Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Սալպար, բումբար ու չանաղ. ալեքպոլցու կերակրացանկը խիստ բազմազան է եղել

salpar--boumbar-ou-canax-aleqpolcou-kerakracanke-xist-bazmazan-e-exel

Յուրաքանչյուր էթնոսի դեպքում  համապարփակ պատկերացում կազմենալու համար պետք է ուսումնասիրել տվյալ բնակավայրի նիստուկացը, կենցաղն, անգամ խոհանոցը:

Ուտեստը ցանկացած էթնոսի կենսաապահովման բաղադրիչ է և ի տարբերություն մյուս նյութական մշակույթների` հագուստի, կահույքի, կապի միջոցների և այլն, այն առավել պահպանողական է:

Ինչպիսի՞ն են եղել Ալեքպոլ-Գյումրու կերակրացանկն ու առհասարակ  հացկերույթները,  որո՞նք են եղել ընդգծված համային նրբերանգները և ինչպիսի՞ մշակույթ են իրենց հետ բերել կարսեցիները, բայազետցիները, էրզրումցիներն  ու կարինցիները: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ը հետաքրքիր զրույց է ունեցել Շիրակի հայագիտական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Կարինե Բազեյանի հետ:

Աղ ու հացով ալեքսանդրապոլցիների կերակրացանկը բավական   հարուստ է եղել:  Բացի ավանդական գեղջկական համարվող կերակուրներից կային զուտ քաղաքային և հատկապես Ալեքսնադրապոլին  բնորոշ ուտեստներ: Սնունդը բազմազան է եղել՝  կազմված հացահատիկային մթերքներից, մսեղենից (ոչխար, տավար, այծ, հավ, ձուկ), կաթնեղենից, բանջարեղենից, լոբազգիներից, վայրի բույսերից, մրգերից ու դրանց չրերից:

«Բնական է, որ ներգաղթյալների ամեն մի շերտ իր հետ բերել է  իր քաղաքի յուրահատկությունները` լեզուն, մշակույթը, հագուստը, նաև ուտեստը, քանի որ ուտեստը մեր մշակույթի   ամենապահպանողական ոլորտներից է: Ուտեստը նախ կապված է մշակութային էկոլոգիայի հետ:  Մեր օրգանիզմը դրան է սովոր, բացի այդ մենք ունենք կրոնական ուտեստի, ծիսական ուտեստի համակարգեր: Քանի որ մենք ծիսակարգերը պահում ենք, ուտեստներն էլ չեն փոխվում, անկախ նրանից մենք 19-րդ դարում ենք ապրում, թե՝ 21 -րդ դարում, մինչև այսօր էլ ավանդական աղանդերի, ավանդական ըմպելիքների շատ տեսակներ կան` պահպանված տոնական և ծիսական կերակրացանկում»,-նկատում է ազգագրագետը:

Տոնական օրերին ալեքպոլցու հարգի կերակրատեսակներից էին թաթար բորակին, տոլման, սաթրի քյուֆթան, քարի քյուֆթան, ղազան խորովածը, թավա քիֆթասին, չանաղը, թավան, քյալլան և այլք: Ալեքսանդրապոլի տատիկները փռում էին եփել տալիս գաթան, փախլավան, շաքարլոխումին, սհանչորակին (բիսկվիթ): Փռում պատրաստվում ու տաք վիճակում վաճառվում էր գյումրվա յաղլին` արդար յուղով պատրաստված ու երեսին շաքարի փոշի ցանած խմորաթերթիկը:

Կարինե Բազեյանն Ալեքպոլի առանձնահատուկ ուտեստների իր ուսունասիրություներից  քաղած հետաքրքիր փաստերով առաջինը կիսվում է ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ: Ազգագրագետը վկայակոչում է  Կարապետ Կոստանյանի հիշողությունները, որտեղ ամեն մի ներգաղթյալ շերտի քիմքին բնորոշ ուտեստներ են նկարագրված. «Կարսեցի գաղթականներն ունեին իրենց յուրահատուկ կերակրատեսակները` սալպար, բումբար և փառդա քյաբաբ: Սալպարն ու բումբարը  ուտում էին երեկոյան ժամերին, իսկ փառդա քյաբաբը` առավոտյան: Սալպարը կենդանու ստամոքսի պատերն են, հիմա, որ խաշի մեջ են օգտագործում, լավ մաքրում էին, ամբողջապես սպիտակեցնում էին, հետո դրա մեջ լցնում էին բրինձ ու տարբեր համեմունքներ` բահար, ու կարում էին բերանը ու դնում էին թոնրի տակ՝  խեցու ամանով մարմանդ կրակով եփելու համար: Բումբարը ոչխարի աղիներն էին, երկար ժամանակ լավ լվանում էին, մաքրում էին ու դրանից հետո լցոնում բրինձ, ձավար, բլղուր, նայած ընտանիք՝ յուղ և բահար: Էլի կապում էին բերանները և դնում թոնրի տակ, երկար ժամանակ էր եփվում դրա համար երեկոյան էին ուտում: Իսկ փառդա քյաբաբը կենդանու փորի տակ ցանցկեն, ճարպոտ շերտն է՝ թաղանթը, փառդա ասելով հենց դա նկատի ունեն: Այդ թաղանթի մեջ դնում էին հատուկ դանակներով ծեծած միս, ապա այն համեմում էին, քիշմիշ էին լցնում, տարբեր համեմունքներ և դնում էին թավայի վրա, որպեսզի այդ յուղով տապակվի»,- ազգագրագետի խոսքով հենց այսպիսին է եղել Կարսի կերակրացանկը:

Քաղաքային կերակրացանկի մեջ առանձին տեղ է գրավել քյուֆթան, որը կասեցիներն ու էրզրումցիները ոչխարի մսից են պատրաստել, իսկ բայազետցիները`տավարի ու գոմշի մսից:  «Երկու դեպքում էլ անպայման միսը ծեծվում էր թակով միչև որ մսի հյուսվածքն ամբողջապես առանձնանար: Բոլորից տարբերվողը էրզրումցիների քյուֆթան էր, որն ավելի շատ կոլոլակի է մնար, իսկ բայազետցիներինը մեծ է եղել: Բրինձի փլավով էին անում, իսկ կարսեցիներինը ավելի մանրով էր, բրիձով էին եփում, բայց շիլայի  էր նման: Նույն քյուֆթայի մսից կարսեցիները պատրաստում էին թավա քյաբաբ,  տապակում էին թավայի մեջ: Սա ուտում էին քացախով:  Հաջորդ կերակուրը, որն էլի կարսեցիներն էին պատրաստում, հետևյալն է՝ ոչխարի միսը մանր-մանր կտրատում էին և հատուկ պղնձյա կաթսայի մեջ՝ առանց ջրի, յողով, բահարով համեմած ուտում էին»,-պատմում է Բազեյանը:

Ալեքպոլին և հարակից գյուղական բնակավայերին բնորոշ կերակրատեսկաներ հիմա էլ կարելի է համտեսել Գյումրիում և հարևան բնակավայրերում, մանավանդ, եթե ընտանիքում մեծահասակներ կան, քանի որ նրանք դեռ շարունակում են այլ ավանդույթների հետ մեկտեղ պահպանել հյուրասիրության, հացկերույթի և մարդկանց աղ ու հացով դիմավորելու սովորությունները:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ