Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Շուշիի ազատագրումից 27 տարի անց

sousii-azatagroumic-27-tari-anc

Շուշիի ազատագրման մասին շատ է գրվել՝ հնարավորինս ճշգրիտ կերպով ներկայացնելով այդ գործողության մանրամասներն ու իրականացված ռազմական օպերացիայի վտանգները և ռիսկերը։ Միանշանակ կարելի է պնդել, որ Շուշիի ազատագրումն Արցախյան պատերազմում հայկական ռազմական մտքի փայլուն դրսևորումներից էր։

Այդ գործողության արդյունքում ազատագրվեց Արցախ աշխարհի պատմական մայրաքաղաքը, որը տասնամյակներ շարունակ գտնվում էր թշնամու լծի տակ։ Շուշիի հաղթանակը հնարավորություն տվեց նաև դադարեցնել Ստեփանակերտի շարունակական ռմբակոծումը, որն իրականացվում էր ադրբեջանցի հրոսակների կողմից։

Սակայն «Հարսանիք լեռներում» հայտնի գործողության արդյունքը ոչ միայն ռազմական, այլև կարևոր հոգեբանական նշանակություն ուներ. ապացուցվեց, որ հայկական փոքրաթիվ ուժերը կարող են ոչնչացնել հակարակորդին ոչ միայն բաց տարածքներում, այլև Շուշիի նման լառնային անմատչելի թվացող ամրոցում։ Շուշիի ազատագրումը դարձավ այն մեկնակետը, որը վերջնականապես համոզեց հայությանը, որ զինված պայքարով պաշտպանվելուց զատ հնարավոր է գրոհել և հայկական տարածքներ ազատագրել։

Շուշիի ազատագրումը կարելի է դիտարկել որպես սկիզբ մի գործընթացի, որը սկսվել է, բայց դեռևս չի հասցվել ավարտին։

Արցախյան ազատամարտում Շուշիից հետո իրականացվեցին այլ ռազմական գործողություններ, որոնք իրենց նշանակությամբ պակաս կարևոր չէին՝ Քարվաճառի կամ Զանգելանի, Կովսականի ու Ջաբրայիլի ազատագրումը, մեկ տարվա գերությունից հետո Մարտակերտի վերագրավումը։

Խիստ կարևոր էր հատկապես Աղդամի (Ակնա) ազատագրումը, որն Ադրբեջանի մեծությամբ չորորդ քաղաքն էր, սակայն Շուշին միշտ էլ մնաց առանձնահատուկ, քանի որ Կովկասյան Փարիզ կոչվող քաղաքը կառուցել և հզորացրել էին հայերը, և քաղաքում հայկական հսկողության հաստատումը ռազմավարական նշանակություն ուներ։ Ազատագրելով Շուշին՝ հայկական ուժերը կարողացան իրենց վերահսկողության տակ պահել Արցախի լեռնային շղթայի մի հսկայական հատված՝ մուտք բացելով դեպի Հայաստանի Հարապետություն։

Այսպիսով, ձևավորվեց Հայաստանի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն ռազմական շղթան, որը դե ֆակտո գործում է մինչ օրս, տարածաշրջանում խաղաղության պահպաման հիմնական ու թերևս միակ գրավականն է։

Կանցնեն տասնամյակներ, սակայն Շուշիի ազատագրումը որպես հայկական զենքի ամենակարևոր հաղթանակ, կշարունակի գոյատևել, անկախ նրանից, թե ով և ինչպես ցանկանա այդ հաղթանակը նսեմացնել, բայց պարզ է, որ իշխանություններն անցողիկ են, իսկ հայությունը շարունակաբար գնալու է Եռաբլուր՝ Շուշին ու Հայոց աշխարհի հարավ-արելյան հատվածը ազատագրած տղաների շիրիմներին խոնհարվելու։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ