Սևանա լճի ջրի մակարդակը հինգ սանտիմետրով իջել է. հետևանքները կարող են խիստ բացասական լինել. բնապահպան

seana-lji-jri-makardake-hing-santimetrov-ijel-e-heteanqnere-karox-en-xist-bacasakan-linel-bnapahpan

Սևանա լճի ջրի մակարդակն անցյալ տարվա համեմատ իջել է հինգ սանտիմետրով. ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում այս երևույթը «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը շատ բացասական գնահատեց և ընդգծեց, որ հետևանքները կարող են շատ վատ լինել:

«Այս տվյալներն իսկապես ճիշտ են, որն ինձ համար զարմանալի էր, որովհետև ըստ կառավարության որոշման՝ այս տարի ընդամենը 40 մլն խմ լրացուցիչ պետք է վերցնեին և պետք է, որ մենք այսպիսի պատկեր չունենայինք: Կարծում եմ՝ այստեղ հատուկ ուսումնասիրության խնդիր է: Ճիշտ է՝ կլիմայի պայմաններն այս տարի այնքան բարոք չեն եղել, բայց բոլոր դեպքերում անհասկանալի էր ինձ համար այս 5 սմ-ը»,- նշեց Կարինե Դանիելյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ ջրի մակարդակի իջեցումը կարող է պայմանավորված լինել երկու հիմնական պատճառներով. «Կարող է պատճառը ջրատարների բաց թողումը լինել, կամ իրոք այնպիսի կլիմայական պայմաններ են եղել, որ ներհոսքը դեպի լիճ շատ ցածր է եղել, ես չգիտեմ, սա իրոք պետք է ուսումնասիրեն»:

Ինչ վերաբերում է հետևանքներին, բնապահպանն ասաց. «Հետևանքները խիստ բացասական են, որովհետև բոլոր ուսումնասիրությունները, ներառյալ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լճի մակարդակը հենց բարձրանում է, ջրի որակը սկսում է լավանալ, իսկ երբ իջնում է ամեն բացասական երևույթ կարող է լինել, հատկապես ջրի որակի վատացում: Օրինակ՝ անցած ամառ ջրի ծաղկումը ես կապում եմ այդ ավելորդ 100 մլն խմ ջուր վերցնելու հետ, դա իսկապես հարված էր լճին»:

Հարցին՝ այսօր համապատասխան ուշադրություն չի՞ դարձվում Սևանա լճին, Կարինե Դանիելյանը պատասխանեց. «Հիմա չեմ կարող այդպես ասել, բայց օրենքն իրոք թույլ չի տալիս բացասական բալանս: Ամեն անգամ, երբ ուզում են լրացուցիչ վերցնել, մենք ասում ենք, որ բացասական բալանս կլինի, իսկ իշխանությունները պնդում են, որ որևէ այդպիսի երևույթ չի լինի: Հիմա տեսնում ենք, որ դարձյալ եղել է և խնդիրներից մեկն էլ այն է, որ ոռոգման համակարգը բացարձակ բարձիթողի վիճակում է: Երբ ես մասնակցում էի համապատասխան հանձնաժողովի աշխատանքներին, ուղղակի սարսափում էի այն տվյալներից, որ բերում էին, մենք Սևանից ավելի շատ ջուր ենք կորցնում, քան վերցնում ենք: Եվ այս պարագայում ամբողջ ուշադրությունն այդ ուղղությամբ պետք է լինի, որ մենք լրացուցիչ ջուր չվերցնենք»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ