմանադրությամբ ամրագրվեց հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը:

ԼՂՀ Սահմանադրության ընդունումը կարևոր դեր խաղաց ինքնորոշված Արցախ պետականությունն ամրապնդելու, երկրում իրավական և ժողովրդավարական կարգեր հաստատելու գործում:

Ի դեպ, Արցախի Սահմանադրության հանրաքվեն հայտնվեց միջազգային տարբեր կազմակերպությունների ուշադրության ներքո. այդ օրը Արցախ էին ժամանել մեծ թվով դիտորդներ աշխարհի տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Աբխազիայից, Հարավային Օսիայից, Մերձդնեստրից եւ այլն։ Հետաքրքիրն այն է, որ տարբեր հարցերում մեկմեկու բախվող արեւմտյան ու ռուսաստանյան դիտորդների կարծիքները արցախյան հանրաքվեի գնահատման հարցում դրսեւորեցին միասնական դիրքորոշում: Դա հերթական անգամ վկայեց՝ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցում գերտերությունների մոտ առկա միակարծության մասին:

Փոխարենը շոկի մեջ էր հայտնվել հարևանը Ադրբեջանը: Ադրբեջանական քաղաքագետները ջանք չէին խնայում իրար հաջորդող հայտարարություններով միջազգային հանրությանը մեսիջներ ուղղել, թե Արցախի սահմանադրական հանրաքվեն կարող է խոչընդոտել բանակցային գործընթացին: Այս անհեթեթություններին հակադարձեց ԼՂՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանը. «Լեռնային Ղարաբաղի սահմանադրության ընդունումը եթե ազդեցություն էլ ունենա բանակցային գործընթացի վրա, ապա միմիայն դրականորեն»,-հայտարարեց նա։

Պաշտոնական Բաքուն հանրաքվեի կազմակերպման մեջ փորձում էր անհիմն մեղադրել ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին: Ադրբեջանի Խաղաղության ու դեմոկրատիայի ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի եւ միգրացիայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովը հայտարարել էր, թե ԼՂՀ սահմանադրության հանրաքվեն պետք է դասել Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի անկախության հանրաքվեների շարքը, որոնք «պարզապես Ռուսաստանի խաղաքարտերն են հետխորհրդային տարածքում արեւմտյան երկրների դեմ պայքարում։ Դա Ռուսաստանի յուրահատուկ պատասխանն է Կոսովոյում տեղի ունեցած հանրաքվեին»։
Սրանով Ադրբեջանը փորձում էր Ղարաբաղյան հիմնահարցը դասել հետխորհրդային այն հակամարտությունների շարքում, որոնց կարգավորման հարցում կան լուրջ հակասություններ Ռուսաստանի ու Արեւմուտքի դիրքորոշումներում։

Չնայած հարևանի նման հիստերիկ ջղաձգումներին, Արցախն իր կազմակերպած սահմանադրական հանրաքվեով փաստեց, որ ի վիճակի է իրականացնել ու բարձր մակարդակով անցկացնել ԼՂՀ կարգավիճակի հարցով հանրաքվեն, ինչը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների կողմից բանակցությունների սեղանին դրված՝ շրջանակային համաձայնագրի առանցքային դրույթներից մեկն է։

Եվ Ադրբեջանն իրականում չունի որեւէ կոնկրետ փաստարկ հակազդելու նման հեռանկարին:

Լրահոս

Նմանատիպ նորություններ