Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում,
Ղազարոս Աղայան

Թանգարանների երկիր Հայաստանս

tangaranneri-erkir-hayastans

   Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ. այսպես են օտարները բնութագրում մեր հինավուրց երկիրը: Երկիր, որն ունի հարուստ պատմություն, մշակութային փառահեղ անցյալ: Ու բնական է, որ բազամադարյա մշակույթ ունեցող երկիրն իր ներսում պետք է հարուստ լինի թանգարաններով: Եվ այդպես է, որ կա:

  Պատահական չէ, որ թանգարանային աշխարհը Հայաստանը բացահայտեց որպես  մշակութային ժառանգությամբ  հարուստ մի երկիր, որը  համաշխարհային պատմության վրա թողել է իր նշանակալից հետքը: Հայաստանյան թանգարանները մեր այցեքարտերն են, նրանք պատմում են  հնագույն ավանդույթներով, մշակույթով ու պատմությամբ հարուստ, քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինը հռչական երկրի մասին:

  Օտարները մեր բազմաբովանդակ թանգարաններով են նաև բացահայտում Հայոց  երկիրը: Ամեն մի թանգարան յուրովի է ներկայացնում հայկական պատմությունն ու մշակույթը, պատմական իրադարձություններն ու մշակութային կոթողները, տարբեր ժամանակների հայտնի արվեստագետներին, նրանց ստեղծագործությունները: Երևանի թանգարանները զբոսաշրջիկներին տալիս են հրաշալի հնարավորություն զգալու հինավուրց երկրի անկրկնելի ոգին, սեփական աչքերով տեսնելու յուրօրինակ գտածոներ, արվեստի գլուխգործոցներ:

Չնայած դրան, թանգարանների սիրահար հայերս նաև երազում ենք  2800-ամյա մեր մայրաքաղաքում ունենալ աշխարհահռչակ մի թանգարան, որտեղ ներկայացված կլինի Տիգրան Մեծ Արքայից ավելի վաղ ու մինչև մեր օրերը: Դա կլինի  թանգարան, որտեղ ամփոփված կլինի  Արևմտյան և Արևելյան Հայաստանների ամբողջ պատմամշակութային ժառանգությունը, որտեղ կներկայանա  հնագույն Հայկական լեռնաշխարհը` Արարատ լեռով,  Նոյան տապանով,  թանգարան, որն իր հնագույն գտածոներով հայտնի կլինի ողջ աշխարհում: Սա  երազանք է, որն ամենևին անիրագործելի չէ:

Իսկ այսօր Երևանում գործում են հիսունից ավելի թանգարաններ ու պատկերասրահներ, որոնք մեր պատմության մի ուրույն մասն են կազմում:

 

 

Ներկայացնենք դրանցից մի քանիսը.

Մատենադարան.  Այն  հանդիսանում է ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը, որտեղ պահվում և ցուցադրվում են տարբեր դարերի յուրատիպ ձեռագիր հավաքածուներ: Մատենադարանում կարող եք ծանոթանալ նաև այլ լեզուներով գրված ձեռագրերի՝ հունարեն, լատիներեն, արամեերեն, եբրայերեն, արաբերեն, ճապոներեն, հին սլավոներեն, եթովպերեն:

 

Հայաստանի Պատմության թանգարան: Երբ խոսքը պատմության մասին է, պարզապես անհնար է չնշել Հայաստանի Պատմության թանգարանը, որտեղ կարող եք տեսնել թե Հայաստանի Հանրապետությանը վերաբերող, և թե պատմական Հայաստանը ներկայացնող բացառիկ իրերի և հազվագյուտ նմուշների հավաքածուներ:

 

 Հայաստանի ազգային պատկերասրահ: Այստեղ ներկայացված են բոլոր ժամանակների ամենահայտնի հայ արվեստագետների ստեղծագործությունները: Ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921թվականին՝ Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ: Սկզբնական փուլում այն եղել է Պետական թանգարանի 5 բաժիններից մեկը՝ նվիրված արվեստին: Տնօրեն է նշանակվել բոլոր ժամանակների ամենատաղանդավոր հայ նկարիչներից մեկը՝ Մարտիրոս Սարյանը, ում ստեղծագործություններն այսօր էլ ներկայացված են պատկերասրահում, իսկ նրա «Հայաստան» նկարը դարձել է մեր երկրի այցեքարտերից մեկը:

Սերգեյ Փարաջանովի թանգարան: Սերգեյ Փարաջանովը եղել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ: Նա սովետական ժամանակաշրջանի ամենահայտնի կինոռեժիսորներից մեկն էր, ում համբավը տարածվել է նաև Խորհրդային Միության սահմաններից դուրս: Թանգարանի ցուցադրության հիմնական մասը ռեժիսորի ստեղծագործություններն են՝ էսքիզներ ֆիլմերից, գծանկարներ, տիկնիկներ, ինչպես նաև՝ անձնական իրեր:

 

Էրեբունի թանգարան: Երևանի պատմությունը սկսվում է 2800 տարի առաջ՝ Էրեբունի կոչվող ամրոցից, որտեղ այժմ գտնվում է համանուն թանգարանը՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Վերջինիս բացումը 1968 թվականին համընկել է Երևանի 2750 ամյակի տոնակատարության հետ: Այստեղ ներկայացված են Երևանի տարածքում հայտնաբերված իրեր, որոնք թվագրվում են դեռևս ուրարտական, վաղ հայկական և հելենիստական ժամանակներին:

 

Երևանի Պատմության թանգարան: Երևան քաղաքի անցած ուղին իր մեջ է ամփոփում Երևանի Պատմության թանգարանը, որտեղ ներկայացված են Երևան քաղաքի պատմությանը վերաբերող նմուշներ: Երևանի պատմության թանգարանն արտացոլում է Երևանում ապրած ժողովրդի հարուստ մշակութային և հոգևոր կյանքը:

  

Հաշվի առնելով ամբողջ աշխարհում թանգարանների այցելուների թվի կրճատումը՝ 1977 թվականից Թանգարանների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ ամեն տարի մայիսի 18-ին անցկացվում է «Թանգարանների միջազգային օր» միջոցառումը, որի նպատակն է մեծացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում:

Հայաստանն ամեն տարի մասնակցում է «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում իրականացվող համաեվրոպական համանուն միջոցառմանը: Այդ օրը Երևանի թանգարանների մուտքն անվճար է: Միջոցառումը քաղաքում ստեղծում է ջերմ մշակութային մթնոլորտ և բոլորին «վարակում» թանգարան այցելելու տրամադրությամբ, աշխուժացնում թանգարանային կյանքը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ