Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է

am en ru
today-is-international-mother-language-day

Այսօր Մայրենիի միջազգային օրն է: Փետրվարի 21-ը որպես Մայրենի լեզվի միջազգային օր է հռչակվել 1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման։

Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:

Տոնն ունի իր պատմությունը, որի համաձայն՝ 1947 թ.-ին, երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից, կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք խիստ տարբերվում էին իրենց մշակույթով և լեզվով. Արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ Արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թ.-ին Պակիստանի Կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։

Երկրի արևելյան մասի բնակչության մեծ մասը կառավարության որոշումը դժգոհությամբ է ընդունում՝ պարբերաբար կազմակերպելով բողոքի ցույցեր: Կառավարությունը ոչ միայն հաշվի չի նստում արևելյան տարածաշրջանի բնակիչների պահանջների հետ, այլև ճնշում է բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցերը։ 1952 թ.-ին՝ Դաքքա քաղաքում ուսանողական ցույցը ճնշելիս, նույնիսկ մի քանի զոհեր են լինում՝ հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության: Ողբերգության հետևանքով զանգվածային ցույցեր են ծայր առնում։ Ի վերջո, հակամարտության ընթացքում՝ 1956 թ.-ին, բենգալերենը պետական լեզվի կարգավիճակ է ստանում։

Մայրենի լեզվի իրավունքների համար մղվող պայքարը նպաստեց բենգալցիների ազգային ինքնագիտակցության աճին։ Ազգային-ազատագրական պատերազմից հետո Արևելյան Պակիստանն առանձնացավ, և 1971 թ.-ին առաջացավ նոր պետություն՝ Բանգլադեշը։ Ուստի փետրվարի 21-ը Բանգլադեշում նշվում է նաև որպես Մայրենի լեզվի օր, իսկ մայրաքաղաք Դաքքայում՝ Սիդնեյի Էշֆիլդ զբոսայգում, զոհված ուսանողների հիշատակին կանգնեցվել է «Պահպանի՛ր մայր լեզուդ» հուշարձանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ