Սորոսին, նախ, հեռացրին Բուդապեշտից, հիմա էլ հեռացնում են Ավստրիայից

sorosin--nax--heracrin-avstriayic--heto-el-boudapesti

Համաձայն ռուսական pravda.ru ինտերներտային կայքի՝ հոկտեմբերի 22-ին հաղորդած տեղեկատվության,Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը 28 օր ժամանակ է տվել հանրահայտ Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող <<Բաց հասարակություններ>> հիմնադրամին՝ իր երկրի տարածքից հեռանալու համար: Չենթարկվելու պարագայում հիմնադրամին սպասում են դատական հայցեր:

Այդ յուրահատուկ դեմարշը կանցլերը բացատրել էր հետևյալ կերպ՝ հիմնադրամը փորձ է կատարում սասանել պետության ժողովրդավարության հիմքերը: Ավելին, Կուրցը բնութագրել է իրավիճակը որպես կրիտիկական, ընդգծելով, որ Սորոսը բոլոր միջոցներով ձգտում է ստանալ քաղաքական ազդեցություն և հասնել գլոբալ վերահսկողության:

Անհրաժեշտ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ հիմնադրամը յուրահատուկ <<պերսոնա նոն գրատա>> է հռչակվում:

Սկզբում՝ մի փոքր տեղեկանք: «Բաց հասարակություններ» հիմնադրամը գործում է 1984թվականից, սնվելով մեծահարուստ Սորոսի անձնական միջողներից: Այսօր այն իր գրասենյակներն ունի աշխարհի ավելի քան 30 երկրներում՝ ներառյալ Հայաստանը: Պաշտոնապես կազմակերպությունը նպատակ ունի ֆինանսավորել նախագծեր մարդու իրավունքների, մշակույթի և արվեստի, լրագրության և մի շարք այլ ոլորտներում, իսկ հիմնադրամի կանոնադրության մեջ հատուկ ընդգծված է, որ այն նպատակ չի դնում նյութական շահ ստանալը: Իսկ ո՞չ պաշտոնապես: Այնուամենայնիվ, ո՞վ է Ջորջ Սորոսը:

Հունգարիայում ծնված և երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ում հիմնավորված ու այնտեղ հսկայական կարողություն ստեղծած այդ խոշոր ֆինանսիստը 34 տարիների ընթացքում տարբեր երկրներում ներդրել է ահռելի գումար՝ շուրջ 32 մլրդ. դոլար: Սա շատերին հիմք է տալիս Սորոսին անվանել բարերար: Սակայն «չար լեզուները» պնդում են, որ տարեց միլիարդատերն իր յուրահատուկ պատկերացումներն ունի ժողովրդավարության մասին, առաջին հերթին նպատակ դնելով միջամտել տարբեր երկրներում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: Ուկրաինա, Վրաստան, Ղրղզստան…գաղտնիք չէ, որ նախկին այս խորհրդային հանրապետություններում տեղի ունեցած գունավոր հեղափոխություններում իր պատկառելի լուման ունի «Բաց հասարակություններ» հիմնադրամը: Իսկ 1999 թվականին հիմնադրամը Ռուսաստանում գրեթե անթաքույց ֆինանսավորում էր «Յաբլոկո» ընդդիմադիր կուսակցության պառլամենտական ընտրարշավը:

Զարմանալի չէ, որ 2015 թվականի նոյեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազությունը «Բաց հասարակությունները» համարեց ոչ ցանկալի կազմակերպություն ՌԴ տարածքում:

Իսկ արդեն այս տարի՝ 2018 մայիսին, Սորոսը ստիպված եղավ որոշում կայացնել իր հայրենի Բուդապեշտում գտնվող գրասենյակը տեղափոխել Բեռլին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ համապետական ընտրություններում հերթական անգամ հաղթանակ տոնեց և վարչապետի պաշտոնը ստանձնեց Վիկտոր Օրբանը, որը միշտ հանդիսացել է Սորոսի և նրա կողմից ֆինանսավորվող կառույցների խիստ քննադատներից մեկը, մեղադրելով նրանց հունգարական լիբերալ ընդդիմության ֆինանսավորման և ապօրինի ներգաղթին օժանդակելու մեջ:

Այս որոշումը, բնականաբար, առանձնապես չի ոգևորել իր հերթին ներգաղթյալների անկանոն ներխուժումից գրեթե կաթվածահար եղած Գերմանիային:

Այսպիսի բաներ…արդյո՞ք գործ ունենք որոշակի օրինաչափության հետ, թե սա պարզապես ժամանակավոր նահանջ է, պարզ կդառնա Կուրցի կողմից մատնանշած ժամկետի ավարտից հետո:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ