Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Թումանյանը գրկեց Կոմիտասին ու ասաց՝ հիմա վստահ եմ, հայ ժողովուրդը և նրա երգը կապրի դարեդար

am
toumanyane-grkec-komitasin-ou-asac-hima-vstah-em--hay-joxovourde-e-nra-erge-kapri-daredar

1905 թվականին՝ մի գարնան առավոտ, ես և Խոսրով Փախչանյանը գնացինք Կոմիտասի մոտ: Աստիճաններով բարձրացանք վեր, բաց դեռ չմոտեցանք դռանը. մեր ականջին հասավ Կոմիտասի երգի ձայնը, երգում էր «Սեգ Սիփանա սարի վրա» երգը:
- Ինչպես երևում է,- դիմեց ինձ Խոսրովը,- նորից է մշակում երգը:

Զգուշությամբ բանալով դուռը՝ ներս մտանք սենյակ և կանգ առանք շեմքի մոտ: Սենյակը մեծ չէր, բայց կահավորված էր ճաշակով: Դիմացի պատին փակցված էր հին տարազ հագած երիտասարդ մի կնոջ նկար. դա նրա մոր լուսանկարն էր: Գրասեղանի վրա շարված էին Հ. Թումանյանի, Րաֆֆու, Հ. Հովհաննիսյանի, Եկմալյանի և Աբեղյանի նկարները, իսկ պատերին կարելի էր տեսնել աշխարհահռչակ կոմպոզիտորների, երաժշտագետների լուսանկարները: Մահճակալի վերևից պատից կախված էր «Արարատյան դաշտի գարունը» յուղաներկ սքանչելի նկարը:

Կոմիտասը վերամշակում էր «Սեգ Սիփանա սարի վրա» երգի ալտը, որը արդեն սովորել էինք: Հետո, ինչպես երևում է, մի փոքրիկ աններդաշնակություն նկատելով, վերափոխում էր երգը: Դա նորություն չէր, հաճախ էր պատահում. «Եղանակը, ելևէջները և բովանդակությունը պետք է միաձուլված լինեն,- ասում էր նա,- պետք է խիստ կերպով գրավի լսողին, հիացմունք պատճառի, այլապես երգը արժեք չի ունենա»:

Երբ երգն ավարտեց, ուզեց վեր կենալ դաշնամուրի մոտից, նկատեց մեզ և ուրախացած մոտ հրավիրեց... Հետո նստեց դաշնամուրի առաջ և ասաց.
- Դե, այժմ լսեք ուշադիր:

Եվ նվագեց «բարձր սարերը» ու միաժամանակ երգեց:
Երգը մեզ համար միանգամայն նոր էր ու անծանոթ: Այնուհետև նվագեց ու երգեց «Ասում են՝ ուռին աղջիկ էր ինձ պես»: Դեռ չէր վերջացրել, երբ դուռը բացվեց, ու ներս մտան Հ. Թումանյանը, Հ. Հովհաննիսյանը, Մ. Աբեղյանը և Գ. Լևոնյանը: Թումանյանը դարձավ դեպի Կոմիտասը:

- Մենք վաղուց ենք կանգնած պատուհանիդ տակ և լսում քո երգը իմ «Անուշից». որքան լավ ես հարմարեցրել եղանակները, Կոմիտաս, ես հիացած եմ:
-Ինձ մի բան է պակասում,- ասաց Կոմիտասը,- դա այն է, որ շատ հեռու եմ գտնվում Լոռիից: Կուզեի անձամբ գալ, ուսումնասիրել քո Դևբեդը, Չաթին դաղը, էն ձորերը, աղբյուրները, ձեր ժողովրդի սովորությունները, որից հետո քո ամբողջ «Անուշը» վեր ածել օպերայի:
- Ես էլ կգամ,- ասաց Հ. Հովհաննիսյանը,-  ես էլ եմ փափագում տեսնել Դևբեդի հովիտը և իմ հույզերը արտահայտել:

Մ. Աբեղյանը մեջ ընկավ.
- Ի՞նչ, դուք ուզում եք Չաթին դաղի ստորոտում քե՞ֆ անել, ես էլ կգամ:
- Գիտե՞ս, որ Կոմիտասը «Անուշից» բացի աշխատում է նաև օպերայի վերածել «Սասմա ծռերը», «Սասունցի Դավիթը»,- ճանապարհին ինձ հայտնեց Խոսրովը:

1905թ. մայիս ամսին Կոմիտասին հաջողվեց իր 86 հոգուց բաղկացած խումբը տանել Թիֆլիս՝ համերգ տալու: Դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ դրսում դեռ շարունակվում էր բազմաթիվ մարդկանց աղմուկը, որոնց բախտ չէր վիճակվել տոմս ձեռք բերել: Իմ ուշադրությունը գրավեցին առաջին շարքում նստած Հ. Թումանյանը, Վրթ. Փափազյանը, Ազատ Մանուկյանը և Ներսիսյան, Գայանյան դպրոցի ուսուցիչներ:

Կոմիտասը կանգնեց կանաչ մահուդով ծածկված փոքրիկ պատվանդանի վրա: Վարագույրը դեռ լրիվ չէր բարձրացել, որ նա տվեց երգելու ազդանշանը՝ «Գարուն ա, ձուն ա արել»... Երգն ավարտվելուն պես թնդաց դահլիճը ծափահարությունից: Կոմիտասը մի քանի անգամ գլուխ տվեց, հայտնեց իր շնորհակալությունը, սակայն ծափահարությունը չէր դադարում: Բուռն ծափահարությունների տակ նա երգեց մի քանի սոլոներ, նաև եկեղեցական երգերից: Վերջապես սկսեց երգել «Անտունին»: Դահլիճում մի զարմանալի լռություն տիրեց: Երբ նա դադարեց երգը, նորից պայթեցին ծափահարությունները: Հասարակությունը խնդրում էր կրկնել երգը: Այս անգամ Կոմիտասը վերցրեց սրինգը. նա նվագում էր հովիվ Հասոյի «Ոչխարի կանչը»: Նորից դահլիճը կարծես խոր քուն մտավ: Երբ Կոմիտասն ավարտեց, դեռ որոշ ժամանակ մարդիկ չէին կարոանում սթափվել այդ կախարդական հնչյունների ազդեցությունից: Հանկարծ թնդաց ծափերի ձայնը: Համերգը փակվեց «Լոռվա հորովելով»:

300-ից ավելի ծաղկեփնջերով հանդիսականները շրջապատեցին Կոմիտասին: Բեմ բարձրացան ուսուցիչները, Վ. Փափազյանը, Ա. Մանուկյանը, միայն վերջում՝ Հ. Թումանյանը, գրկեց Կոմիտասին և հուզված ասաց:
- Անզուգական էր, հիանալի, հիմա եմ զգում, որ մեր հայ ժողովուրդը և նրա երգը կապրի դարեդար ու չի կորչի:

Վարշամ Փարսադանյան
«Կոմիտասը ժամանակակիցների հուշերում և վկայություններում»

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ