Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Սիրտն ունի խորհուրդներ, ուր չի թափանցում ոչ մի տրամաբանություն. այսօր Գի դը Մոպասանի ծննդյան օրն է

am
sirtn-ouni-xorhourdner--our-ci-tapancoum-oc-mi-tramabanoutyoun-aysor-gi-de-mopasani-cnndyan-orn-e

Ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանը (ամբողջական անունը՝ Անրի-Ռենե-Ալբեր-Գի դը Մոպասան) ծնվել է 1850 թ. օգոստոսի 5-ին Դյեպ քաղաքի մերձակա Միրոմենիլ բնակավայրում։ XIX դարի 60-90-ական թթ.-ի Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ է։

Նրա հայրը՝ Գյուստավ դը Մոպասանը, պատկանում էր Լոթարինգյանների ազնվական տոհմին։ Նա ամուսնացավ Լաուրա լե Պուատվենի հետ, ով էլ բուրժուական ընտանիքից էր։ Մոպասանը մանկուց աչքի է ընկել հիանալի առողջությամբ, չնայած նրա մայրը տառապում էր նևրոզով, իսկ կրտսեր եղբայրը (մասնագիտությամբ բժիշկ) մահացավ հոգեբուժարանում։

Սեմինարիայում մի կարճ ժամանակ սովորելուց հետո այնտեղից հեռացվեց և տեղափոխվեց Ռուանի լիցեյ։ Լիցեյում սովորելու տարիներին Մոպասանը մտերմացավ պոետ Լուի Բույեի և Ֆլոբերի հետ, ով էլ դարձավ երիտասարդի ուսուցիչը։ 1869 թ.-ին, ավարտելով լիցեյը, խորհրդակցելով մոր և Ֆլոբերի հետ, նա ուղևորվեց Փարիզ՝ իրավագիտություն ուսումնասիրելու։ Սակայն պատերազմը խախտեց բոլոր պլանները։ Մասնակցելով ֆրանս-պրուսական պատերազմին որպես շարքային զինվոր՝ Մոպասանը հետագայում լրացրեց իր ուսումը ինքնակրթությամբ (նրան հատկապես հետաքրքրում էին բնական գիտությունները)։

Ընտանիքի սնանկացումը ստիպեց Մոպասանին աշխատանքի անցնելու ծովային նախարարությունում, որտեղ պաշտոնավարեց մոտ 10 տարի։ Ավելի քան վեց տարի նա ստեղծագործում էր, մշակում ու հաճախ պատռում էր իր գործերը և համարձակվեց տպագրվել միայն այն բանից հետո, երբ Գյուստավ Ֆլոբերը նրա ստեղծագործությունները համարեց բավականաչափ հասուն և հետևողական։

Մոպասանի առաջին պատմվածքը լույս տեսավ 1880 թ.-ին Les soirées de Médan ժաղովածուում Զոլայի, Ալեկսիսի, Սեարի, Էնիկայի և Հյուիսմանսի ստեղծագործությունների հետ մեկտեղ։ Սկսնակ գրողը գրական շրջանակներին ապշեցրեց հատկապես իր Boule de suif ստեղծագործությամբ։ Նույն թվականին Մոպասանը տպագրեց «Բանաստեղծություններ» (Des vers) ժողովածուն, որտեղ գեղարվեստական մակարդակով առանձնանում էին Le mur, Au bord de l’eau, Désirs и Vénus rustique բանաստեղծությունները։ Այս ժողովածուում զետեղված դրամատուրգիական փորձը (Histoire du vieux temps) թույլ տվեց Մոպասանին դառնալ «Գոլուա» (Gaulois) թերթի ժամանակագիր։ Հենց այս ժամանակ նա թողեց ծովային նախարարությունում իր պաշտոնը։

Թեև Մոպասանը իր գրական կարիերայի սկզբում Զոլայի հետևորդի համբավ ուներ, նա «նատուրալիստական» դպրոցի համակիրներից չէր. Նատուրալիզմը համարում էր նեղ և միակողմանի գրական մեթոդ։ Pierre et Jean վապի նախաբանում Մոպասանը դատապարտում է դոկտրինյոր իրատեսությունը և իր արվեստի հիմնական մասը համարում է այն արվեստը, որը հստակ և համոզիչ ներկայացնում է ընթերցողին իրականության նկատմամբ իր սուբյեկտիվ տեսակետները։

Մոպասանը 11 տարվա ընթացքում ստեղծեց փոքր պատմվածքների մի շարք ժողովածուներ, որոնք վերնագրվում էին նրանցում տեղադրված առաջին պատմվածքի անունով (16 հատոր)։ Միաժամանակ գրեց այնպիսի վեպեր ինչպիսիք են «Մի կյանքը» (1883 թ.), «Սիրելի բարեկամ» (1885 թ.), «Մոնտ-Օրիոլ» (1887 թ.), «Պիեր և Ժան» (1888 թ․), «Մահվան պես հզոր» (1889 թ․) և «Մեր սիրտը» (1890 թ․)։

Այս ստեղծագործությունները թույլ տվեցին Մոպասանին առաջնային դիրք ապահովել իր ժամանակի ֆրանսիական գրականության մեջ, հատկապես վիպագրության և նովելագրության բնագավառներում։ Լավագույն ֆրանսիացի քննադատները միաձայն հիացմունքով էին արտահայտվում Մոպասանի մասին։

Մոպասանի ստեղծագործությունները մեծ հաջողություն ունեին. նրա շահույթը հասնում էր 60 հազար ֆրանկի։ Մորն ու եղբորը ֆինանսապես ապահովելը Մոպասանն իր պարտքն էր համարում։ Սակայն ուղեղի գերլարված աշխատանքը չափազանց ծանր անդրադարձավ գրողի առողջության վրա։ Դրան գումարվեց ևս մեկ հիվանդություն. Մոպասանը հիվանդացավ սիֆիլիսով։

1884 թ․-ից Մոպասանի մոտ սկսվում են նյարդային ջղագարություններ։ Աճող հիասթափության պատճառով նա ընկնում է անհանգիստ իդեալիզմի աշխարհ։ Այս տրամադրությունը արտացոլվել է մի շարք պատմվածքներում, ինչպես, օրինակ, «Օրլյա»-ում (Horla)։ Հոգեկան հանգիստը չեն կարողանում վերականգնել ո՛չ աշխարհիկ հաջողությունները, ո՛չ Revue des Deux Mondes-ի հետ համագործակցությունը, ո՛չ La Paix du ménage կատակերգության համար ստացված ակադեմիական մրցանակը։

1891 թ.-ի դեկտեմբերին նյարդային ջղագարությունների արդյունքում Մոպասանը ինքնասպանության փորձ կատարեց։ Պասիի մոտ գտնվող հոգեբուժարանում բուժվելու սկզբնական շրջանում Մոպասանի գիտակցությունը վերադառնում էր, սակայն շուտով ջղագարությունները հաճախակի դարձան։ Նա մահացավ ուղեղի կաթվածից 1983 թ․-ի հուլիսի 6-ին։

Հայերեն են թարգմանվել և հրատարակվել Մոպասանի բազմաթիվ ստեղծագործություններ։ Թեպետ Գի դը Մոպասանը չէր սիրում Էյֆելյան աշտարակը, նա ամեն օր ճաշում էր այնտեղի սրճարաններից մեկում, քանի որ Փարիզում դա միակ տեղն էր, որտեղից աշտարակը չէր երևում։

Գի դը Մոպասան «Մի կյանք»

► Երբ մարդ ծերանում է, չկա ավելի ահավոր բան, քան երբ քիթը խոթում է իր երիտասարդության մեջ:

► Մենք միշտ սխալ կարծիք ունենք մարդկանց մասին:

► Փոքր առվակներից են կազմվում մեծ գետեր:

► Սիրտն ունի խորհուրդներ, ուր չի թափանցում ոչ մի տրամաբանություն:

► Մարդ հուզվում է այն բաներից, որոնք այնքան քաղցր են եղել և չքացել են: Եվ հետո կան անձեր, որոնց մասին մարդ այլևս չի մտածում և որոնց հանկարծ նորից է գտնում: Կարծես նրանց տեսնում է, լսում է, և դա սոսկալի կերպով ազդում է:

► Ես չգիտեմ թե դու ինչ գիտես կյանքի բաներից: Կան խորհրդավոր բաներ, որ խնամքով թաքցնում են տղաներից, մանավանդ աղջիկներից, աղջիկներից, որոնք պետք է մաքուր մնան մտքով, մաքուր և անբասիր մինչև այն ժամը, երբ նրանց կհանձնենք տղամարդու բազուկներին, այն տղամարդու, որը պիտի հոգա նրանց երջանկության համար: Տղամարդն է բարձրացնում այն քողը, որ ձգված է կյանքի քաղցր գաղտնիքի վրա:

► Երբ խնդիրը կյանքի երջանկության վրա է, պետք չէ մտահոգվել դրամական խնդրով:

► Նա դեռևս իր ամբողջ էությամբ չէր ապրում այն խռովահույզ սլացումները, այն խոլ հափշտակությունները, այն խոր հուզումները, որ կարծում էր թե կիրքն է. թվում էր սակայն, որ սկսում էր սիրել նրան, որովհետև երբեմն նվաղումներ էր զգում նրա մասին մտածելով, և նրա մասին մտածում էր անդադար: Նրա ներկայությունը խլրտացնում էր սիրտը. նա կարմրում և գունատվում էր, հանդիպելով նրա մի հայացքին, և սարսռում էր լսելով նրա ձայնը:

► Ուրեմն ամեն ինչ սոսկ տառապանք, վիշտ, դժբախտություն և մահ էր: Ամեն ինչ խաբեություն էր, ամեն ինչ սուտ, ամենքը տառապանք և արցունք էին պատճառում: Որտե՞ղ գտնել մի քիչ հանգստություն և ուրախություն: Թերևս ուրիշ կյանքում: Երբ հոգին կազատագրվեր երկրի փորձությունից:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ