Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Ստեփանակերտում կազմակերպվել է գրական ցերեկույթ՝ նվիրված Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակին

am
stepanakertoum-kazmakerpvel-e-grakan-cerekouyt-nvirvac-georg-emini-cnndyan-100-amyakin

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ համալսարանի Արեւմտահայերէնի, հայագիտութեան գիտահետազօտական Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեան կեդրոնում տեղի է ունեցել գրական ցերեկույթ՝ նվիրված հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը: Նրա խոսքով` Գևորգ Էմինի ստեղծագործությունն ազգային հարստություն է:

«Հոգևոր իրականության մեջ ամենամեծ հեղափոխականներն արվեստի գործիչներն են, որոնց մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Գևորգ Էմինը: Նա այն բանաստեղծն է, ով իր ստեղծագործության մեջ մարդկային նոր նկարագիր բերեց: Նա բոլորովին այլ ոճի, մտածողության ու սկզբունքի տեր բանաստեղծ է և իր ներքին ներդաշնակության հետ միասին ունի այնպիսի հակասական գծեր, որոնք տարբերակում են նրան: Նա իր ուսանողական տարիներին հնարավորություն է ունեցել հանդիպելու և շփումներ ունենալու Եղիշե Չարենցի հետ: Վերցնելով չարենցյան դասերը՝ նա կարողացել է գնալ դեպի երևույթի խորքը, առարկայական նկարագրություններից դեպի տրամաբանական խորությունը»,- մասնավորապես ասել է նա:

Ցերեկույթին ներկա բանաստեղծ Ռոբերտ Եսայանն  իր ելույթում նշել է, որ Գևորգ Էմինը նորարար բանաստեղծ է և որոնումների դաշտում նրան միշտ ուղեկցել է հայտնության ոգին:

«Բառն էմինյան պոեզիայում արարչագործության դուռ է, որով մտնողը ձեռք է բերում հայացք, ձայն ու տարածություն: Էմինյան արվեստն այսօր էլ կենսունակ է գրավիչ ու հետաքրքիր: Գրական ասպարեզ մտնելով ետչարենցյան դժվարին ու բարդ շրջանում՝ Էմինն իր ընթերցողին գրավեց իր ինքնատիպ մտածողությամբ, առանձնահատուկ պատկերավորությամբ: Էմինյան գրական դպրոցը տվեց բանաստեղծության յուրահատուկ տեսությունն ու բանաձևը:Նրա բանաստեղծությունը հայ ժողովրդի դարավոր պայքարի խորն արտացոլանքն է՝ հանուն լուսավոր գալիքի:Հայրենիքի մասին նոր խոսք ասելը դժվար է, բայց նա այդ դժվարությունները հաղթահարել է ստեղծագործաբար՝ ներաշխարհի հայտնություններով հիացնելով բոլորին»,- ասել է նա:

Միջոցառմանը ելույթներով ու բանաստեղծություններով հանդես են եկել ԳՆՀ դասախոսներ և ուսանողներ:Ցուցադրվել է նաև նրա մասին պատմող տեսանյութ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ