Սիլվա Կապուտիկյան` նորոգ վերծաղկում Վանա ծովու ոգու. մեծերը՝ բանաստեղծուհու մասին

am
silva-kapoutikyan-norog-vercaxkoum-vana-covou-ogou-mecere-banastexcouhou-masin

Այսօր լրանում է տաղանդաշատ և մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակը:

Այդ կապակցությամբ ներկայացնում ենք հայ և օտարազգի գործիչների խոսքերը՝ նվիրված Կապուտիկյանին:

ՎԱԶԳԵՆ Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց, 20 հունվարի, 1994 թ.

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՍԻԼՎԱՅԻՆ. Սիլվա Կապուտիկյան` նորոգ վերծաղկում Վանա ծովու ոգու, Սիլվա Կապուտիկյան` երգիչը արդար խոսքի մեսրոպյան լեզվով, Սիլվա Կապուտիկյան` Սոսյաց անտառը լուսո Հայկազեան ցեղի, ռազմի երգերով. Սիլվա Կապուտիկյան, Քեզ գովք ու օրհնանք Սուրբ Էջմիածնի Լուսո խորանից:

ԷԴՎԱՐԴ ՋՐԲԱՇՅԱՆ, գրականագետ

ՍԻՐՈ ԵՎ ՀԱՎԱՏԻ ՈւԺՈՎ Շատ տասնամյակներ են անցել այն ժամանակից, երբ հայ գրականության երկնակամարում շողաց մի նոր, առաքինող ասուպ` Սիլվա Կապուտիկյան: Ավելի քան կես դար այդ անունը եղել և այսօր էլ մնում է հայրենի գրականության և ընդհանրապես մեր ազգային գիտակցության կենտրոնում, ունի ներգործության տիրական ուժ: … Նրա սիրային բանաստեղծությունները հյուսվում են նվիրումի և հավատարմության, բայց նաև արժանապատվության ու հպարտության բազմաշերտ զգացումներից: Այդ բանաստեղծություններից շատերը լիակատար իրավունքով կարող են պատվավոր տեղ գրավել միջազգային սիրային պոեզիայի ընտիր հավաքածուների մեջ: Կապուտիկյանը տեսավ 90-ական թվականների Հայստանը` արցախյան շարժման հետ կապված ազգային մեծ զարթոնքով և ծանր փորձություններով, քաղաքական և բնական ցնցումներից առաջացած անթիվ ավերածություններով: Այս շրջանում ևս նա եղավ մեր ազգային-հասարակական կյանքի գործուն մասնակիցը: … Կարելի է ասել, որ Կապուտիկյանը միշտ եղել է և նախորդ, և ներկա իշխանությունների ազնիվ ընդդիմախոսի դերում` իր կոչումը տեսնելով ազգային շահերին ու արդարությանը հակասող ամեն մի շեղում ուղղամտորեն մատնանշելու և զգուշացնելու մեջ:

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ, գրող

Թող այն տպավորությունը չստացվի, թե խոսելով Կապուտիկյանի հատկապես սիրային բանաստեղծությունների մասին, ուզում եմ ինչ-որ չափով նվազեցնել նրա հիանալի հայերգության արժեքն ու նշանակությունը: Քավ լիցի: Բայց, եթե այդ թեմաներով գրած գործերում նա, թեև ոչ շատ, բայց այնուամենայնիվ, մի քանի մրցակից ունի իր ժամանակակիցների մեջ, ապա կանացի հոգեբանական գաղտնարաններին մերձենալիս հայ պոեզիայում առայժմ անմրցակից է և հենց այդ պատճառով էլ ի սկզբանե մինչև օրս Կապուտիկյանը հայ ամենամեծ բանաստեղծուհին է:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ, գրող

Թերևս մեզանից ոչ ոք չի կարողացել իր ստեղծագործության մեջ այնպես զուգակցել միտքն ու զգացմունքը, ավանդականն ու ժամանակակիցը, ազգային ձևն ու մարդկային խորքը, եղերգականն ու մարտականը, հետիոտն, գիտակցված պրոզաիզմն ու ճախրող բանաստեղծականը, ինչպես Կապուտիկյանը:

ԵՎԳԵՆԻ ՍԻԴՈՐՈՎ, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար, 1994 թ.

Թանկագին Սիլվա, թույլ տվեք սրտանց ողջունել Ձեզ` մեր ժամանակի նշանավոր բանաստեղծուհուն, որի բանաստեղծություններում անլռելիորեն հնչում է եղբայրական ժողովրդի ողբերգական ձայնը. Արամ, Պարույր, Մինաս, Սիլվա. այս անունները իրավացիորեն դարձան մեր օրերի գեղարվեստական Հայաստանի խորհրդանիշները, Կոմիտասի և Սարյանի երկրի ժառանգորդները: Ցանկանում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և ամենայն բարիք: Ես համբուրում եմ Ձեր ձեռքը և մտածում հայ ժողովրդի ճակատագրի մասին, որը պատմական փորձություններում անպայման կանգուն կմնա, քանզի ծնում է այնպիսի մարդկանց, ինչպիսին Դուք եք:

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ, գրող

Շատ սիրելի Սիլվային. Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի, չլիներ քո պոեզիանշատ խավար կլիներ մեր երկիրը: Ապրի՛ր, ստեղծի՛ր, եղիր հավատարի՛մ մեր ժողովրդի իղձերին: Սրտի բոլոր ջերմությամբ` Ավետիք Իսահակյան

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ, նկարիչ

Մեր սիրելի անզուգական Սիրվա՛րդ, Մեր մեծ հանճարեղ ժողովրդի զավակն ես դու` ամբողջովին ծնված մեր հողից, սնված մեր արմատներից, մեր տանջանքներից ու ուրախություններից, այն ժողովրդի, որը երբեք չի տիրել, չի տրորել, այլ միշտ տրորված լինելով` շարունակել է շտկել իրանը, բարձրացնել գլուխը և նորից նայել արևին, նորից ստեղծել, ստեղծել, ստեղծելԱպրի՛ր, ստեղծի՛ր, բա՛րձր պահիր Մեծ ժողովրդի անունը, նրա իդեալները, նրա արդար դատի իրավունքը:

ԻՎԱՆ ԴՐԱՉ, ուկրաինացի գրող

Թանկագին Սիլվա, Խոնարհվում եմ Ձեր արիության և քնքշության, իմաստության և սրտաբացության առաջ: Կյանքում Դուք միշտ էլ օրինակ եք ինձ համար: Ողջույն Ձեզ Կիևյան լեռներից:

Լրահոս

Նմանատիպ նորություններ