Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Թեհլերյանի ոտքը և Թալեաթի գլուխը

tehleryani-otqe-e-taleati-glouxe

Վերջին մարդը, ում տեսավ ոճրագործը, Թեհլերյանն էր: Վերջին բառը, որ լսեց, իր անունն էր՝ Թալեաթ: Այնուհետև որոտաց ատրճանակը ու դիմահար կրակոցից Բեռլինի փողոցներից մեկում գնդակահարված տապալվեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչը: Հայ վրիժառուն սպանության վայրից չդիմեց փախուստի, մնաց դիակի, իսկ եթե կուզեք՝ լեշի մոտ ու սպասեց ոստիկաններին: Հետո պիտի Սողոմոն Թեհլերյանը դատարանում հայտարարեր. «Այո, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»: Հետո պիտի գերմանական դատարանը Թեհլերյանին անմեղ ճանաչեր՝ «արդյո՞ք Թեհլերյանը մարդ է սպանել» հարցին տալով «ոչ» պատասխանը։

Գանք մեր օրեր: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Շիրակի մարզի Մարալիկ համայնքում տեղադրվեց ազգի վրեժը լուծած հայորդու խրոխտ արձանը: Չորս մետր բարձրություն ունեցող  բրոնզաձույլ հուշարձանը պատկերում է գրանիտե պատվանդանի վրա կանգնած Սողոմոն Թեհլերյանին՝ ձեռքին ատրճանակ: Ընդ որում հենց այն ատրճանակի կրկնօրինակն է, որը Սողոմոնին տվել էր Ավետիք Իսահակյանը: Սողոմոնի ոտքի տակ քանդակված է եղել Թալեաթ փաշայի գլուխը: Սակայն քանդակի հեղինակի մտահղացումը լիարժեք չի իրականացել, քանի որ քաղաքական ղեկավարությունը նպատակահարմար չի գտել Թալեաթի գլուխը Թեհլերյանի ոտքի տակ ցուցադրելը: Երբ արձանը արդեն ուղարկվել է ձուլման, պահանջվել է ոճրագործի գլուխը ծածկել: Եվ այդպիսով Մարալիկում 2015-ի ապրիլին տեղադրվել էր ծածկված տարբերակը:

Երեք տարի անց՝ 2018-ի հեղափոխությունից հետո, հնարավորություն ստեղծվեց հեռացնել Թալեաթի դեմքը ծածկող շղարշ-դետալը, և արձանը հանրությանը ներկայացավ լիակատար տեսքով՝ առանց քաղաքական մտավախությունների:

Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներն այս թեման օգտագործեցին Թուրքիայում Հայաստանի հանդեպ բացասական տրամադրությունները թեժացնելու նպատակով: Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այթեն Մուստաֆաևան արձանի լուսանկարը տեղադրեց ու տարածեց սոցիալական ցանցերում:

Հաջորդիվ հրապարակվեցին տարաբնույթ նյութեր Թալեաթի գլուխը Թեհլերյանի ոտքի տակ քանդակելու մասին՝ հրահրելով ատելության նոր ալիք հայերի հանդեպ Թուրքիայում: Արձագանքին անմասն չմնացին նաև թուրքական լրատվամիջոցները: Լայնորեն տարածելով արձանի լուսանկարները՝ գրեցին Օսմանյան պետությունը, թուրքական պատմությունը նսեմացնելու և վիրավորելու մասին տեքստեր: Հասկանալի է, որ ադրբեջանցիների հրահրած սադրանքն արվել է բացառապես քաղաքական նպատակներով և ծառայում է Հայաստանը հնարավորինս սևացնելու արշավին: Թեմային անգամ անդրադարձավ Թուրքիայի պետական լրատվական «Anadolu» գործակալությունը: Թղթակիցը, հարցազրույցներ անցկացնելով պատմաբանների, ճարտարապետների հետ, ներկայացրեց թուրք մտավորականության քննադատական մոտեցումն այդ արձանի վերաբերյալ: Միջազգային ատյաններում այդ հարցը արծարծելու և արձանի ապամոնտաժմանը հասնելու կոչեր արվեցին: Շեշտը դրեցին այն բանի վրա, նմանօրինակ արձանի կանգնեցումը երկու երկրների հարաբերությունների համար վնասակար է: Բնականաբար, նրանք չհասկացան կամ չկարողացան նշել, որ այդ հարաբերություններին ծանր վնասներ հասցրել և հասցնում է Թուրքիան՝ սահմանը փակելով, արձանգրությունները տապալելով ու ղարաբաղյան հարցն անընդհատ շահարկման առարկա դարձնելով:

Հ. Գ.

Սողոմոն Թեհլերյանին նվիրված հուշարձաններ կան նաև ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և քաղաքամայր Երևանում։ Բայց ամենամոնումենտալը Մարալիկում տեղադրված արձանն է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ