Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

am
tigran-xacatryane-handipel-e-hayastanoum-em-despan-andrea-viktorinin

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարն իր խոսքում նշել է․ «Շատ կարևոր է ԵՄ-ի հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էկոնոմիկայի նախարարության հետ իրականացվող ծրագրերը կառավարության միջազգային աջակցության պորտֆելում իրականացվող ամենածավալուն և ամենամեծ ազդեցության ծրագրերից են, որոնք ներառում են մեր քաղաքականության առաջնահերթ ուղղություններով համատեղ ջանքեր և միտված են երկրում բիզնես և ներդրումային միջավայրի բարեմավմանը»։

Էկոնոմիկայի նախարարը վերահաստատել է մրցունակ տնտեսություն ունենալու հարցում նորարարությունների դերը և շեշտել, որ այդ համատեքստում մրցունակ և արդյունավետ պետք է լինի նաև կառավարությունն ու իրականացվող քաղաքականությունը։

Դեսպան Անդրեա Վիկտորինը իր հերթին նշել է․ «Ուրախ եմ հանդիպել Ձեզ, պարոն Խաչատրյան, և քննարկել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորությունները։ Մենք արդեն համագործակցում ենք տարբեր ծրագրերի շրջանակներում, սակայն շատ կարևոր է հետագա համագործակցության խորացումն ու ամրապնդումը։ Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ համար առաջնային հանդիսացող ուղղություններով»։

Դեսպանը նշել է, որ ցանկացած նախաձեռնություն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կա շարունակականություն և կարևորել այն հետևողական քայլերը, որոնք պետք է անի կառավարությունը ներդրումների ներգրավման և բիզնես միջավայրի զարգացման համար։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է նախարարությունների համատեղ փոխգործակցության ամրապնդումն ու միասնական ջանքերի գործադրումը՝ ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման տեսանկյունից։

Նախարարը կարևորել է առաջընթացի ապահովման գործում փորձառու և պրոֆեսիոնալ մասնագետների դերը առաջիկա անելիքներում և բարձր գնահատել խորհրդատվական աջակցության շուրջ ԵՄ-ի հետ պայմանավորվածությունը: «Փորձագետների նման խումբը մշտապես բաձր հարթակում մեզ և ձեզ ֆունկցիոնալ աջակցություն կտրամադրի», - նշել է նախարարը։ Տիգրան Խաչատրյանը, կարևորելով տարբեր ուղղություններով Հայաստան-ԵՄ համագործակցությունը, հյուրերին ներկայացրել է ընթացիկ ծրագրերի կարևորությունը և օրակարգային հիմնական տնտեսական առաջնահերթությունները՝ պլանավորվող ներդրումային և բիզնես համաժողովների, ՓՄՁ ոլորտի զարգացման, զբոսաշրջության ոլորտի աջակցության հնարավորությունների և մի շարք այլ հարցերի հետ կապված։

Դեսպանը նշել է, որ ՓՄՁ զարգացումը հատկապես կարևոր է ապակենտրոնացման, տարածքային զարգացման տեսանկյունից, որը կարող է դառնալ նաև գործազրկության նվազման կարևոր պայման։ Նա անդրադարձել է մասնագիտական կրթության կարևորությանը, Հայաստանում կրեատիվ բիզնեսի, օրգանական սնունդի արտադրության, գյուղատնտեսության զարգացման հնարավորություններին, զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ունեցած մեծ ներուժին և կարևորել հատկապես մարզերում ենթակառուցվածքների զարգացումը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին ծրագրերի իրականացման գործում աջակցելու պատրաստակամության համար և նշել, որ այն թիմը, որը ձևավորված է նախարարությունում, նույնքան պատրաստակամ է ու բաց, նաև շահագրգռված՝ կառույցի հետ ակտիվ համագործակցելու երկրում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ։

Դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսն իր հերթին նշել է, որ ֆրանսիացի փորձագետները հետաքրքրված են համագործակցություն ծավալել նաև անասանաբուծության ճյուղում, ագրարային կրթության և մասնագետների վերապատրաստման ոլորտներում։

Լրահոս

Նմանատիպ նորություններ