Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Սանկտ Պետերբուգի տնտեսական ֆորումը. ի՞նչ սպասել

sankt-peterbougi-tntesakan-foroume-inc-spasel

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ հունիսի 6-ին, մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ տեղի ունեցող տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպելու է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպասվող տնտեսական ֆորումն աշխարհի ամենամեծ հարթակներից է, որտեղ քննարկվում են համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական միտումները, հեռանկարները և հնարավորությունները։

 

Նախորդ դարի 90-ականներից, մասանավորապես 1997թ-ից անցկացվող  ֆորումը 2006-ից   Վալդիմիր Պուտինի հովանավորությունն է վայելում: Թերևս սա է պատճառը, որ այն  Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումից հետո դարձել է իր նշանակությամբ երկրորդ տնտեսական համաժողովը, որտեղ քննության առարկան աշխարհի տնտեսական ապագան է։ Ռուսաստանն ամեն տարի հսկայական չափով գումարներ է ծախսում միջազգային համաժողովի կազմակերպման համար, իսկ այս տարի ֆորումը մոտ 30 մլն դոլար կարժենա։

 

Նկատենք, որ այն ի տարբերություն նմանատիպ այլ հավաքների, ոչ միայն տնտեսա-առևտրական է, որտեղ զանազան ընկերությունների միջև նորանոր պայմանագրեր են կնքվում, այլ տնտեսա-գիտական է, այսինքն՝ այստեղ ոլորտի լավագույն մասնագետները իրենց ելույթներում քննարկում են աշխարհի ապագան։ Վերջին տարիներին  Սանկտ Պետերբուրգի ֆորումի շրջանակներում ավելի ու ավելի հաճախ է խոսվում աշխարհի տնտեսական զարգացման նոր մոդելի ու տնտեսության թվային ապագայի մասին։

 

Արդեն պարբերական դարձած ֆորումի քննարկման հիմնական թեման տնտեսության շարունակական աճի ապահովումն է, ինչը հնարավոր է միայն գիտության զարգացման ու դրա ներդրման ապահովման հնարավորության պայմաներում։ Այսինքն, թե՛ Սանկտ Պետերբուրգում, թե՛ նույնատիպ այլ ֆորումներում փորձում են հասկանալ՝ ինչ ներուժով և ինչպես կզարգանա ապագայի տնտեսությունը։

 

Նշվում է, որ ապագայի համար անհրաժեշտ կլինեն նոր մասնագետներ ու նոր մասնագիտություններ, որոնց յուրացման համար պետք է ստեղծվեն կրթական նոր համակարգեր և վերապատրաստման նոր հզորություններ։ Նախորդ տարվա ֆորումի ընթացքում հատկապես ընդգծվեց, որ կրիպտոարժույթը և բլոքչեյնները դուրս կմղեն ֆինանսական ներկա ինստիտուտները՝ բանկերը, և կստեղծվեն նորերը։

 

Հենց այդ հավաքների ժամանակ է շեշտվում, որ մասնագիտությունների բարդացումը և դրանց՝ սովորական աշխարհից դեպի վիրտուալ աշխարհ տեղափոխումը կհանգեցնի նրան, որ կփակվեն մի տեսակի աշխատատեղեր և կստեղծվեն նորերը։ Այսինքն, գիտատարությունը կշարունակի մնալ համաշխարհային տնտեսությունն առաջ մղող հիմնական ներուժը։

 

Եվ այդ ներուժի զարգացումը, դրա հիմնական ուղղությունների ու ձևերի շուրջ էլ կծավալվեն   Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի հիմնական քննարկումները:

Նմանատիպ ֆորումները հետաքրքիր են նրանով, որ այստեղ տարբեր հավաքների ժամանակ բախվում են աշխարհի առաջատար մասնագետների կարծիքները և գաղափարները, որոնք շատ դեպքերում հակասական են և իրարամերժ։ Սակայն հենց այս իրարամերժության և գաղափարնների բախումների արդյունքում է ծնվում ճշմարտությունը: Միայն ժամանակը կարող է ցույց, թե այս ֆորումների ժամանակ առաջ քաշած գաղափարները ու մտքերը որքանով են կենսունակ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ