Թուրք-ադրբեջանական համերաշխություն՝ ընդդեմ մարդու իրավունքների

tourq-adrbejanakan-hamerasxoutyoun-enddem-mardou-iravounqneri

Ավելի վաղ գրել էինք, որ Թուրքիայի պահանջով Ադրբեջանի իշխանությունները պայքար են սկսել Էրդողանի թիվ մեկ քաղաքական հակառակորդ Ֆեթհուլահ Գյուլենի համակիրների դեմ: Բաքվում Թուրքիայի մի քանի քաղաքացի է ձերբակալվել եւ արտահանձնվել: Եւ ահա տեղեկություն է ստացվել թուրքական կողմից Ադրբեջանին հաճոյանալու կամ վերաբերմունքը փոխադարձելու մասին: Օրերս Թուրքիայում ձերբակալվել եւ ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությանն է հանձնվել Մուսուլմանակամ միասնություն շարժման ակտիվիստ Անար Ջաբարովը:

Թուրքիայի իրավապահ մարմինները Ջաբարովին ձերբակալել են փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով եւ երեք օր պահել ոստիկանության բաժանմունքում՝ պատճառաբանելով, որ ստուգում են փաստաթղթերի օրինականությունը, որից հետո ազատ կարձակեն: Ընդ որում, Ջաբարովը զրկված է եղել փաստաբանի հետ հանդիպելու եւ իրավական օգնություն ստանալու հնարավորությունից: Այնուհետեւ, ոստիկանության բաժանմունքից նրան անմիջապես տեղափոխել են Թուրքիայում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսություն, որտեղ կարճ խոսակցություն է կայացել դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների եւ թուրք ոստիկանների միջեւ, որից հետո Ջաբարովին վերստին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք:

Երբ հաջորդ օրը փաստաբանը տեսակցություն է խնդրել իր պաշտպանյալի հետ, պարզվել է, որ վերջինս կրկին տեղափոխվել է Ադրբեջանի գլխավոր հյուպատոսություն, որտեղ նրան ձերբակալել են եւ փոխադրել Բաքու՝ հանձնելով ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներին: Ջաբարովը մեղադրվում է 2015թ. Բաքվի Նարդարան ավանում իսլամականների կազմակերպած բողոքի ցույցերին մասնակցելու մեջ: Այդ գործով իրականացվել են տասնյակ ձերբակալություններ, տեղի է ունեցել դատավարություն, կայացվել են երկարաժամկետ ազատազրկման վճիռներ: Ներկայումս Նարդարանի գործով պատիժ է կրում 46 անձ, այդ թվում՝ Մուսուլմանական միասնություն շարժման առաջնորդ, աստվածաբան Թալե Բաղիրզադեն: Վերջերս Իլհամ Ալիեւի կողմից ընդունված համաներման ակտը Նարդարանի գործով դատապարտվածներից եւ ոչ մեկի նկատմամբ չի կիրառվել: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Նարդարանի գործով դատապարտվածներին համարում են խղճի կալանավոր:

Հարկ է պարզաբանել, որ Նարդարանը Բաքվի վարչական տարածքում ավան է, որի բնակչությունը տասնամյակներ ի վեր չի ճանաչում աշխարհիկ իշխանությունը եւ ներքին հարցերը կարգավորոում է շարիաթի օրենքներով: Իրավիճակը շտկելու իշխանության բոլոր փորձերը հանդիպում են դիմադրության: Վերջին բախումներն արձանագրվել են 2015թ. նոյեմբերին, երբ ոստիկանության հատուկ նշանակության ուժերը կիրառել են զրահատեխնիկա եւ կրակ բացել ավանի բնակիչների վրա, ինչի հետեւանքով եղել են մարդկային զոհեր:

Այդ ռազմագործողության ընթացքում էլ հարյուրավոր նարդարանցիներ բերման էին ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ եւ ենթարկվել խոշտանգումների: Ամիսներ շարունակ ավանը գտնվում էր պաշարման մեջ: Այդուհանդերձ, իշխանություններին չի հաջողվել փոխել իրավիճակը: Նարդարանն այսօր էլ հիշեցնում է կրոնապետություն, որտեղ նույնիսկ աղջիկներին արգելված է տղաների հետ հաճախել նույն դպրոցը: Մուսուլմանական միասնություն շարժումը ներկայումս գլխավորում է ազատազրկված Թալե Բաղիրզադեի կինը, որը պարբերաբար դիմում է միջազգային ատյաններին՝ հայտնելով բանտում ամուսնու նկատմամբ գործադրվող բռնությունների եւ նվաստացումների մասին: Մինչեւ վերջին ժամանակներս շարժման մասնակիցների համար քաղաքական ապաստան էր հանդիսանում Թուրքիան, որտեղ իսլամականությունը գրեթե պետական քաղաքականություն է: Բայց Անար Ջաբարովի ձերբակալությունը եւ արտահանձնումն Ադրբեջանին, կարծես, վկայում են, որ թուրքական կողմն ընդառաջել է Իլհամ Ալիեւի միջնորդությանը, եւ Թուրքիայի տարածքն այլեւս ադրբեջանական ընդդիմության, այդ թվում՝ իսլամականների համար անվտանգ չէ:

Թուրքիան եւ Ադրբեջանն, այսպիսով, համատեղում են մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությունը՝ փոխադարձաբար ապաստան չտրամադրելով իշխանության ընդդիմախոսներին: Դժվար է ասել, թե Անար Ջաբարովի ձերբակալությունը եւ նրա դեմ նախատեսվող դատավարությունն ի՞նչ լույս կսփռեն Ադրբեջանում իսլամի քաղաքականցման ակունքների, ներկա իրավիճակի եւ, մանավանդ, հեռանկարի վրա: Ակնհայտ է, որ Նարդարանի գործը սառեցված է միայն հանգամանքների բերումով:

Այն ունի նաեւ արտաքին քաղաքական ենթատեքստ. համարվում է, որ Նարդարանում գործում է իրանական կրոնապետության նմանօրինակը, եւ ավանը փաստացի կառավարվում է Իրանից: Այս իմաստով հետաքրքրական է, թե ի՞նչ զարգացումներ կարող են դրսեւորվել Բաքվի մերձակա ավաններում, եթե իրանա-ադրբեջանական հարաբերությունները գնալով սրվեն: Իսկ այդպիսի նախանշաններ կան: Իրանի դեմ ԱՄՆ գործողություններին միանալու հավանականությունը քննարկվում է Ադրբեջանի քաղաքական վերնախավում: Դա կարող է հանգեցնել կրոնական ապստամբության, երբ Ադրբեջանի շիա մահմեդականությունը հանդես կգա ի պաշտպանություն Իրանի

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ