Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Սերը, որ պետք է միավորի մեզ

sere--or-petq-e-miavori-mez

 Ներքաղաքական իրավիճակը մեր երկրում օրեցօր ավելի մտահոգիչ է դառնում: Մինչ մենք մեկ տարուց ավելի մեր մեջ թշնամիներ ու հանցագործներ ենք փնտրում, իսկ իրական թշնամուն խաղաղության կոչեր ենք հնչեցնում, մինչ սեփական իշխանության հրահանգով հարձակվում ենք դատարանների վրա և ինքներս մեր ձեռքով կազմաքանդում մեր իսկ երրորդ իշխանության աշխատանքները՝ հերթական ուրախությունը պատճառելով «ոխերիմներին», մինչ ամենաբարձր մակարդակով ջրբաժան ենք դնում Մայր Հայաստանի և Արցախի միջև, մինչ Արցախի հերոսներին անվանում ենք կոռուպցիոներ ու դավաճան և այնքան ցածրանում, որ զենք-զինամթերք ենք փնտրում Արցախի անվտանգության խորհրդի ղեկավար Վիտալի Բալասանյանի ավտոմեքենայում, հակառակորդը մեր սահմանների մոտ հերթական լայնածավալ զորավարժություններն է անց կացնում և հաղթական լուսանկարներ հրապարակում ու տարածում համացանցում:

Այդ «մինչ»-երի շարքը դեռ երկար կարելի է շարունակել, սակայն այսքանն էլ բավական է, որ պարզ դառնա, ցավոք, արդարանում են դեռևս մեկ տարի առաջ արված ամենամռայլ կանխատեսումները՝ այս թիմի, մեղմ ասած, ունակությունների վերաբերյալ: Դա հասկանում են արդեն նաև այն քաղաքական ուժերն ու անհատները, որոնք ինչ-ինչ պատճառներով անվերապահորեն սատարեցին հեղափոխությանը: Պատահական չէ, որ վերջին իրադարձություններից հետո Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դաշտը հանդես եկավ  և շարունակում է հանդես գալ դատապարտող հայտարարություններով, իրերն անվանելով իրենց անուններով ու կոչ անելով, մասնավորապես, «հետ կանգնել օրենքը խախտող և սահմանադրությանը հակասող ցանկացած գործողությունից, հետ կանգնել հասարակությունը պառակտող քայլերից» (մեջբերում ՌԱԿ Կենտրոնական վարչության կողմից մայիսի 20-ին տարածած հայտարարությունից): Շատ չեն տարբերվում նաև մյուս կուսակցությունների դիրքորոշումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Այս պարագայում  իշխանությանը ոչ թե սատարում, այլ արդեն խանգառում են ցանկացած դեպքում նրան միայն դիֆիրամբներ երգող որոշ գործիչներ ու անհատաներ: Այլապես դժվար է հասկանալ՝ ինչպե՞ս կարող են հասուն, կրթված և իրենց լուրջ քաղաքական գործիչ համարող մարդիկ հայտարարել, որ ժողովրդի կամքը վեր է Սահմանադրությունից: Սա 21-դ դարն է, իսկ այս մարդիկ, փաստորեն, ցանկանում են ներմուծել հին Հունաստանի Ագորային կամ միջնադարյան Նովգորոդյան Վեչեին համապատասխան բարքեր: Եվ անկեղծ ակնկալում են, որ աշխարհը պետք է սա լո՞ւրջ ընդունի: Տխուր է…

Եվ որպես վերջաբան… չեմ սիրում խոսել մեր ազգի ընտրյալության մասին, մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք՝ մեր բոլոր դրական և բացասական կողմերով:  Բայց Աստված կամեցավ, որ հատկապես հայ ազգը ապրի ԱՅՍ քարքարոտ ու միաժամանակ երանելի երկրում, պաշտպանելով քրիստոնեական հավատը, որի հիմքում ընկած է ՍԵՐԸ: Սիրենք միմյանց: Դիմում եմ առաջին հերթին նրանց, ովքեր նույնիսկ ամենածանր փորձությունների ժամանակ չեն լքի իրենց Հայրենիքը և մինչև վերջ սատար կկանգնեն նրան:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ