Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

«Սայլուգի մեգը», «Ո՞ւր ես՝ թատրոնի դուռը», «Գյուզալմ գոլը չզարգեց». գյումրվա բարբառը՝ զբոսաշրջային լուրջ գրավչություն

saylougi-mege--our-es-tatroni-doure--gyouzalm-gole-czargec-gyoumrva-barbare-zbosasrjayin-lourj-gravcoutyoun

Հումորով, աղուհացով ու մշակույթով Գյումրին տուրիստական լրջագույն կենտրոն դառնալու հավակնություններ ունի և արդեն այս ոլորտում առաջատարը դառնալու հայտ է ներկայացրել:

Գյումրին իր բոլոր երանգներով ու շերտերով չափազանց հետաքրքիր ու յուրօրինակ է՝ մի քաղաքում կարելի է տեսնել և՛ 19-րդ դարին բնորոշ ճարտարապետություն, և՛ ժամանակակից արվեստի գործեր, և՛ համտեսել համեղ ու հետաքրքիր կերակրատեսակներ կամ պարզապես քայլել հին քաղաքի փողոցներով ու զրուցել տեղացիների հետ: Այստեղ ապրող մեծ ու փոքր գյումրեցիները շատ լավ են տիրապետում հետաքրքիր խոսքի ու տպավորիչ զրույցի գաղտնիքներին:

Խոսքի գրավչության կարևոր առանձնահատկությունը գյումրվա բարբառն է, որն, ինչպես մասնագետներն են ասում, Կարնո բարբառի լենինականյան խոսվածքն է: Իսկ ինչո՞վ է այն առանձանահատուկ, ՀԱՅ ՁԱՅՆ-ը փորձել է պարզել բարբառագետ Նազելի Ավետիսյանից:

Չնայած, որ բարբառները մեր լեզվի հարստություններն են, ցավոք, կամաց-կամաց գնում են մահվան, ինչը, սակայն, չենք կարող ասել Կարնո բարբառի մասին, որը բավական կենսունակ է, օգտագործվում է Շիրակի մարզում և Ջավախքում: Կարնո բարբառի առանձնահատկությունը հնչյունական համակարգի մեջ է. «Ժամանակակից հայոց լեզվի հնչյունական բաղաձայնական համակարգը եռաստիճան է, օրինակ բ-պ-փ, իսկ մեր խոսվածքում քառաստիճան բաղաձայնական համակարգ է՝ մենք ունենք նաև մի բ, որն ավելի շատ բհ է հնչում: Հաջորդ առանձնահատկությունը, որն Աճառյանի դասակարգմամբ է, սահմանական ներկայի կազմությունն է, օրինակ՝ ի՞նչ ես անում, պատասխանը՝ գրեմգը, այսինքն, մեր խոսվածքը պատկանում է կ ճյուղին»:

Բացի հնչյունականից, Կարնո բարբառը նաև ձևաբանական և բառապաշարային առանձնահատկություններ ունի: Գյումրվա բարբառում հաճախակի ենք հանդիպում այնպիսի բառերի, որոնք գրականում չունեն իրենց համարժեքը: Թուրքերենից առնված փոխառությունները բավականաչափ շատ են և այսօր էլ շատ ակտիվ են, բայց շատ դեպքերում մեղմվում են. «Երբ հասարակության մեծ հատվածը կրթություն է ստանում և բարբառային առանձնահատկությունների թուլացում է տեղի ունենում, օրինակ «կըռնամ»-ը «կարող»-ի փոխարեն է, բայց կամաց-կամաց տեսնում ենք, որ ոչ բոլորի կողմից է կիրառվում: Մեր բարբառի գրավչությունը կապում եմ խոսքի բովանդակության, գյումրեցիների հումորի, սրամտության, գրոտեսկային մոտեցումների հետ: Բարբառում հնչյունափոխությունն ավելի ակտիվ է, քան ժամանակակից հայոց լեզվում: Կան բառեր, որոնք բացառապես բարբառում են պահպանված՝ «դիրսագը», «չարազը», «նաղդը», կան բառեր, որոնք շուք են տալիս՝ «շաբաշը», և այս բառերից մի քանիսը բառային համարժեք չունեն, նկարագրորեն կարող ես ասել ինչի մասին է խոսքը՝ «չըրխելը» մեր բարբառին բնորոշ բառապաշարային առանձնահատկություն է»,- բացատրում է Նազելի Ավետիսյանը:

«Արի Գյումրի» զբոսաշրջային նախաձեռնության անդամ Լիանա Ներսիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք լինում են դեպքեր, երբ քաղաքային տուրերի ժամանակ տուրիստներն են խնդրում, որ տուրերը վարեն գյումրվա բարբառով:

Լիանան պատասխանում է. «Տուրիստներին դիմավորելուց, ծանոթանալուց հետո կեսկատակ- կեսլուրջ զգուշացնում եմ, որ կարող է ընթացքում «կեդվինս»՝ լեզուս փոխվի և գյումրվա բարբառով խոսեմ, և մեծամասնությունը խնդրում է, որ վարեմ հենց բարբառով, չնայած, որ զգուշացնում եմ, որ չեն հասկանա և սինխրոն «թարգամանություն» է գնում՝ հայերենից լեննագաներեն բարբառի, օրինակ «նարդվան» բառը չեն հասկանում, պիտի անպայման հետո ասես «աստիճան»: Բարբառը նաև տուրի մասն է կազմում, նախ տուրը պետք է տուրիստին հաճույք պատճառի, այստեղ մեր բարբառն է հաճույք պատճառում, և դա էլ է նշաձող մեզ համար»:

Արդեն մեկ տարի է, ինչ գրախանութուներում ու զբոսաշրջային կենտրոններում վաճառվում են գյումրվա բարբառով կպչուն պիտակներ: «Գյումրի ստիկերս»/Gyumri stickers/-ի հիմնադիր Հարություն Կարապետյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում նկատում է, որ գաղափարը ծնվեց, երբ իրենց հյուրը գնալիս խնդրել է օգնել իրեն ստիկներ գնելու հարցում, քանի որ իր ընկերուհին տարբեր երկրների ստիկերներ է հավաքում: Հավաքվեցին, թիմով ու ստեղծագործական կազմով ու անցան գործի. «Սկզբից սկսեցինք երկու տեսակի ստիկեր անել՝ գյումրեցիների համար և տուրիստների համար: Առաջինը գյումրվա բարբառում հայտնի արտահայտություններով, իսկ երկրորդում բացառապես լուսանկարներ էին: Այսօր ամենապահանջված ու սիրված ստիկերը «ի՞նչ է, ծո»-ն է, բոլորը հիմա այս ստիկերի մասին գիտեն: Սկզբում տարածեցինք տուր-օպերատորների մոտ, խանութներում, երբ ներկայացնում էինք, առաջարկում մեր պորդուկտը, զարմանում էին, հիմա արդեն զանգում են, ասում, որ պահանջարկ կա: Ստիկերների մեկ հավաքածուն, որն ունի 6-7 պատկեր, արժի 400 դրամ և բավականին հարմար նվեր է»:

«Ծո, ես լեննագանցի եմ», «Ո՞ւր ես, թատրոնի դուռը», «Ծո, ապ ջան, ի՞նչղ ես», «Ծո, ըսիգ օղբատ է», «Գյուզալմ գոլը չզարգեց», «Սայլուգի մեգը», «Թերմաշ անտեր», «Օյին ես», «Տո, լը աշե սոր», «Բոյդ թաղեմ», «Դինջ անդեր», «բարլուս» այս և այլ բարբառային համով ու հոտով հետաքրքիր արտահայտությունները գյումրեցիների խոսքի անբաժան մասն են, սրանք համեմում ու գեղեցկացնում են առօրյա խոսքը: Այն պարզապես լսել է պետք՝ հենց Գյումրիում ու հենց տեղաբնակներից:

Հ.Գ. Հադուկ մեր կարդացողների համար սաղի հետ խոսաց-խնդաց, գրեց-մրեց, հիշեց պապի ըսածները՝ օրշնանքն ու կադակները հոգով գյումրեցի Լիզա Գասպարյանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ