Սիլվա Կապուտիկյանի հարյուրամյա հոբելյանին ընդառաջ բացվեց «100 ծառ՝ Սիլվա Կապուտիկյանին» պուրակը

am es
silva-kapoutikyani-haryouramya-hobelyanin-bacvec-100-car-silva-kapoutikyanin-pourake

Մեծանուն գրող Սիլվա Կապուտիկյանի հարյուրամյա հոբելյանին ընդառաջ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի բակում բացվեց «100 ծառ՝ Սիլվա Կապուտիկյանին» պուրակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դպրոցի աշակերտները պուրակում տնկեցին ինչպես դեկորատիվ, այնպես էլ` պտղատու ծառներ:

«Կապուտիկյանը 40-ական թվականներին աշխատել է Ջրառատում: Նրա մորաքույրը քառասուն տարի եղել է գյուղի դպրոցի տնօրեն: Կապուտիկյանի հուշագրություններում այստեղի աշխատանքի մասին ոչինչ չկա, բայց գիտենք, որ նա ամռանը գալիս էր այստեղ հանգստանալու, և ամբողջ գյուղը մեղվի փեթակի պես հավաքվում էր նրա շուրջը»,- պատմեց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը:

Նրա խոսքով՝ Կապուտիկյանի հարյուրամյակի կապակցությամբ շատ գաղափարներ պետք է իրականացնել` գրքեր հրատարակել, նախատեսվում է կարճամետրաժ ֆիլմ նկարահանել: «Մտածեցի, որ, այս ամենից բացի, անհրաժեշտ է նախաձեռնել մի ծրագիր, որը մարդուն կջերմացնի, որովհետև Կապուտիկյանն արև էր բոլորիս համար»,- ասաց Դեմիրճյանը և հավելեց, որ հարյուրի փոխարեն 200 ծառ է տնկվել:

Ծառատունկ իրականացնելուց հետո դպրոցի տնօրեն Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ մանկավարժական խորհրդի որոշմամբ, դպրոցի հայոց լեզվի և գրականության դասարաններից մեկը կկոչվի Սիլվա Կապուտիկյանի անունով: «Հուսամ` այդ դասարանում նոր Կապուտիկյաններ կլինեն»,- ասաց նա:

Այնուհետև դպրոցի ղեկավարությունը, աշակերտներն ու հյուրերը մասնակցեցին գեղեցիկ համերգային ծրագրի, որի ընթացքում աշակերտներն արտասանեցին Կապուտիկյանի ստեղծագործությունները, նրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգերի ներքո պարային համարներ ներկայացվեցին: Ցուցադրվեց «Սիլվա Կապուտիկյան. Մտորումներ» ներկայացումը:

Երևանի կենտրոն վարչական շրջանի Մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոնի տնօրեն Արթուր Սարգսյանը նշեց, որ Կապուտիկյանի գործերն իմանալը երեխային հայրենասիրություն է սովորեցնում: «Ըստ իս՝ նա ամենայն հայոց բանաստեղծուհի է: Այնքան սեր, հզորություն կա նրա ստեղծագործություններում: Մենք պարտավոր ենք դրանք իմանալ»,- շեշտեց Սարգսյանը:

Միջոցառումն անցկացվեց «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի` Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ, Արմավիրի մարզպետարանի և Ջրառատի դպրոցի աջակցությամբ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ