Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Տավուշի Թովուզ-զալա ամրոցը՝ միջնադարյան Հայաստանի խոշոր կենտրոններից մեկը

am
tavousi-tovouz-zala-amroce-mijnadaryan-hayastani-xosor-kentronneric-meke

Ամրոցը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի հարավ-արևելյան եզրին` Տավուշ գետի աջ ափին: Հուշարձանի հիմնադրման թվականը ստույգ հայտնի չէ: Գրավոր մի քանի աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է X դարի սկզբին՝ որպես հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի նստավայր: Բերդը X-XI դարերում պատկանել է Բագրատունինների Կյուրիկյան ճյուղին, XII-XIII դարերում` Զաքարյաններին:

XIV դարի վերջից անտերունչ մնացած Տավուշ ամրոցը աստիճանաբար ավերվել ու քայքայվել է:

Տավուշ ամրոցը բաղկացած է միջնաբերդից ու ստորին բերդից: Միջնաբերդը գրավում էր բարձրադիր, զառիթափ ժայռերով եզերված բլրի գագաթի նեղ (առավելագույն լայնությունը 25մ) լեզվականման տարածքը: Կիսագլանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները (մինչև 12մ բարձրությամբ, ոչ խոշոր գետաքարերով և ճեղքված անդեզիտի քարերով) պահպանվել են արևելյան և հյուսիս-արևելյան մասերում: Մուտքը եղել է հարավային կողմից: Տարածքում շինությունների հետքեր չեն պահպանվել, բացի ամրոցի ստորոտում կառուցված 12-րդ դարի եկեղեցու մնացորդներից: Միջնաբերդի հյուսիսային կողմում դեպի դուրս ելք է ունեցել (գաղտնուղի): Ստորին բերդը գտնվել է միջնաբերդի արևելյան ստորոտին, ուր պահպանվել են ճեղքված խոշոր քարերով կիկլոպյան շարվածքով պարսպի մնացոդներ, միանավ դահլիճի տիպի եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր: Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի «Գլգլան» կոչվող աղբյուրներից՝ կավե փողրակներով ( մնացորդները պահպանվել են):

Ըստ հեղինակների հիշատակությունների` Տավուշ բերդը միջնադարյան Հայաստանի խոշոր կենտրոններից մեկն էր (ժամանակակիցը Լոռե բերդի VI-XII դդ.՝ Գուգարք):

Տավուշ ամրոցը միջնադարյան Հայաստանի գրեթե չուսումնասիրված հուշարձաններից է, ժամանակակիցը` Ամբերդի, Անիի, Դվինի և այլն: Դեռևս 1980-ական թվականներին հնագետ Հայկ Եսայանի կողմից Ամրոցի տարածքում պեղումների փորձեր կատարվեցին, բայց դրանք անավարտ մնացին: Մինչդեռ Տավուշ ամրոցը միջնադարյան Հայաստանի նախարարական տների նիստ ու կացի, կենցաղի և արհեստների, առևտրի ու ամրոցաշինության մասին արժեքավոր նյութեր է պարունակում:

Ինչպես Տավուշ ամրոցը, այնպես էլ նրա կից տարածքները դամբարանադաշտեր, գյուղատեղիներ, գերեզմանոցներ ու այլ հնավայրեր են: Թե Տավուշ ամրոցը, և թե նրան կից հուշարձաններն ընդգրկված են ապագա «Բերդ» արգելոց-թանգարանի համար նախատեսված տարածքների կազմում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ