Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Պարույր Սևակի 95-ամյակը` բանաստեղծի հայրական տանը (լուսանկարներ, տեսանյութեր)

am
seaki-95-amyake-banastexci-hayrakan-tane-lousankarner--tesanyouter

Ընթացիկ տարին մշակույթով ապրող ու շնչող հայ ժողովրդի համար հոբելյանական է: Այս տարի նշում ենք մեծանուն հայորդիներից Հովհ. Թումանյանի, Կոմիտասի, Եր. Օտյանի 150-ամյակները, մաեստրո Մանսուրյանի 80-ամյակը, Պ. Սևակի 95-ամյակը...

Հայ ժողովրդի հանճարեղ զավակի՝ Պարույր Սևակի հոբելյական տարեդարձը համընկել էր վերջինիս ծննդավայր Զանգակատան 190-ամյակի տոնակատարությունների հետ, որոնք մեկտեղվել ու մեծ ոգևորությամբ նշվել են այսօր՝ Զանգակատուն գյուղում:

«Այս տարածաշրջանում մարդիկ բնակվել են դարեր շարունակ՝ 190 տարուց շատ ավելի: Գյուղի հարևանությամբ գտնվող բնակատեղիում հայտնաբերվել է Հայաստանի պատմության ամենահին խաչքարը՝ թվագրված 876 թվականին: Սա նշանակում է, որ մարդիկ այս տարածքում ապրել են 9-րդ դարից սկսած: Սակայն 17-րդ դարում Շահ Աբասի արշավանքների հետևանքով մարդիկ տեղահանվել են, տարվել դեպի Պարսկաստան: Գյուղն այնուհետ վերաբնակեցվել է 1828-1830 թթ.-ից՝ Պարսկաստանի Խոյ, Սալմաստ գավառներից գաղթած ընտանիքներով։ Համայնքը վերահիմնվում է և անվանվում Չանախչի: Չանախչի թուրքերեն բառ է և նշանակում է ամանի մեջ: Եթե բարձրադիր հատվածից նայենք գյուղին, ապա կտեսնենք, որ այն իսկապես ամանի տեսք ունի, քանի որ շրջապատված է լեռներով»,- միջոցառման սկզբում ասաց Պ. Սևակի տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծի թոռ Սևակ Ղազարյանը՝ համառոտ ներկայացնելով Զանգակատուն գյուղի հիմնադրման և բնակեցման պատմությունը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Արարատի մարզի հոգևոր տեսուչ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ով փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։ Սրբազանը, մասնավորապես, նշեց. «Պարույր Սևակ բանաստեղծի, գիտնականի, խորհրդահայ ազգային գործչի անունն այնքան սերտորեն է կապված Զանգակատուն համայնքի հետ, որ անհնար է խոսել գյուղի մասին և չհիշատակել նշանավոր բանաստեղծին: Գյուղի վերանվանումն արդեն անմիջականորեն կապվում է Սևակի մեծագույն քերթվածներից մեկի՝ «Անլռելի զանգակատուն» պոեմի հետ: Թեպետև գյուղի հիմնադրումը կապվում է 19-րդ դարասկզբին Պարսկաստանի Խոյ, Սալմաստ գավառներից ներգաղթյալ հայ ընտանիքների վերաբնակեցման հետ, սակայն հնագիտական հարուստ նյութը փաստում է, որ Զանգակատունն իբրև բնակավայր շատ ավելի հին է»:  

Միջոցառմանը սևակյան շունչ հաղորդեց «Պոեզիայի թատրոն» թատերական խումբը (ղեկավար՝ Տաթև Ղազարայն): Դերասանները ներկայացրեցին փոքրիկ բեմադրություն՝ դրվագներ Սևակի լույս աշխարհ գալուց, կյանքից՝ համեմված պոետի հայտնի բանաստեղծություններից հատվածներով։

Իսկ Գագիկ Գինոսյանի «Կարին» երգի-պարի համույթն էլ ներկաներին հիացրեց պարսկահայերի ավանդական պարերի ներկայացմամբ։

 


Հավելենք, որ միջոցառման շրջանակներում գյուղի բնակիչները հնարավորություն ունեին հյուրերին ներկայացնելու իրենց անուշահամ բնամթերքը, պահածոները, հյութերը, անուշեղենը։ Կազմակերպվել էր նաև հյուրասիրություն՝ Զանգակատան ավանդական կերակրատեսակների ներկայացմամբ։

Հիշեցնենք, որ միջոցառումը տեղի էր ունենում Եվրոպական ժառանգության օրերը Զանգակատանը նախաձեռնության շրջանակներում: 

 

 

Գոհար Մակարյան

Էմմա Հովսեփյան

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ