Սարդարապատի ոգին

am es
sardarapati-ogin

Մայիսի 28-ի հանդիսությունները մեծ խորհուրդ են պարունակում որպես մի ողջ ժողովրդի նահատակությանը հետեւած դիմադրական ոգու արթնացման ու հաղթանակի առաջին վկայություններ։

Նահատակությամբ անգամ պետք է հաղթեինք եւ հավերժացնեինք մեր գոյությունը, որովհետեւ հավատարիմ էինք չարի հանդեպ թեկուզ սեփական անձը զոհելու գնով հաղթանակ տանելու քրիստոնեական հավատո հանգանակին։
Մայիսի 28-ը եկավ հաստատելու հենց այդ իրողությունը, ուստի նման առաջադրանքի տեսանկյունից բացարձակապես ոչ մի նշանակություն չունեին այն առարկայական գործոնները, որոնք շրջապատում էին մեզ 1918-ի մայիսին։ Դրանք մեր դեմ էին իրենց բոլոր չափորոշիչներով՝ քանակ, զինվածություն, կազմակերպվածություն, հմտություն եւ այլն։

Բայց հաղթեցինք, որովհետեւ մեր շարունակականությունն այլ ճանապարհով ապահովելու հնարավորություն չունեինք՝ Արեւմտյան Հայաստանը դատարկված էր հայերից, իսկ Արեւելյան Հայաստանի փոքրիկ հողակտորի վրա ապաստանած գաղթականության զգալի մասը փախչելու տեղ իսկ չուներ։

Մայիսի 28-ը ցույց տվեց, որ մեր հակառակորդն իր ոգով եւ այն սնող համոզմունքներով զիջում է մեզ եւ պանթուրքիստական քարոզչությունն անգամ չի փոխել այդ իրողությունը։ Դրա վկայությունն էր ներկայումս Թուրքիայի պետական քարոզչության դրոշը դարձած Դարդանելյան գործողությանը մասնակցած դիվիզիաներից մեկի պարտությունը Սարդարապատի ճակատամարտում։
Ներկա իրողությունների բարձրությունից խիստ հետաքրքրական է այն ժամանակ մեր հակառակորդի դրսեւորած պահվածքը՝ Սարդարապատին հաջորդած նահանջի շրջանում։ Ժամանակակիցները վկայում են, որ գիշերվա ժամերին նահանջող թուրքական ուժերի Դարդանելյան դիվիզիայի զինվորներն անընդհատ խոստովանում էին, որ իրենք Արեւմտյան ճակատից են, եւ իրենց ձեռքերը չեն տեսել հայ երեխաների ու կանանց արյունը։

Սա թուրքի՝ Դարդանելում հաղթական թուրքի խոստովանությունն էր, նրանց հետապնդող վրեժի զգացումով տարված հայկական ուժերին առ այն, որ Կովկասյան ճակատում կռված իրենց ցեղակիցները ոչ թե զինվորներ են եղել, այլ պարզապես ստոր մարդասպաններ, որոնք պարտության դեպքում արժանի չեն ներման։

Մայիսի 28-ի տոնակատարությունները կարեւոր են նաեւ այն առումով, որ ներկայումս մոտենում է Սարդարապատով սկզբնավորված ու Արցախյան հերոսամարտով շարունակված մեր հաղթանակները ամուր պահելու վճռական հանգրվանը։

Մարտական դիրքերում կանգնած մեր երիտասարդ սերունդը պետք է հստակորեն հաշիվ տա իրեն, որ իրենք, որպես Սարդարապատի հերոսների ժառանգներ, կանգնած են երեկվա թաթարական խառնամբոխի՝ թոռների ու ծոռների առջեւ։
1918-ի Մայիսյան հաղթանակներից է՛լ ավելի մեծ հաջողություններ արձանագրելու համար մեր առաջնահերթ խնդիրը ոգու ամրության, հավատի ու հաստատակամության դրսեւորման մեջ է։ Ամեն մի պատերազմում, մանավանդ՝ զինվածությամբ ու փորձառությամբ իրարից մեծ չափով չտարբերվող հակառակորդների բախման ընթացքում, միշտ էլ այս գործոններն են վճռում մարտերի ելքը։ 

Մենք 1918-ի անհավասար կռիվներում հաղթողների ժառանգներն ենք, որոնց թողած հարուստ մարտական ավանդույթների հետ Հայաստանի ու ԼՂՀ-ի սահմաններին կանգնած մեր ներկա հակառակորդը համեմատության որեւէ եզր չունի։ Մենք մի քանի հազարամյակի հզոր մշակույթի եւ նրանով ամրագրված հայի վառ անհատականության նոր մարմնավորումն ենք, ուստի Մայիսյան հերոսամարտերի ներկա տարեդարձը նոր վստահություն պետք է ներշնչի հայ զինվորներին ու սպաներին՝ հարկ եղած դեպքում հակառակորդին նորից հաղթելու համար։

Եթե Մեծ եղեռնից մազապուրծ մեր նախնիներն ի վիճակի եղան կանգնել մի ողջ կայսրության կանոնավոր բանակի դեմ, նրան մատնել փախուստի, ապա ավելի քան երկու տասնամյակ գոյություն ունեցող Հայոց բանակում մարզված մեր զինվորներն ու սպաները առաջիկայում բոլոր հնարավորություններն ունեն ոչ միայն կրկնելու, այլեւ բազմապատկելու իրենց նախնիների հաջողությունները։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ