Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Սահմանադրության չսերտած դասերը

sahmanadroutyan-csertac-dasere

Իմ խորին համոզմամբ, Սահմանադրության ստեղծումը մարդկության ամենակարևոր գյուտերից մեկն է և կարող է համեմատվել անիվի կամ դրամի գյուտի հետ: Եվ չնայած ժամանակակից տեսքով առաջին Սահմանադրությունն ընդունվել է համեմատաբար վերջերս՝ 1787 թվականի դեկտեմբերի 7-ին, ԱՄՆ Դելավեր նահանգի կողմից, այդ գաղափարի մշակումը պատկանում է համայն մարդկությանը, իսկ նրա արմատները թաքնված են դարերի խորքերում:

 

Նախ, մի քանի ձևակերպումներ, որոնք բնորոշում են մերօրյա Սահմանադրություններն ու մոտավորապես նույն քաղաքակրթական սանդղակների վրա կանգնած պետություններում իրարից քիչ են տարբերվում: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմքում ընկած է եվրոպական կամ, ավելի ստույգ, Ֆրանսիայի մոդելը:

 

Այսպիսով.

 

1. Սահմանադրությունը համարվում է ցանկացած պետության բարձրագույն օրենքը: Այն չի քննարկվում, պարտադիր է կատարման համար և կարող է փոփոխվել միայն համընդհանուր հանրաքվեի միջոցով:

 

2. Սահմանադրությունը պետության և նրա ինստիտուցիոնալ կառույցների, առաջին հերթին իշխանության երեք անկախ թևերի՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների գործունեությունը սահմանող հիմնադիր ակտն է:

 

3. Հանդիսանալով պետության քաղաքական-իրավական հիմնական փաստաթուղթը՝ այն ուրվագծում և արտահայտում է նրանում գործող հասարակական և քաղաքական կարգի հիմունքները, կարգավորում է պետության ներսում հասարակական հարաբերությունները: Սահմանադրությունը նաև անթերի իրավաբանական փաստաթուղթ է հանդիսանում, որի դրույթներն իրար չպետք է հակասեն:

 

Դե հիմա, ինչպես ասում են, տեսությունից անցնենք պրակտիկայի: Բնականաբար, միայն Սահմանադրական դատարանն է իրավասու գնահատականներ տալ երկրում սահմանադրական կարգի պահպանման վերաբերյալ, սակայն կան ակնհայտ եզրեր, որոնց վրա հնարավոր չէ կանգ չառնել:

 

Նախ, իմ կողմից նշված առաջին կետի մասով: Իհարկե, հանրաքվեի մասին դրույթը շատ կարևոր է: Բայց արդյո՞ք հասարակական պահանջով է պայմանավորված անկախության տարիներին արդեն ավանդույթ դարձած Սահմանադրություն փոփոխելը: Հիշեցնեմ, առաջին մայր Օրենքն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, 2003-ի մայիսի 25-ին այն փոփոխելու անհաջող փորձ կատարվեց, 2005-ի նոյեմբերի 27-ին նման մեկ այլ փորձ արդեն պսակվեց հաջողությամբ, և վերջապես 2016-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեն փաստեց, որ մեր հասարակությունը ցանկանում է նախագահական կառավարման մոդելը փոխարինել խորհրդարանականով:

 

Հատկապես, վերջին Սահմանադրական փոփոխությունը անց կացվեց, ակնհայտորեն, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով: Այն, ինչ տեղի ունեցավ դրանից գրեթե անմիջապես հետո, հանդիսացավ ժողովրդի կողմից եթե ոչ մերժված, ապա սառը վերաբերմունքի արժանացած փոփոխությունների արգասիքը: Ցավոք, այդ ակնհայտ փաստը չի գիտակցվում նախկին իշխանության մեծամասնության կողմից և կարծեք թե դաս չի հանդիսանում նոր իշխանությունների համար:

 

Այդ մասին է վկայում, մասնավորապես, իշխանության երեք թևերի անկախության վերաբերյալ դրույթի ապահովման այսօրվա վիճակը: Չեմ ցանկանում կրկին անդրադառնալ վերջին հայտնի իրադարձություններին, այդ մասին շատ է գրվել և խոսվել, պարզապես փաստեմ, որ եթե նախկինում էլ այստեղ լուրջ հարցեր կային, ապա այսօր ակնհայտորեն փորձ է արվում դասական երեք իշխանությունները դարձնել միակենտրոն, ինչը կործանարար ճանապարհ է մեր երկրի համար:

 

Եվ վերջում՝ պետության ներսում հասարակական հարաբերությունների կարգավորման մասին: Այսօր, ըստ իս, տեղի է ունենում հակառակ գործընթաց, երբ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ճաշակով է մեկնաբանում Սահմանադրության հիմնարար դրույթները, իսկ ոմանք արդեն պնդում են, որ Հայաստանում ժողովրդի  կարծիքը վեր է Սահմանադրությունից:

 

Իհարկե, վերջ ի վերջո մի օր էլ կարող ենք վերցել, և անցկացնել հերթական սահմանադրական փոփոխությունը՝ Սահմանադրությունը վերացնելու մասին:

 

Ապրում են, չէ՞, առանց այդպիսի ակտի Մեծ Բրիտանիան, որտեղ գործում է նախադեպերի և ավանդույթների սկզբունքը, կամ Իսրայելը, որտեղ, եթե չեմ սխալվում, 11 հիմնական օրենքներն են կարգավորում հասարակական-քաղաքական կյանքը: Իսկ միգուցե հետևենք Վատիկանի՞ օրինակին: Այս պետությունում բարձրագույն իրավաբանական ուժը պատկանում է Պապին և ցանկացած պահի նա իր հայեցողությամբ կարող է փոփոխել ցանկացած օրենք: Միևնույն է Վատիկանի բոլոր բնակիչները այսպես թե այնպես ծառայում են Պապական իշխանությանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ