Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Սցենար, որը գրվեց ժողովրդի ակտիվ մասնակցությամբ

scenar--ore-grvec-joxovrdi-aktiv-masnakcoutyamb

Լրացավ թավշյա հեղափոխության մեկ տարին: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ողջ ազգը միավորվել էր մեկ գաղափարի՝ նախկին իշխանություններից ազատվելու և ավելի արժանապատիվ ապրելու հրամայականի շուրջ:

Արդյո՞ք, այսօր ունենք մեր երազած Նոր Հայաստանը, թե՞ սա դեռ ճանապարհի սկիզբն է: Կարծիքները տարբեր են: Փորձեմ ներկայացնել մի քանի մտահոգություններ, միանգամից նշելով, որ մտադրություն չունեմ այստեղ ինչ-որ համապարփակ վերլուծություն անելու, առավել ևս՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելու: Չեմ ցանկանում անդրադառնալ նաև այն թեմաներին, որոնք այսօր ազգը բաժանել են երկու, միգուցե նաև՝ ավելի մասերի: Առաջարկում եմ, պարզապես, ընթերցողի ուշադրությունը հրավիրել մի քանի կարևոր հանգուցակետերի վրա, որոնք, հնարավոր է, կօգնեն հասկանալ և անկողմնակալ գնահատել ստեղծված իրավիճակը:

Ամենից առաջ եկեք ընդունենք, որ «Մերժի՛ր Սերժին» շարժումը ողջունվեց գրեթե ողջ հայության կողմից՝ ինչպես մայր Հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ողջունվեց ոչ թե այն պատճառով, որ նախորդ իշխանությունը իսպառ թաթախված էր հանցագործությունների և անիրավությունների մեջ: Լինենք օբյեկտիվ՝ կար և՛ լավը, և՛ վատը, պարզապես, մեզանում մի ստվար զանգված ուղղակի հարմարվել էր իրողությանը և վստահ էր, որ անձամբ իրենից ոչ մի բան կախված չէ և երկրում հնարավոր չէ ինչ-որ բան փոխել: Ժողովրդի ընդվզման հիմնական պատճառն այն էր, որ ՀՀ երրորդ նախագահը, փաստորեն, դրժելով իր մեկ տարի առաջ տված խոստումը, կրկին ստանձնեց երկրի ղեկավարությունը, ինչի համար, ընդամենը, անհրաժեշտ եղավ փոխել Սահմանադրությունը: Ցավոք, նրա թիմում չգտնվեցին մարդիկ, որոնք սթափ կվերլուծեին իրավիճակը և հանդգնություն կունենային խորհուրդ տալ Սերժ Սարգսյանին՝ չգնալ այդ քայլին: Ինչևէ, իրենց երկչոտությամբ նրանք նպաստեցին նախագահ Սարգսյանի հրաժարականին: Կարծում եմ, նրանց մի մասը դա արեց գիտակցաբար:

Հաջորդը: Նոր իշխանությունները, ցավոք, գնում են այս նույն ճանապարհով և երբեմն թվում է, թե միայն գործող անձինք են փոխվել այս մեկ տարում: Սրերով է ընդունվում ցանկացած կառուցողական (հատուկ ընդգծում եմ) քննադատություն: Դրան հակառակ օրվա կարգախոս է շարունակում մնալ «մեր դեմ խաղ չկա»-ն, ինչին գումարվում է ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաների մոտ ձևավորված (այդ ե՞րբ հասցրեցին) սեփական անսխալականության բարդույթը: Ընդամենը մի քանի օրինակներ:

1.Արդյո՞ք դժվար էր կանխատեսել, որ ժողովրդի շրջանում խիստ բացասական արձագանք են գտնելու նախաամանօրյա աստղաբաշխական ինքնապարգևատրումները: Ի դեպ՝ մեր, հարկատուների հաշվին: Բնականաբար, ոչ մի քննադատության չեն դիմանում «իներցիայով», «նախկինների անօրինություններով» և նման այլ բաներով պայմանավորված պատճառաբանությունները:

2. Այսօր բարձրացվում են թեմաներ, որոնք ակնհայտորեն չեն բխում ո՛չ մեր պետության շահերից, ո՛չ մեր ազգային նկարագրից: Դրանք, այո, որոշակիորեն արդիական են եղել նաև նախկինում, դրանց մի մասի շուրջ, այո, կարելի է տարբեր կարծիքներ ունենալ՝ վերջ ի վերջո մենք ապրում ենք 21-րդ դարում և պարտավոր ենք ընդունել որոշակի խաղի կանոններ, որոնք ընդունված են քաղաքակիրթ աշխարհում: Սակայն փաստը մնում է փաստ. նախկին իշխանություններից ոչ մեկի ժամանակ տեղի չէին ունենում այսպիսի սանձարձակ հարձակումներ Հայ Առաքելական եկեղեցու վրա, այսքան ագրեսիվ ու նաև՝ պահանջատեր չէր ԼԳԲՏ համայնքը, պատկերացնել նույնիսկ հնարավոր չէր, որ քննարկման առարկա կդառնա մարիխուանան օրինականացնելը, մինչդեռ ցանկացած բժիշկ բազմաթիվ փաստարկներ կներկայացնի դրա վնասակարության օգտին: Այս ամենը ողջունել և բացատրել մեզանում զարգացող ժողովրդավարությամբ, եկեք անկեղծ լինենք, կնշանակի մերժել դարերով ստեղծված ազգայինը և վերածվել անդեմ կոսմոպոլիտների:

3. Ոչ մի քննադատության չի դիմանում կառավարության կադրային քաղաքականությունը: Այո, կան օբյեկտիվ պատճառներ, և միգուցե սա նոր իշխանությունների ոչ այնքան մեղքն է, որքան դժբախտությունը: Բայց դրանք համարել բավարար արդարացում՝ ուղղակի լուրջ չի լինի: Ցավոք, մատների վրա կարելի է հաշվել այն ոլորտները, որոնք ղեկավարվում են իսկապես բանիմաց և սրտացավ մարդկանց կողմից: Այո, կարելի է անփորձ լինել կառավարման ոլորտում, բայց ձգտել պրակտիկ գիտելիքներ ձեռք բերել՝ լսելով փորձառուների խորհուրդները և քննադատաբար մոտենալով սեփական անձին: Դրան հակառակ, այսօր ավելի շատ ականատես ենք, երբ, գուցեև, շատ տաղանդավոր և փայլուն ուսումնառություն ստացած, բայց բացարձակապես անփորձ երիտասարդ պաշտոնյաներն առանց ամաչելու մասնագիտական դասեր են տալիս տարիների վաստակ ունեցող պրոֆեսիոնալներին, իսկ շատ դեպքերում՝ ուղղակի ազատվում նրանցից:

Մեկ տարի առաջ, երբ ժողովուրդը մերժեց Սերժ Սարգսյանին, ազգիս չանգաժավորված և բացառապես պետության շահերով մտահոգված հատվածի փափագը մեկն էր՝ որպեսզի բոլոր հաջորդ քայլերը իրականացվեն բացառապես Սահմանադրության շրջանակներում: Դեպքերը, սակայն զարգացան այլ սցենարով: Լավ էր այն, թե վատ, ցույց կտա ժամանակը, բայց մեկ բան ակնհայտ է՝ այդ սցենարը գրվեց ժողովրդի լայն զանգվածների անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ և դրա հետ հաշվի չնստել չի կարելի: Սա նաև՝ ապագայի համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ