Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Թումանյանական բնակավայրը (լուսանկարներ)

toumanyanakan-bnakavayre-lousankarner

ՀԱՅ ՁԱՅՆ-ը շարունակում է բացահայտել Հայաստանն իր ամբողջ շքեղությամբ ու գեղեցկությամբ: Այս անգամ հերթն Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայրինն է:

Ծովի մակերևույթից 1250-1350 մ բարձրության վրա գտնվող Լոռվա գեղեցկուհիներից Դսեղն իր հրաշագեղ բնությամբ` անտառներով, ժառերով, լեռներով ու լճերով լեցուն է թումանյանական վեհությամբ ու ասելիքով:

Այստեղ ամեն մի ժայռ ու ապառաժ բացառիկ գեղեցկություն ունի: Բնության այս հրաշագործ թանգարանում կարելի է կտրվել քաղաքային ու քաղքենի միջավայրից` վայելելով հայ մեծանուն բանաստեղծի տրամադրությունները, ոգին ու փիլիսոփայությունը:

Այս նրբագեղ բնությամբ բնակավայրի անվան երկու վարկած կա: Առաջին տարբերակի համաձայն՝ Դսեղ նշանակում է դուրս տեղ, այսինքն`բնակավայրերից զատված, առանձնացված տեղ: Երկրորդ տարբերակն էլ այսպիսին է` ըստ ավանդազրույցների` ձորի գյուղերից տարբերելու համար սարահարթի գյուղը կոչել են Դրսի գեղ կամ Դսեղ:

Գյուղի տարածքում կա չորս եկեղեցի։ Ամենամեծը Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը 13-րդ դարի կառույց է: Ասում են`  Մամիկոնյանների տոհմի կողմից  է կառուցվել: Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր եկեղեցին կիսաքանդ վիճակում կարելի է տեսնել գյուղի հյուսիսային նույնանուն ձորում:  

Գյուղի հին մեծ գերեզմանատանն են գտնվում 645 թվականին կառուցված համեմատաբար փոքր միանավ եկեղեցու ավերակները։

Իսկ Քառասնից Մանկանց եկեղեցին գտնվում է Դեբեդի ձորում՝ գյուղի արևմտյան կողմում: Այն  կրկին  կիսաքանդ է:

Գյուղի կենտրոնում՝ Թումանյանի տուն-թանգարանի հարևանությամբ, գտնվում է գործող եկեղեցին։ Սկզբնական շինությունից մնացած մասերը վերագրվում են VII դարին։ Եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է վերանորոգման, իսկ 20-րդ դարի սկզբին` վերակառուցման:

Ըստ 2004թ-ի մարդահամարի տվյալների՝ գյուղում բնակվում է 2149 դսեղցի, ովքեր հիմնականում զբաղվում են հացահատիկի, կարտոֆիլի, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, ձու, բուրդ և մեղր։

Դսեղի բակերում ու փողոցներում կարելի է գտնել հեքիաթային խաղաղություն: Այստեղ մարդիկ բարի են, հյուրասեր, հյուրընկալ ու ընդգծված լոռեցու  պարզությամբ:

 

Լուսանկարները ֆիքսել է ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսախցիկը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ