Տիգրան Խաչատրյանն ընդունել է Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆին

am es ru
tigran-xacatryann-endounel-e-germaniayi-despan-mixayel-banchafin

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին։

 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է դեսպանին և հատկանշական համարել Գերմանիայի դեսպանատան հետ երկար տարիների ձևավորված լավ հարաբերությունները, նաև այն դերը, որը վերջինս կատարում է Գերմանիայի հետ ուղիղ համագործակցությանբ և ԵՄ շրջանակներում իրականացվող ծրագրերի ուղղությամբ։ 

 

Դեսպանը կարևորել է տնտեսական հարցերը՝ որպես երկկողմ հարաբերությունների կարևոր առաջնահերթություններից և իր խոսքում նշել «Հանքարդյունաբերության, էլեկտրաէներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում գերմանական ընկերությունների գործունեությունն այստեղ վկայում են այն մասին, որ վերջիններս հետաքրքրված են Հայաստանով։ Գիտեմ, որ Հայաստանի կառավարության  առաջնահերթություններից է ներդրումների ներգրավվումը երկիր, այդ տեսանկյունից էլ կարևոր եմ համարում երկրների միջև փոխադարձ կապերի զարգացումը»։

 

Նախարարն իր հերթին նշել է «Մենք, իսկապես, երկրի տնտեսական զարգացումը կապում ենք երկրում ներդրումային գրավչության մեծացման հետ, ուստի պետք է գտնենք այն հնարավորությունները, որոնք երկու երկրների հետաքրքրությունների դաշտում են»։ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ներդրողների աջակցության կենտրոնի հիմնական նպատակները և տնտեսական այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի ավելի զարգացնել երկրների միջև համագործակցությունը, մասնավորապես՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում և հավելել, որ վերջին տարիներին դեպի Հայաստան ուղևորահոսքերի ամենաարագ աճ արձանագրած ուղղություններից մեկը Գերմանիան է եղել։

 

Դեսպանի խոսքով՝ գերմանական կազմակերպությունները գյուղատնտեսության, գիներգործության և մի շարք այլ ոլորտներում խորհրդատվական ծառայություններ են մատուցում, իսկ տեքստիլի և զբոսաշրջության ուղղությամբ առկա է մեծ հետաքրքրություն։ Նա նշել է, որ իռլանդական «Ռիանեյր» ավիաընկերության գործարկումը ևս մեծ հնարավորություն կստեղծի և կմեծացնի Գերմանիայի հետ ուղևորահոսքերը։ Ըստ Միխայել Բանցհաֆի՝ Հայաստանը միջնաժամկետում կարող է կապող օղակ լինել ԵԱՏՄ և հարակից այլ երկրների հետ։ Նա անդրադարձել է նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի տարբեր ուղղություններով իրականացվող ծրագրերի հնարավորություններին։

 

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար և նշել, որ առաջիկա իրականացվող ծրագրերն ունենալու են մեծ նշանակություն երկրների երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման և հատկապես Հայաստատանում ՓՄՁ ոլորտի զարգացման համար։

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ