Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ստամբուլ. Էրդողանի և ընդդիմադիրների դիմակայության միջնաբերդը

stamboul-erdoxani-e-enddimadirneri-dimakayoutyan-mijnaberde

 

Ժամանակին Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եղել է Ստամբուլի քաղաքապետ: Իր քաղաքական կարիերան նա սկսել է հենց Ստամբուլից՝ 1994-1998թթ.՝ զբաղեցնելով քաղաքապետի պաշտոնը: Եվ հիմա, երբ Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ժամանակ Ստամբուլի ընտրապայքարում հաղթում է ընդդիմության թեկնածուն, դա դիտվում է ապտակ՝ Էրդողանի հեղինակությանը և գործող իշխանություններին: Բնակչության սոցիալ-տնտեսական վատ վիճակը վստահության քվե չդարձավ իշխող քաղաքական ուժի դիրքերի ամրապնդման համար:

Իշխող  «Արդարություն և զարգացում»  կուսակցությունը թեև, ընդհանուր առմամբ, հաղթեց ՏԻՄ ընտրություններում, բայց պարտվեց  զբոսաշրջային, տնտեսական ու քաղաքական առումներով կարևոր նշանակություն ունեցող խոշոր քաղաքներում` Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Անթալիա: Մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ Էրդողանի ձեռքից ընդդիմադիրները վերցնում են մեծ քաղաքների կառավարման բանալիները:

16 մլն ստամբուլցիների քաղաքում իշխանության թեկնածուն՝ նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը պարտվեց 28 հազար ձայնի տարբերությամբ: Վերջին 25 տարում առաջին անգամ էր, որ ընդդիմությունը հաղթում է Թուրքիայի ամենամեծ քաղաքում: Ենթադրվում էր, որ թուրքական իշխանությունները հեշտ չէին հաշտվելու պարտության հետ ու փորձելու են փրկել գոնե այն, ինչը հնարավոր է: Ինտրիգը հնարավոր եղավ պահպանել միայն Ստամբուլում: Իշխանությունները, նախ գնացին ձայների վերահաշվարկի ճանապարհով, որի արդյունքում 15 հազարով կրճատվեց Իմամօղլուի ստացած ձայները, բայց այդուհանդերձ նա քվեների տոկոսային հարաբերակցությամբ մնաց հաղթող

Մինչ ընդդիմությունը տոնում էր իր հաղթանակը, իսկ Իմամօղլուն ստանձնել էր քաղաքապետի մանդատը և պաշտոնավարում էր մոտ կես ամիս, հասցվեց ամենակոշտ հարվածը Էրդողանի ճամբարից: Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ հայտարարեց Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները ու նշանակեց նոր ընտրություններ հունիսի 23-ին:

Սա այն քայլն էր, որը երկրի ներսում ու արտաքին աշխարհում արժանացավ գլխավորապես բացասական արձագանքի: Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը ընտրությունների չեղարկումն անվանեց «խփված մի մեծ մեխ ժողովրդավարության դագաղին»: Արևմտյան մամուլը կանխատեսեց, որ հետայսու ուժեղանալու է Էրդողանին ուղղված քննադատությունների ալիքը և երկրում քաղաքական քաոսի վտագնավոր իրավիճակ է ստեղծվելու։ Իսկ հանրության դժգոհ հատվածները սոցիալական ցանցերում արեցին մի պարզ եզրակացություն. Թուրքիայում թույլատրվում է իշխող ուժի թեկնածուի հետ ընտրապայքարի մեջ մտնել, բայց հաղթելը՝ արգելվում է:

Այսպիսով, Թուրքիայում կրկին պետք է անցկացվեն ընտրություններ, և միայն այն պատճառով, որ իշխող կուսակցության թեկնածուն պարտվել է: Փաստորեն, Էրդողանի ղեկավարած Թուրքիայում իշխանություններն ունեն ժողովրդավարության մասին սեփական պատկերացումները. այն է` կրկնել ընտրություններն այնքան ժամանակ, մինչև ստացվի ցանկալի արդյունքը։ Ի դեպ, նկատենք, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը նախկինում ունեցել է պարտված ընտրությունները կրկնությամբ շահելու փորձ։ Այդ արատավոր մեթոդն, օրինակ, Էրդողանի կուսակցությանն օգնել է 2015թ. խորհրդարանական ընտրություններում:

Ստամբուլի վերանվաճումը Էրդողանի համար դարձել է քաղաքական օրակարգի ողնաշարը, որի կոտրվելու հետ այդպես էլ նա չի հաշտվում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ