Հովհաննես Թումանյան - Նրան

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Կարդալ Ամբողջը

Շռայլություն, որ պատիվ չի բերի բոլորիս

srayloutyoun--or-pativ-ci-beri-boloris

Փետրվարի 11-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությանն իր անդամությունը կասեցնելու մասին հայտարարեց այդ կուսակցության առանցքային դեմքերից մեկը՝ Արփինե Հովհաննիսյանը: Իր որոշումը վեցերորդ գումարման ԱԺ փոխնախագահը պատճառաբանեց սպասվող փաստաբանական պրակտիկայով, ինչպես նաև, հասարակական և գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելու ցանկությամբ:

Միևնույն ժամանակ նա հավաստիացրեց. «Շարունակելու եմ իմ ակտիվ ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներին, խորքային վերլուծության եմ ենթարկելու կայացվող որոշումները, իսկ անհրաժեշտության դեպքում չեմ խորշելու սուր քննադատություն հնչեցնելուց»։

Իհարկե, Արփինե Հովհաննիսյանի այս որոշման մեջ ոչ մի արտառոց բան չկար: Ավելին, հաշվի առնելով, որ իշխանափոխությանը հետևած գրեթե 10 ամիսների ընթացքում նա կուսակցության ղեկավար մարմնի անդամներից ամենաշատը հանրության անարգանքին արժանացած անդամներից մեկն էր, նման որոշումը նույնիսկ ինչ-որ տեղ սպասելիից ուշացած էր: Ուստի պետք է արժանին մատուցել Հովհաննիսյանին, որը արժանապատվորեն դիմակայեց քաղաքական ընդդիմախոսների և, հատկապես, հանրության անողոք քննադատությանը, որը հաճախ անցնում էր պարկեշտության և նույնիսկ բարոյականության սահմանները: Դիմակայեց, ի տարբերություն կուսակցության անդամ շատ և շատ տղամարդկանց, որոնք տարբեր պատճառներով կամ լքեցին ՀՀԿ-ն, կամ ուղղակի հեռացան «անգլիական ձևով>», կամ էլ իրենց տեղը գտան ներկայիս իշխանական «փասյանսի» մեջ:

Նախկին փոխխոսնակի այս քայլը միևնույն ժամանակ մեր հասարակության առավել սթափ և հեռուն մտածող հատվածի մեջ առաջացրեց որոշակի մտահոգություններ: Ստեղծվել է մի իրավիճակ, որը բացառությամբ ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի և կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի, որոնք հատկապես աչքի են ընկնում սոցիալական ցանցերում հանրապետականի «թասիբն ու պատիվը» պահելու հարցում, այլ ցանկացողներ չեն գտնվում ո՛չ կուսակցության վերնախավից, ո՛չ, առավել ևս, շարքային հանրապետականներից: Ըստ էության, ռադիկալ հեղափոխականները, իրենց թիկունքում ունենալով Հայաստանի քաղաքացիների գրեթե 80 տոկոսի աջակցությունը, երբեք չէին էլ թաքցնում, որ ցանկանում են կազմաքանդել ՀՀԿ-ն, հասան իրենց նպատակին:

Սա առաջին հերթին նշանակում է մեկ բան՝ տարիներ շարունակ երկրում իշխող կուսակցությունը, որի ակունքներում ընկած էին մեծ հայրենասեր Գարեգին Նժդեհի գաղափարները, փաստացի վերածվել էր նոմենկլատուրային կադրերի դարբնոցի:Միևնույն ժամանակ, իմ անձնական կարծիքով, առկա էին նաև որոշ գաղափարական անհամապատասխանություններ, որոնք միգուցե նպաստեցին կուսակցության հեղինակության սրընթաց անկմանը: Սակայն սա շատ պատասխանատու և լուրջ թեմա է՝ արժանի առանձին մանրակրկիտ վերլուծության, ինչը և կարվի առաջիկայում: Սա՝ իմիջիայլոց:

Ինչևէ: Ես հեռու եմ այն մտքից, որ բոլոր հհկ-ականները (ասածս առաջին հերթին վերաբերում է շարքային անդամներին և մանր ու միջին տրամաչափի պաշտոնյաներին) թալանել են երկիրը կամ գործել այլ հանցագործություններ: Բայց այն, որ նրանց մի ստվար զանգված անդամագրվել էր կուսակցությանը միայն կարիերիստական մղումներից կամ սեփական բիզնես շահերը պաշտպանելու ձգտումից ելնելով, աներկբա է, ինչն էլ հաստատեց «նորին գերազանցություն» ժամանակը: Արդյունքը եղավ Երրորդ հանրապետության համար արդեն սովորական դարձած հերթական առնետավազքը:

Սա շատ ցավալի է: Հանդիսանալով դասական պահպանողական կուսակցություն, ունենալով բավականին լուրջ հեղինակություն եվրոպական գործընկեր կուսակցությունների շրջանում, Հանրապետական կուսակցությունը այսօր չունի այդ հեղինակությունը նույնիսկ սեփական երկրում: Կրկնակի ցավալի է, որ արդեն շատ քչերն են հիշում, իսկ ոմանք էլ ձևացնում են, որ մոռացել են, թե ովքե՞ր են եղել ՀՀԿ հիմնադիրները՝ հիրավամբ մեր ազգի սերուցքին պատկանող և ողջ գիտակցական կյանքում Հայաստանի անկախության համար պայքարած Աշոտ Նավասարդյանն ու Անդրանիկ Մարգարյանը, արցախյան գոյամարտում հաղթանակած սպարապետ Վազգեն Սարգսյանը: Արդյո՞ք հայ ազգի համար մեծ շռայլություն չի լինի այսպես բարբարոսաբար վերաբերվել նրանց թողած ժառանգությանը: Խորհենք այդ մասին, և առաջին հերթին թող դա անեն մարդիկ, որոնք դեռ հնարավորություն ունեն վերստին բարձրացնելու արդեն նորացված և մաքրված Հայաստանի Հանրապետական Կուսակցության դրոշը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ