Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Թուրք-ամերիկյան անհաշտ հարաբերություններ ու անպտուղ բանակցություններ

tourq-amerikyan-anhast-haraberoutyounner-ou-anptoux-banakcoutyounner


Թուրքիայի և Միացյալ նահանգների տարաձայնություններն ընթանում են ոչ թե հարթեցման, այլ բարդացման ճանապարհով: Վաշինգտոնին ակնհայտորեն չեն բավարարում Անկարայի գործողությունները ռեգիոնալ քաղաքականության առանձին դրվագներում՝ մասնավորապես ռուսական և քրդական: Ի՞նչ է անում Անկարան. սերտացնում է հարաբերություններն ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հակառակորդ Ռուսաստանի հետ և կոշտացնում գործողությունները ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակից Սիրիայի քրդերի դեմ: 
Երկու կարևոր հանգույց, որտեղ թուրքական իշխանությունները բացահայտ մտել են հակաամերիկյան դիրքավորման մեջ: Ստացվում է այնպես, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում իրար հետ դաշնակցող ԱՄՆ-ն ու Թուրքիան վերոհիշյալ երկու դրվագներում հայտնվել են քաղաքական հակառակ խրամատներում: Առայժմ՝ քաղաքական: Առկա տեմպերով դեպքերի ներկա ընթացքը մատնանշում է այն հավանականություն, որ Սիրիայի քրդերին՝ այսինքն ԱՄՆ-ի դաշնակիցներին հարվածել ցանկացող Թուրքիան կարող է արժանանալ ԱՄՆ-ի ուժային հարվածին: 
Տարածաշրջանում լարվածության նոր ալիքը հասունանում է թուրք-ամերիկյան անհաշտ հարաբերություններից ու անպտուղ բանակցություններից: Հակասությունն էլ ավելի է սրվում Թուրքիայի ձեռամբ, քանի որ թուրքերը պատրաստվում են ռազմատեխնիկական նոր գործարքի գնալ ռուսների հետ: 
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունն արդեն ուսումնասիրում է ամերիկյան F-35-երին այլընտրանք հանդիսացող ռուսական СУ-35 կործանիչների ձեռքբերման առաջարկը: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները հավանաբար առաջիկայում կսկսեն պաշտոնական շփումները Су-35-ի հնարավոր գնման շուրջ: S-400-ների առուվաճառքը չհանդուրժած և պատժամիջոցներով արձագանքած Վաշինգտոնը, բնականաբար, նույն կերպ, եթե ոչ ավելի կոշտ, կարձագանքի СУ-35-երի այս նոր գործարքին: Դրան զուգահեռ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարում է, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող խոչընդոտել Անկարայի ծրագրած ռազմական օպերացիային Եփրատի արևելքում և վերջնագրային շեշտադրումներով պայման դնում. կամ միասին ենք մաքրելու Եփրատի արևելքը ահաբեկիչներից (նկատի ունենալով քրդերին), կամ դա կանի Թուրքիան:
Նկատենք, որ Անկարան ու Վաշինգտոնը առ այսօր այդպես էլ համաձայնության չեն կարողանում գալ ոչ Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման, ոչ ռուսական S-400-ների ու ամերիկյան F-35-երի, ոչ էլ Սիրիայի քրդական ուժերի հետ հարաբերվելու հարցերի շուրջ: Սա այլ բան չի կոչվի, քան դիվանագիտական ճգնաժամ: Դրա հետևանքով ԱՄՆ-ն անզոր եղավ տապալել ռուս-թուրքական ռազմատեխնիկական գործարքը, Թուրքիան դուրս մղվեց F-35-երի համատեղ արտադրության ծրագրից: Իսկ ԱՄՆ-ի դաշնակից քրդերի դեմ թուրքերի ռազմական նոր օպերացիայի նախապատրաստումը վերոհիշյալ դիվանագիտական ճգնաժամը ուժային բախման վերածելու վտանգ է որոճում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ