«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» խարդախության գործով մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

am
seqyouriti-drim-e-ellips-ji-ey-xardaxoutyan-gorcov-mek-anci-nkatmamb-orpes-xapanman-mijoc-e-entrvel-kalanavoroume

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նյութերի նախապատրաստման արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերություններում առերևույթ չարաշահման դեպքերի վերաբերյալ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ 2017թ. կնքված պայմանագրի շրջանակներում «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ միմյանց միջև կնքված նույն ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրի շրջանակներում 2017թ. փետրվար ամսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում կազմել են փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա էլ նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից մեկի, ինչպես նաև «Էլիպս Ջի Էյ» և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունների հաշվապահների կողմից խարդախությանը և փաստաթղթերի կեղծմանն առերևույթ առնչություն ունենալու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի մասով: Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Դատարանը որոշում է կայացրել՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ:

Դատարանը բավարարել է նաև ընկերությունների հաշվապահների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, սակայն  միևնույն ժամանակ թույլատրելի համարել նրանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Հիշեցնենք, որ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել նաև՝ վերոհիշյալ առերևույթ չարաշահումներին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից ևս մեկի և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրենի առնչություն ունենալու վերաբերյալ:

Որոշում է կայացվել՝ նրանց ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ